Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:01 11-03-2023

«Քովիդի գործով» ավելի քան 2000-էջանոց նյութ է ներկայացված դատարան․ Գևորգ Սիմոնյանն այս գործով նախկինում չի հարցաքննվել

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն այս գործով նախկինում երբևէ չի հարցաքննվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը։

«Զարմանալին հենց դա է։ Ո՞րն է նպատակը չհարցաքննելու, եթե ինչ-որ հանգամանքներ եք պարզել, որ ձեզ հետաքրքիր է, ինչո՞ւ չեք կանչում մարդուն հարցաքննում, բացատրություն պահանջում, որ նա փորձի լույս սփռել գործի հանգամանքների վրա։ Սիմոնյանը երբևէ հարցաքննության չի կանչվել, հարցաքննվել է միայն երեկ՝ մեղադրանքը ներկայացնելուց հետո։ Սա անտամաբանական գործելաոճ է, եթե ունեք տվյալներ, որ նման խնդիր կա, և անձին չեք հրավիրում հարցաքննության, դրա նպատակը ո՞րն է, այսինքն՝ նպատակ չունե՞ք լսելու, թե անձն ինչ կասի»։

Խաչատրյանն ասաց, որ գործն առհասարակ շատ ծավալուն է։

«Դատարան է ներկայացված նյութերը դեռ ամբողջությամբ չենք հասցրել հաշվել, բայց առնվազն 2000 էջ կլինի։ Հարցն այն է, որ մենք փորձում ենք հասկանալ, թե կալանավորման միջնորդության կից ինչ փաստաթղթեր կան ներկայացված։ Մենք այդ ծավալում փորձում ենք գտնել, թե հատկապես որ հատվածն է վերաբերում պարոն Սիմոնյանին, հիմա փորձում ենք դա պարզել։ Ըստ մեզ՝ որևէ փաստաթուղթ չկա, որ հիմնավորի, որ Սիմոնյանը կատարել է կամ առնչություն ունի կատարված իրադարձություններին»։

Հարցին, թե ինչ գործողությամբ է դրսևորվել չարաշահումը, որում մեղադրում են Սիմոնյանին, Խաչատրյանն ասաց, որ այդ հարցն իրենք էլ են հնչեցնում ու դեռ հնչեցնելու են։

«Մեզ էլ է պետք իմանալ, մենք գոնե պետք է հասկանանք, թե ինչի դեմ պաշտպանվենք, ինչից պաշտպանվենք։ Տեսեք, օրինակ, սպանության դեպքում՝ ակնհայտ է, ասում է հարվածեց, կրակեց սպանեց։ Այս դեպքում, թե մարդը կոնկրետ ինչ է արել, պարզ չէ։ Ասում են՝ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել։ Բայց ինչպես են դա պատկերացնում»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը Սիմոնյանի կալանավորման միջնորդության քննությունը նշանակել էր առավոտյան 9։30-ին, սակայն քանի որ մեծ ծավալի նյութեր էին ներկայացված դատարան, որոնք պաշտպանվող կողմին հասու չի եղել, միջնորդություն է ներկայացվել դատական նիստը հետաձգելու, որպեսզի կողմին հնարավորություն ընձեռվի այդ նյութերին ծանոթանալու։ Դատական նիստը հետաձգվել է մինչև երեկոյան ժամը 7-ը։

Նա ընդգծեց, որ մեղադրանքը շատ թույլ է, իր համար նույնիսկ որևէ կերպ չփաստարկված, որովհետև որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որը կհիմնավորի, գոնե հիմնավոր նվազագույն շեմը կհաղթահարի այն մասով, թե Գևորգ Սիմոնյանը կատարել է իրեն մեղասագրվող արարքը։

«Վարույթն իրականացնող մարմինը բավարար տվյալներ և փաստական հանգամանքներ չունի որպեսզի ձերբակալի կամ կալանավորի մեր պաշտպանյալին»։

Նշենք, որ Սիմոնյանը ձերբակալվել է երեկ ժամը 14։34-ին։ Չնայած դրան՝ քաղաքապետարանի Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը մինչև երեկոյանը ժամը 18։00-ը շարունակում էր պնդել, որ Սիմոնյանը ձերբակալված չէ։ Զարմանալի է, թե ինչպես կարող է մամուլը ավելի շուտ տեղեկանալ ձերբակալման մասին, քան քաղաքապետի խոսնակն ու վստահ հերքի փաստը։ Սա առնվազն ծիծաղելի էր, կարելի էր լռել կամ չմեկնաբանել, հատկապես, երբ տեղյակ էր, որ խուզարկություն եղել է, իսկ ձերբակալումն էլ ենթադրում է նախապես կայացված որոշում՝ դրանից բխող ընթացակարգով։

Քաղաքապետարանից ստացվող մեկնաբանությունները թերևս վկայում են այն մասին, որ ձերբակալումը անակնկալ է եղել նաև Տիգրան Ավինյանի համար, ով կորոնավիրուսի տարածման օրերին պերետ էր նշանակված։