Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:52 09-03-2023

Արդարադատության նախարարությունն իրականացնում է դատավորների որս․ Սիրանուշ Սահակյան

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ դատական իշխանության հետ կապված խնդիրը մտահոգիչ է, քանի որ որպես առիթ օգտագործում են համատարած խնդիր, որը կախված է յուրաքանչյուր դատավորի գլխին։

«Այստեղ մենք ոչ թե գործ ունենք տիկին Նախշքարյանի կամ մեկ այլ անձի շահերի պաշտպանության հետ, այլ ողջ դատական համակարգի։ Դատավորներին պատժելու առիթ են ընտրում գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված երևույթները, որոնք համատարած են, դատական համակարգում չկա մի դատավոր, որը չի առերեսվում այս խնդրին։ Այդ սուրը կախելով՝ իրական սպառնալիքներ են ներկայացնում ողջ դատական համակարգին և այն մեխանիզմը, որը գործարկվում է, պատրաստ է ամեն պահի խժռել ողջ դատական համակարգը»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով, բարեփոխումներ կատարվեցին, ստեղծվեց ԲԴԽ-ն, որը պետք է կանգներ դատավորների կողքին, երաշխավորեր դատական համակարգի անկախությունը, օբյեկտիվացներ կարգապահական քաղաքականությունը։ Սակայն մենք տեսանք, որ ԲԴԽ-ում անընդհատ տեղի ունեցան կադրային փոփոխություններ, որոնք որևէ կերպ չհանգեցրեցին ԲԴԽ-ի կազմի բարելավմանը։ Եթե գիտնական անդամների դերում նախկինում ունեինք անձինք, ովքեր որոշակի ճանաչում ունեին և պառլամենտական ընդդիմության հետ կոնսենսուսով էին ընտրվել, դրանք փոխարինվեցին մեկ քաղաքական ուժի կողմից ընտրվող թեկնածուներով, ավելին՝ իրավաբան գիտնականների փոխարեն տեսանք կուսակցական անդամներ։

Այս փոխարինեումները տեղի ունեցան հրաժարականների հետևանքով, ոչ թե ժամկետի լրանալու հիմքով։ Եղան հարկադիր հրաժարականներ, որոնց անմիջապես փոխարինեցին նոր նշանակումներ»,- նշեց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ նոր նշանակումների ժամանակ անգամ չպահպանվեց քաղաքական մշակույթը. բոլոր թեկնածուները պետք է քննարկվեին ընդդիմության հետ, թեկնածուները ունակ լինեին ստանալ գոնե 1 ձայն ընդդիմությունից, որպեսզի համարվեին պառլամենտում համաձայնեցված թեկնածու, կարողանային անկախ կերպով իրականացնեին իրենց գործառույթները ԲԴԽ-ում։

«Մենք ունեցանք միակուսակցական առաջադրումներ և միակուսակցական նշանակումներ, որտեղ ամբողջովին անտեսված է ընդդիմության դերը։

Որևէ թափանցիկ գործընթաց տեղի չունեցավ և մինչ օրս անբացատրելի են մնում ինչպես հրաժարականների պատճառները, այնպես էլ այս կամ այն թեկնածուի առաջադրման պատճառը, այս կամ այն թեկնածու հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդունքում, համարում ենք, որ ԲԴԽ գիտնական անդամները խոցելի են, քաղաքականապես են առաջադրվել, քաղաքականապես ընտրվել են և չեն կարող ապաքաղաքական որոշումներ կայացնել»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ սրան զուգահեռ մեկ այլ բացասական երևույթ էլ կա. ԲԴԽ-ում որոշումների կայացման շեմերն իջեցվեցին և եթե նախկինում անհրաժեշտ էր 6 ձայն, հիմա ընդամենը 5 անձով կարելի է որոշում կայացնել։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ արդարադատության նախարարությունը հարուցող օղակից վերափոխվել է հետապնդող օղակի և իրականացնում է դատավորների որս։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի