Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:43 03-03-2023

ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ․ վարչապետ

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլեկտրաէներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։
Սննդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար»,- շեշտել է վարչապետը։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայց էր ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

«Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,- եզրափակեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը