Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:30 01-03-2023

Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համաձայնել են նախագահի միասնական թեկնածու առաջադրել

Թուրքիայում երկու երկու ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հանրապետական-ժողովրդական» և «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները համաձայնության են եկել առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել։ Ինչպես փոխանցում է Gercek News լրատվականը, երկուշաբթի կայացած Քըլըչդարօղլու-Աքշեներ հանդիպումը այս հարցում կոնսենսուսի է հանգեցրել։

Հաղորդվում է, որ կողմերը որոշում են կայացրել շարունակել նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու իրենց նախկին որոշումը։ Ավելի վաղ «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը կողմնակից էր, որպեսզի միասնական թեկնածու առաջադրվի կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն «Լավ» կուսակցության առաջնորդ Աքշեները դեմ է արտահայտվել Քըլըչդարօղլուի առաջադրմանը` պնդելով, որ առաջադրվող թեկնածուն պետք է ընտրություններում հաղթելու որոշակի հնարավորություն ունենա։

Թուրքիայում գործող վեց ընդդիմադիր քաղաքական ուժեր՝ այդ թվում նաև «Հանրապետական-ժողովրդական» և «Լավ» կուսակցությունները ամիսներ շարունակ քննարկումներ են անցկացնում՝ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու շուրջ։ Ընդդիմադիր կուսակցությունները միևնույն ժամանակ կողմնակից են երկրում կառավարման խորհրդարանական համակարգի վերականգնմանը, որը փոփոխվել էր 2017 թվականին կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

Ընդդիմադիր կուսակցությունների հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 2-ին, որի ընթացքում կշարունակվեն ընդհանուր թեկնածու առաջադրելու շուրջ քննարկումները։ Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին, կամ դրանից օրեր անց կուսակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն կտարածեն և կհրապարակեն նախագահի թեկնածուի անունը։

Թուրքիայում անցկացված մի շարք սոցհարցումների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսերն ունեն Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ՝ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։ Դեկտեմբերին թուրքական դատարանը Իմամօղլուին դատապարտել է կալանքի և քաղաքական գործունեության արգելքի, սակայն որոշումը դեռևս ուժի մեջ չի մտնել, և նա դատական կարգով վիճարկում է այն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում քննարկվում էր ավերիչ երկրաշարժերի հետևանքով նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հարցը, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարեց, որ ընտրությունները չեն հետաձգվի և կկայանան մայիսի 14-ին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը վերջին երկրաշարժերից առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։ Էրդողանը նշել էր, որ իր կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընտրությունների ամսաթիվ սահմանել մայիսի 14-ին, իսկ եթե խորհրդարանը մերժի առաջարկը՝ ինքը կցրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ կնշանակի։

Ամենից շատ դիտված