Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:04 02-03-2023

ՀՀ կառավարությունը «նվեր» է ստանալու «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 % մասնաբաժինը․ Թադևոս Ավետիսյան

Ամուլսարի հանքը կշահագործվի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր։ Այս հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանքավայրի շինարարական աշխատանքներն ավարտելու և անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա նաև նշել է. «ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով։

Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր և այդպիսով նաև՝ կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։

Բացի դա՝ ՀՀ կառավարությունը անվճար, այսինքն՝ «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:

Այսպիսով, օրվա իշխանությունն արդեն արձանագրում է․ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից:

Հիմա ներկայացնեմ առարկայական այն հարցերը, որոնց պատասխանները չկան, և որոնք առանցքային ու սկզբունքային նշանակություն ունեն Ամուլսարի հանքի շահագործման այս կասկածելի գործարքի առումով։

Հարց 1․ Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ հինգ տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և սրանից բխող՝ չեն ստացվել նաև սոցիալ-տնտեսական լրացուցիչ այլ արդյունքներ։

Հարց 2․ Հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։
Ի դեպ, այս ողջ ընթացքում անդադար խոստանում էիք, որ Ամուլսարի հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

Հարց 3․ 2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Ի՞նչ եղավ։ Ստացվեց զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։ Ավելին՝ առաջացան նոր հարցեր։

Հարց 4․ Հիմա էլ Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող բնապահպանական խնդիրներին և անորոշություններին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները․
«թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում»։
Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։

Հարց 5․ Այո՛, անհրաժեշտ է ապահովել հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ երբեք ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվին։

Իրականում ստացվում է․ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով և անվտանգային նոր սպառնալիքներ ու ռիսկեր առաջացնելով եք բացում Ամուլսարի հանքը, որ խուսափե՞ք ձեր ձեռամբ և առաջնորդությամբ՝ տարածաշրջանում ամեն օր խորացող սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խնդիրներից, և ստվերային գործարքով փայ մտնե՞ք հանքը շահագործող ընկերությունում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ