«Հաշվեքննիչ պալատի հասցեին Արսեն Թորոսյանի հայտարարությունները, ըստ իս, մերկապարանոց են»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախկին անդամ Աբրամ Բախչագուլյանը ՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե պալատի կողմից հաշվեքննությունն իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցող անձանց կողմից։
«Գուցե պրն․ Թորոսյանը ստանդարտներից տեղյակ չէ, բայց Հաշվեքննիչ պալատն իր աշխատանքները կազմակերպում է հաշվեքննիչ քննությանը վերաբերող համապատասխան ստանդարտների հիման վրա։ Կա երեք տիպի հաշվետվություն՝ ֆինանսական, համապատասանության և կատարողականի։ Կատարողականի ստանդարտներին համահունչ իրականացվել է հաշվեքննությունը։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, ապա Հաշվեքննիչ պալատում միշտ աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ունեն համապատասխան գիտելիք, հմտություն, աշխատանքային փորձ և վերլուծական ունակություններ, որոնք ստուգվում են Հաշվեքննիչ պալատ աշխատանքի ընդունվելիս»,- ասաց նա։
Ըստ Բախչագուլյանի՝ Թորոսյանի կողմից արված հայտարարություններում որևէ հիմք կամ փաստ առկա չէ, որը կապացուցի պալատի մասնագետների ոչ պրոֆեսիոնալությունը։
«Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա հաշվետվության ժամանակ գոյություն ունեն որոշակի ընթացակարգեր։ Դա վերլուծական ընթացակարգն է, դա արտաքին հարցման ընթացակարգն է։ Տեղեկությունը հավաքագրվում, վերլուծվում, ամփոփվում է, որի հիման վրա էլ կատարվում է եզրահանգում։ Դրանք առկա են Հաշվեքննիչ պալատի հաշվեքննող խմբի փաստաթղթավորված փաթեթներում։ Հաշվեքննությունն, ընդհանրապես, ֆինանսների շտեմարան չէ, այլ փաստաթղթավորված և գործողությունները նկարագրող ու վերլուծող գործընթացի ամբողջություն է»,- ասաց նա։
Անդրադառնալով Թորոսյանի հայտարարությանը, թե պալատը եզրահանգումներ է արել ոչ լիարժեք տեղեկությունների հիմքով, և իրեն դիմելու դեպքում կարող են ստանալ ամբողջական ինֆորմացիան, Բախչագուլյանը պատասխանեց, որ իրենք հարցումներ ուղարկում են պետական ինստիտուտներին և ո՛չ անհատների հետ։
«Իմ կարծիքով՝ ՀՀ-ն իրավական պետություն է և ունի որոշակի ինստիտուտներ։ «Արսեն Թորոսյան» ինստիտուտ ես չեմ ճանաչում։ Կա Առողջապահության նախարարություն։ Եվ եթե կա տեղեկություն, որը գոյություն չունի պետական ինստիտուտի մոտ, ապա դա արդեն մտահոգվելու տեղիք է տալիս։ Տեղեկությունը հավաքագրվում է տարբեր աղբյուրներից։ Դա արտաքին հաստատման աղբյուրն է, դա համապատասխան մոդուլների ու շտեմարանների հիման վրա ձևավորվող տեղեկությունն է, որը մենք ստացել ենք և՛ նախարարությունից, և՛ գործունեություն իրականացնող ԲԿ-ներից և՛ այլ աղբյուրներից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թորոսյանի հայտարարությանը, թե Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքներն ստացվել են այդ ժամանակ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանի և Լևոն Յոլյանի քաղաքական հայտնի անցյալի համապատասխան, Բախչագուլյանը հայտարարեց, որ իր պատասխանը դրանից չի փոխվելու։
«Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի, միջազգային ստանդարտների և Հաշվեքննիչ պալատի կողմից ընդունված մեթոդաբանության հիման վրա։ Այսինքն, պալատի գործողությունները ճաշակի, նախասիրությունների արժեքներ չեն ճանաչում։ Այստեղ կողմնակալություն լինել չի կարղ, որովետև ամեն ինչ իրականացվում է փաստերի հիման վրա։ Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հնչեցրած սուբյեկտիվիզմի ֆակտորին, ապա պետք է նշեմ, որ հաշվեքննությունն իրականացվում է որոշակի փուլերով, եղանակներով և խմբի կողմից։ Պալատն է որոշում այն խումբը, որն իրականացելու է հաշվեքննությունը։ Այդ խումբը ձևավորվում և պալատի վավերացմանն է ներկայացնում հաշվեքննության պլան, որտեղ գրված է, թե ինչ խնդիրներ են փորձելու վերհանել։ Այդ աշխատանքների կատարման համար ինչ տեղեկություն է անհրաժեշտ, ովքեր են այդ տեղեկության տրամադրման օբյեկտները, ովքեր են այն խմբի անդամները, որ հավաքագրելու և վերլուծելու են այդ հետաքննությունը և ներկայացնում են, թե այդ աշխատանքը որքան ժամանակում է կատարվելու։ Հաշվեքննիչ պալատի անդամն այդ պլանի հիման վրա ղեկավարում է հաշվեքննությունը։ այնուհետև հաշվետվության արձանագրությունն ուղարկում է հաշվեքննվող օբյեկտին։ Օբյեկտը, տվյալ արձանագրության հիման վրա իր դիտողություններն ու դատողությունները, համաձայնություններն ու անհամաձայնությունները ներկայացնում է հաշվեքննող խմբին։ Հաշվեքննող խումբը պատասխանում է այդ դատողություններին։ Դա գնահատվում է հաշվեքննող խմբի համակարգումն իրականացնող պալատի անդամի կողմից, որը հաշվեքննության վերաբերյալ ընթացիկեզրակացության նախագիծը ներկայացնում է պալատին։ Պալատում քննարկվում և հաստատվում է նախագիծը և այդ նախագիծը առնում է որոշում։ Այստեղ որևէ ձևով սուբյեկտիվիզմ գտնել հնարավոր չէ։ Այդպիսի տեսակետները, կարծում եմ, որ օբյեկտիվ չեն, որովհետև որոշումը պալատինն է, ոչ թե որևէ անձինը»,- մանրամասնեց նա։