Ներքին 3 տարի առաջ - 19:44 06-03-2023

Արցախում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրավորված է եղել. ԱԳՆ-ում հանդիպում է անցկացվել դեսպանների հետ

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ:

Օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց:

Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը:

Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում