Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:43 07-03-2023

Հայի նկարագիրը` ըստ Դյումայի

1988 թ. Թիֆլիսում տպագրվեց ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյումայի (հայր) «Փարիզից Աստրախան» ուղեգրությունը` «Կովկաս» վերնագրով։ Այս գրքում բազմաթիվ հիշատակություններ կան հայերի և Հայաստանի մասին։ Դյուման իր գիրքը գրելիս օգտվել է հայ պատմիչների աշխատություններից, թեև այնտեղ կան բազմաթիվ անճշտություններ ու ոչ լիարժեք մեկնաբանություններ ու ծանոթագրություններ։ Ցավոք, գիրքը մինչ այժմ չի թարգմանվել հայերեն, թերևս մի քանի հատված, որը ներկայացնում ենք ձեզ։

Հայը

Հայը մարմնի կառուցվածքով նույնն է, ինչ պարսիկը, բայց հայն արագ գիրանում է, մի բան, որ երբեք չի պատահում պարսիկի հետ։ Հայի դիմագծերը պարսիկների նման զարմանալի համաչափ են. աչքերը շատ գեղեցիկ են, հայացքը, որ բնորոշ է միայն նրան, պարունակում է միաժամանակ խելամտություն, վեհանձնություն, թախիծ կամ հնազանդություն, երբեմն, թե մեկը, թե՛ մյուսը։

Հայը պահպանել է նահապետական բարքերը։ Նրա համար Աբրահամն իր մահկանացուն է կնքել երեկ, իսկ Հակոբը դեռ ողջ է։ Հայրը ընտանիքի անվիճելի ղեկավարն է, նրանից հետո իշխանությունը պատկանում է ավագ որդուն, կրտսեր եղբայրները նրա սպասավորներն են... Բոլորն անվերապահորեն ենթարկվում են հոր անվիճելի և անողոք կամքին։ Նրանք հազվադեպ են նստում սեղան հոր ներկայությամբ. դրա համար անհրաժեշտ է ոչ թե հոր հրավերը, այլ հրամանը։

Եթե այցելում է հարգանքի արժանի հյուր, հայ օջախում սկսվում է տոնախմբություն. մորթում են ոչ թե հորթ,- հիմա Հայաստանում հազվագյուտ է պատահում այդ կենդանին,- այլ գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում են խնջույքի...

Այդպիսին է հայկական կենցաղի արտաքին կողմը` ընդգծված տնտեսվարության հետ զարմանալի հակում դեպի կարգուկանոնը և խելահասություն առևտրական գործերում։

Իսկ մյուս կողմը, որ մնացել է ստվերում և պահանջում է ակներև ուսումնասիրում, հայ ազգին մերձեցնում է հրեաների հետ, որոնց հետ, ըստ ավանդության նա կապված է պատմական հիշողություններով, որ սկիզբ են առնում աշխարհի ստեղծումից։

Ինչպես ենթադրում են Հայաստանում էր գտնվում երկրային դրախտը Հայաստանում իրենց սկիզբն էին առնում երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը։ Հայաստանի բարձրագույն լեռան վրա հանգրվանեց տապանը։ Հայաստանում սկսվեց ավերված աշխարհի վերականդանացումը։ Վերջապես Հայաստանում Նոյը տնկեց խաղողի այգի և առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը։

Հրեաների նման հայերն էլ ցրված են, բայց ոչ թե աշխարհով մեկ, այլ միայն ամբողջ Ասիայում։ Այնտեղ նրանք գտնվում են զանազան տիրապետությունների տակ, բայց մշտապես բռնապետական, միշտ այլադավան ու բարբարոսական, միշտ ղեկավարվող քմահաճույքով` կարգուկանոնի փոխարեն, կամայականությամբ` օրենքի փոխարեն։

Տեսնելով, որ հարստահարիչները միշտ ձգտում են խլել իրենց հարստությունը, հայերը սկսեցին այն թաքցնել։

Համոզվելով, որ անկեղծ խոսքը ոչինչ չի բերում կործանումից բացի, նրանք դարձան ինքնամփոփ։

Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ է։

Հայերը, իրենց հնազանդ և հեզաբարո բնավորությամբ հանդերձ, պատահում է, որ գող լինեն, երբեմն էլ խարդախ, բայց գրեթե երբեք մարդասպան...»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ