copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:45 14-03-2023

Քովիդի դեմ բուժում ստացող մարդիկ հրավիրվում են հարցաքննության. փաստաբան

«Ես չեմ կարող ասել, թե այդ ամենում որքանով է ներգրավված եղել Թորոսյանը, դրա համար հատուկ գործիքակազմ, հիմքեր և ապացույցներ են անհրաժեշտ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ խոսելով Արսեն Թորոսյան ներգրավածությունից Covid-ի գործին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։

«Բայց այն, որ Թորոսյանը գործը համարում է անհիմն, դա առնվազն տարակուսելի է, որովհետև Հակակոռուպցիոն մարմինները ստեղծվել են իրենց քաղաքական թիմի կողմից և մինիմում անտրամաբանական են այդ փոփոխությունները, բարեփոխում անվան տակ ներկայացվող կառույցների աշխատանքը կասկածի տակ դնելը առնվազն անտրամաբանական է»,- ասաց փաստաբանը։

Խոսելով Արսեն Թորոսյանի օրեր առաջ ֆեյսբուքում արած հայտարարությունից և այն պարզաբանումից, որ իրենց մեղադրում են իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնելում մեջ, Կարապետյանցն ասաց. «Իրականում ցավակցում եմ Թորոսյանին, եթե իրենց թիմի անդամները վախենում են որոշումներ կայացնել, ուրեմն որևէ մեկը իր տեղում չէ, որովհետև լինել իշխանության ղեկին, նշանակում է քաղաքական պատասխանատվություն կրել, նաև դժվար որոշումներ կայացնել և հետևողական լինել, բայց նախքան այդ որոշումները կայացնելը, աշխատացնել նաև ուղեղը, ոչ թե սպոնտան ինչ-որ գործողություններ իրականացնել։ Ես ցավում եմ, որ իրենց թիմի մի զգալի հատվածը վախերով է ապրում։ Վախերով են ապրում, թող գնան մոմ թափողի մոտ, ինչ ասեմ՝ վախերով ապրող պաշտոնյան չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին»,- ասաց փաստաբանը։

Հարցրինք փաստաբանից, թե հնարավո՞ր է մատնանշված գործում որևիցե առնչություն ունենա այն օրերին պարետի պաշտոնում նշանակված Տիգրան Ավինյանը, փաստաբանն արձագանքեց. «Պետք է նայել ուղղակի՝ որ լիազորություններն են վերաբերելի եղել պարոն Ավինյանին, որտեղ պետք է ինքը վերահսկողություն իրականացներ, իրականացրել է, թե ոչ, բայց անկեղծ ասած՝ ես չեմ սպասում, որ այս իշխանության օրոք որևէ լուրջ գործ մինչև վերջ կտանեն։ Ես կնախընտրեի՝ առհասարակ որևէ գործ չսկսեին, որովհետև ցանկացած գործ գործող իշխանությունները տանում են տապալման, հավերժ փակվելու, ինչպես որ օրինակ՝ Մարտի 1-ի գործը»։

Առողջապահության նախարարությունից օրեր առաջ Oragir.News-ին հայտնել էին, որ ներկայիս նախարար, նախկին փոխնախարար Անահիտ Ավանեսյանը չի հրավիրվել հարցաքննության, հարցին, թե ինչ է կարծում՝ տեղին չէ՞ր լինի նրա ներգրավվումը գործում, Կարապետյանցն ասաց. «Նորից կդժվարանամ պատասխանել, որովհետև նորմալ երկրներում կա ֆունկցիաների բաժանում, շատ հնարավոր է, որ մեկը ներգրավված լինի, մյուսը՝ ոչ, դա որպես այդպիսին չի կարելի բացառել, բայց նաև քննություն է անհրաժեշտ բոլոր ուղղություններում։ Համենայն դեպս քովիդի ինչ-որ մի էտապում էլ Ավանեսյանն է նախարար եղել, ենթադրում եմ, որ գուցե ինչ-որ տեղեկություններ ունենա և ճիշտ կլիներ, որ բոլոր մարդիկ, ովքեր որևէ կերպ կարող էին առնչություն ունենալ կամ տեղեկատվություն ունենալ, իհարկե, պետք է հարցաքննվեին։ Բայց որքանով որ ես եմ տեղյակ, անգամ բուժում ստացած անձանց են հրավիրում ճշտելու համար, արդյոք ինքը բուժում ստացել է, թե ոչ։ Այսինքն՝ այնքան մարդու, ովքեր եղել են հիվանդանոցներում, ենթադրում եմ, որ պետք է հրավիրեն, առնվազն մարդիկ, ում ես եմ ճանաչում եմ, հրավիրվում են Հակակոռուպցիոն կոմիտե, ամեն դեպքում ինչ-որ գործողություն արվում է, թե ինչ արդյունք կունենա, կդժվարանամ ասել»,- ասաց փաստաբանը։

Ամենից շատ դիտված