ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը մարտի 13-ին ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տարածաշրջանային համագործակցության տնտեսագետ Ալթինայ Արապովայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Կողմերը քննարկել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների շրջանակը, կրթական ենթակառուցվածքների զարգացման, կրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների, այդ թվում՝ կրթության թվայնացման և ոլորտին առնչվող այլ հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի դերը՝ ի դեմս հայաստանյան գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում.
«ԱԶԲ-ն մեզ համար շատ լուրջ գործընկեր է, որի հետ արդյունավետ համագործակցություն ունենք: Այժմ գտնվում ենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում: Զարգացման գործընկերների հետ կքննարկենք «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը, իսկ գործողությունների ծրագրի ընդունումից հետո շատ ավելի կոնկրետ քննարկումներ կունենանք՝ համագործակցության հեռանկարները հասկանալու համար»:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը, որի մշակման և ներդրման անհրաժեշտությունն առաջացել էր 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի հետևանքով․այժմ այն ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից դպրոցաշինության ոլորտում սահմանված բավականին հավակնոտ թիրախներին, մասնավորապես՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ուղղությամբ, և այս համատեքստում կարևորել ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը», որը, նախարարի տեղակալի գնահատմամբ, անվիճելի աջակցություն է այդ թիրախների իրականացմանը:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը, որը կարող է ներառել նաև մարդկային ռեսուրսների զարգացումը: Նշվել է, որ ԱԶԲ-ի առաջիկա ծրագրում կարող են ներառվել կրթության ոլորտին ուղղված աջակցության ծրագրեր՝ Կրթության զարգացման պետական ծրագրում նախանշված նպատակներին հասնելու համար:
ԱԶԲ ներկայացուցիչները նախնական փուլում իրենց աջակցությունն են առաջարկել, մասնավորապես՝ մասնավոր սեկտորի ուսումնասիրության, խորհրդատվության և սեմինարների կազմակերպման առումով: Կարևորվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: