copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 00:20 05-03-2023

Արհեստականորեն հեղինակություն չի կարող դառնալ

1932 թվականի մարտի 5-ին ծնվել է Հենրիկ Իգիթյանը` հայ մշակույթի նվիրյալը, փայլուն արվեստաբանը, համարձակ, սրտացավ մտավորականն ու արժանավոր քաղաքացին:

Թիֆլիսում ծնված, ապա Երևան տեղափոխված Իգիթյաների ընտանիքը բնակություն էր հաստատել Երրորդ մասում։ Հենրիկը սովորել է Կիրովի անվան միջնակարգ դպրոցում։ Իր երևանյան առաջին թաղամասը, այնտեղ ապրած տարիները և զգացողությունները Հենրիկ Իգիթյանը սիրով էր հիշում.
«Մանկությունս անցել է Երրորդ մասում, կաուչուկի գործարանի մոտ։ Այնտեղից է սկսել իմ ճանապարհը՝ որպես արվեստագետ, այնտեղ եմ ամուսնացել և այնտեղ էլ ապրել եմ իմ ամենաերջանիկ տարիները: Պայմանները վատն էին. երեք ընտանիքով ապրում էինք երեքսենյականոց բնակարանում: Բայց ծնողներս կային, բոլորը կային: Այդ ժամանակ ես չէի գնահատում այդ երջանկությունը: Մարդն այդպես է ստեղծված. կորցնում է ու նոր միայն սկսում գնահատել»:



Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկ Իգիթյանը ընդունվում է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտում է 1956 թվականին։ Ուսանողական կյանքը սիրված արվեստաբանի համար առանձնակի հաճելի ու կրկնակի կարևոր ժամանակաշրջան է դառնում. «Հոյակապ էստրադային նվագախումբ ունեինք: Հյուրախաղերով մեկնում էինք Մոսկվա, Ուֆա, Կազան: Ես հարվածային գործիքներ էի նվագում: Գրում էի նաև երգերի բառերը: Շատ երջանիկ էի: Մեր աֆիշներին գրված էր «Մոլոդյոժնի ջազ Արմենիի»: Աննախադեպ երևույթ էր Սովետական միությունում: Նաև իմ առաջին մեծ սերը հանդիպել եմ այդ ինստիտուտում. Ժաննա Աղամիրյանն էր: Նա ինձ հետ Մանկական պատկերասրահի հիմնադիրներից մեկն էր: Նրան, ցավոք, կորցրեցի»։



Հենրիկ Իգիթյանը ինստիտուտն ավարտելուց հետո աշխատում է Չայկովսկու անվան տասնամյան երաժշտական դպրոցում, սկզբում որպես ավագ պիոներջոկատավար, ապա՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։
Այնուհետև արվեստի հետ նրա անմիջական ու սերտ կապը իրականանում է 1960 թվականին, երբ աշխատանքի է անցնում Հայաստանի ազգային պատկերասրահի հայ արվեստի բաժնում։ Սրան հաջորդում են կրկին ուսանողական տարիները, բայց արդեն Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետում։ Ուսումն ավարտելուց հետո, արդեն որպես պրոֆեսիոնալ արվեստաբան, Իգիթյանը շարունակում է իր աշխատանքը պատկերասրահում, այնտեղ ուսումնասիրելով դասական կերպարավեստը և հետազոտելով, հատկապես, Հովնաթանյանների արվեստը։



Բայց սա Իգիթյանի կենսագրության կուլմինացիան չէր։ Նրա կյանքի գործը դեռևս առջևում էր։ Գործ, որը շրջադարձային պետք է դառնար հայ ժամանակակից արվեստի պատմության համար։
1970 թվականին Իգիթյանը կնոջ՝ Ժաննա Ամիրաղյանի հետ Երևանում հիմնադրում է մանկական պատկերասրահը` այստեղ հավաքելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները։ Այս պատկերասրահի հիմքի վրա 1978 թվականին հայտնի արվեստաբանը հիմնադրում է նաև Գեղագիտական դաստիարակության կենտրոնը, որն 2016 թվականից անվանակոչվել է հենց իր` Հենրիկ Իգիթյանի անունով։
«Մանկական պատկերասրահը առաջին մանկական թանգարանն աշխարհում: Ինձ համար շատ թանկ է այս տեղը: Երբ մենք ստեղծում էինք այն, չգիտեինք, որ սա մոլորակի առաջին մանկական թանգարանն է»,- հետագայում խոստովանել է պատկերասրահի հիմնադիրը:



Հենրիկ Իգիթյանի արարումները սրանով չեն ավարտվում։
1972 թվականի հունիսին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում բացվում է Ժամանակակից արվեստի թանգարանը։ Խորհրդային ռեժիմի և կարծրատիպերով հարուստ արվեստի պայմաններում նման թանգարան բացելը խիզախություն էր, մեծ ջանքեր, կամք ու համառություն էր պահանջում։ Իգիթյանին այս գործում մեծ աջակցություն է ցուցաբերում 1970-ական թվականների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը։ Թանգարանի կայացման համար առաջինն իրենց գործերը նվիրում են Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Քոչարը։ Հետո նրանց կողքին հայտնվեցին Ռոբերտ Էլիբեկյանը, Էդվարդ Խարազյանը, Արա Շիրազը, Մինասը, Վրույրը, Հակոբ Հակոբյանը, Կալենցը, Հենրիկ Սիրավյանը և էլի շատ-շատերը։



Թանգարանի բացման օրը, այն ժամանակվա մշակույթի նախարարությունը կենտկոմից հրաման էր ստացել չթույլատրել ու խանգարել բացման արարողությունը։ Արգելելու ամենահեշտ ու «անմեղ» տարբերակը էլեկտրականության անջատումն էր։ Ինչը, բնականաբար, նկարիչներն անտեսել էին։ Նրանք գնել էին հարյուրավոր մոմեր, և թանգարանը բացել վառվող մոմերի լույսի ներքո, ավելի տպավորիչ դարձնելով իրադարձությունը։
Այս առթիվ Նյու-Յորք թայմսի լրագրող Քրեյգ Ռ. Ուիթնին գրել է. «Հենրիկ Իգիթյանը քառասունվեցամյա արվեստի հայ քննադատ է, ով ինքն իրեն բնութագրում է որպես «բռնակալ»։ Այն, ինչ նա արել էր իր իշխանությամբ՝ ողջ Խորհրդային Միությունում միակ ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրելն էր, որն իրենից ներկայացնում է տեղացի և արտերկրի հայ արվեստագետների առաջնակարգ աբստրակտ և էքսպրեսիոնիստական նկարների հավաքածու»։ Այնուհետև հեղինակավոր այս պարբերականի լրագրողը մեջբերել է Իգիթյանի` «եռանդուն, մորուքավոր տնօրենը» միտքը. «Ես բռնակալ եմ, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի թանգարան ստեղծել, դա կլիներ շուկա, եթե չասենք՝ հասարակաց տուն»։
Հայաստանի, հայրենիքի, հայ արվեստի ու մշակույթի հոգսերով ու խնդիրներով մտահոգված արվեստաբանը 1989-1991 թվականներին դարձավ ԽՍՀՄ ԳԽ ժողովրդական պատգամավոր։ Ազգային արդար պահանջը ներկայացնելու համար Գերագույն խորհրդի պատգամավոր Իգիթյանը հացադուլ հայտարարեց և համարձակվեց ԽՍՀՄ խորհրդարանի ամբիոնից ճշմարտությունը նետել իշխող չինովնիկների դեմքին։ Նա առանձնացավ, իր յուրահատուկ տեսակը հաստատեց նաև քաղաքական ասպարեզում։ Ինչպես ամենուր այստեղ էլ Իգիթյանը հեղինակություն դարձավ, քաջ գիտակցելով «հեղինակություն» լինելու արժեքն ու դժվարությունները։
«Չարություն իմ մեջ բացարձակ չկա, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ էին 1988-ին Գևորգ Էմինի ձեռքից բարձրախոսը խլում Ազատության հրապարակում, ումի՞ց էր պակաս հայրենասեր: Կամ, ասենք, Լևոն Հախվերդյանն ումի՞ց էր պակաս. Թումանյանով զբաղվող մարդ, գրականագետ, նվիրված ազգին, ինչո՞ւ էին ձեռքից խլում բարձրախոսը... Կամ` պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը... Ազգի նվիրյալներ էին և երբևիցե չէին հակադրվել ազգային մտածողությանը, ազգային շարժմանը, չէին ծախվել...Այդպես փորձում էին նրանց տապալեին, իրե՛նք դառնային հեղինակություն: Բայց ոչ մեկն արհեստականորեն հեղինակություն չի կարող դառնալ: Չի՛ կարող, անհնար է: Ուզում ես հարուստ եղիր, ուզում ես լավ հռետոր... նշանակություն չունի. ինչ որ կաս քո քաշով, այդ էլ մնում ես մարդկանց համար»,- հարցազրույցներից մեկում ասել է Իգիթյանը:



Տաղանդավոր այս մարդու ու մեծ հայրենասերի կյանքն ավարտվեց 2011-ի մայիսի 11-ին։ Նա 77 տարեկան էր ու այնքան բան ուներ դեռ անելու։ Վերջին հարզազրույցներից մեկում Հենրիկ Իգիթյանը հուրախություն բոլորիս հայտարարել էր.
«Արդի արվեստի թանգարան ենք ուզում Նարեկ Սարգսյանի հետ կառուցել. այն կլինի ամենակարևոր կետերից մեկը ոչ միայն իմ կյանքում, այլև մայրաքաղաքի ու արվեստագետների համար: Այն մի օազիս կլինի մեր քաղաքի սրտում: Թանգարանի շուրջբոլորը կլինեն ծաղիկներ, քանդակներ, շատրվաններ… Եվ այդ շենքը կաբարձրանա որպես գահ այդ կարևոր տեղում, որի անունը… չէ՜, չեմ ասի…»։

Ցավոք, Հենրիկ Իգիթյանը չհասցրեց իրականացնել իր հավակնոտ ու մեծ նախագծերից ևս մեկը, որն այսօր այնքան անհրաժեշտ է ու այնքան է պակասում Հայաստանին։

Նաիրա Եղիազարյան