copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:30 07-03-2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, միջոցառմանը ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Ալեքսանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով։

Արարողության ընթացքում անցկացվել է հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով​ պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն.

«Շնորհավորում եմ ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ առողջություն, ամուր կամք, անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ»։

Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրել են հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր՝ պայթուցիկ սարքի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։