Երևան +15°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:20 02-03-2023

Ռուսաստանը հայտնում է ուկրաինացի դիվերսանտների ներխուժման մասին, մինչդեռ Կիևն այդ լուրերը դասական սադրանք է որակում

Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ մարտի 2-ին Ուկրաինայից դիվերսիոն-հետախուզական խումբ է ներթափանցել շրջանի տարածք։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Բոգոմազը հայտնել է, որ ուկրաինացի դիվերսանտները մտել են սահմանամերձ Կլիմովսկի շրջանի Լյուբեչանե գյուղի տարածք և կրակել մեքենայի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ և վիրավորվել է տասը տարեկան երեխա։

Ռուսական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ դիվերսանտների ներխուժման հետևանքով դպրոցական ավտոբուս է գնդակոծվել, սակայն շրջանային իշխանությունները հերքում են դա։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ զոհվել է երկու մարդ։ Ռուսական տելեգրամյան ալիքները նշել են, որ ընդհանուր առմամբ 40-50 դիվերսանտներ են ներթափանցել Բրյանսկի շրջան։

ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ խմբավորման կազմում ընդգրկված են մի քանի տասնյակ զինված մարդիկ։ Տելագրամյան ալիքներից մեկի տվյալներով՝ դիվերսանտները բաժանվել են երկու խմբի և ուղղություն են վերցրել Լյուբեչանե և Սուշանի գյուղեր, որոնք գտնվում են միմյանցից 20 կիլոմետր հեռավորության վրա։

ՏԱՍՍ-ի աղբյուրը նույնպես նշել է, որ դիվերսանտները ներթափանցել են երկու գյուղ, դրանցից մեկում պատանդ են վերցվել չորսից վեց հոգու, իսկ ավելի ուժ ռուսական ուժերի և դիվերսանտների միջև մարտ է սկսվել։ Շրջանի իշխանությունները հայտարարել են, որ իրավապահ մարմիններն աշխատում են Սուշանի գյուղի ողջ տարածքում։

Տելեգրամյան ալիքները հայտնել են նաև, որ այս գյուղում պայթեցվել է էլեկտրական ենթակայան և գազալցակայան։ Լրատվամիջոցները հայտնել են Սուշանում պատանդների մասին, սակայն շրջանի իշխանությունները հերքում են տեղեկությունը։ Միևնույն ժամանակ RIA Novosti-ն պնդում է , որ Լյուբեչան գյուղի խանութում մի քանի մարդ պատանդ է վերցվել։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ ուկրաինացի դիվերսանտների հետ բախման հետևանքով Բրյանսկի շրջանի բնակիչների թվում կան զոհեր ու վիրավորներ, սակայն նրանց թիվը չի նշվում։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի հետ համատեղ միջոցառումներ են իրականացնում՝ Կլիմովսկի շրջանում պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար։ Ավելի ուշ «Ռուսական կամավորական կորպուս» կոչվող կազմակերպությունն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երկու մարտիկներ ասել են, թե իրենք չեն կռվում քաղաքացիական բնակչության դեմ և Ռուսաստանի քաղաքացիներին կոչ են անում ապստամբել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է ուկրաինացի դիվերսանտների ներխուժման մասին պնդումները՝ դրանք որակելով որպես դասական սադրանք։ Պոդոլյակը Ռուսաստանին կոչ է արել վախենալ իրենց պարտիզաններից։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն նույնպես անհիմն է անվանել Ռուսաստանում ուկրաինական դիվերսանտների ներխուժման մասին պնդումները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան ագրեսոր չէ, և իր հիմնական խնդիրը պաշտպանությունն է օկուպացիոն զորքերից։ «Ես ոչինչ չգիտեմ, թե ինչ կարող էր լինել Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասել է նա։

Նշենք, որ Բրյանսկի շրջանի տարածքով անցնում է Դրուժբա նավթամուղը, որը, ըստ ռուսական լրատվամիջոցների, մի քանի անգամ ենթարկվել է հարձակման։ Բացի այդ, Կլիմովսկի շրջանում տեղակայված է փակ ռազմական ավիաբազան։




Ամենից շատ դիտված