«Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը ժամանակավոր քաղաքական որոշում է, և Ադրբեջանի համար հետևանքներն անխուսափելի են լինելու»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը, չկատարելով Հաագայի միջազգային դատարանի վերջին որոշումը, Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ, ՀՀ-ն նոր միջնորդություններ է ներկայացնում։
«Ադրբեջանը միջազգային ճնշմամբ համապատասխանեցնելու է իր վարքը դատական ակտի պահանջներին։ Այդ չկատարելը որևէ տրամաբանության չի ենթակվում՝ հաշվի առնելով, որ նույն այդ դատական ատյանում Ադրբեջանը ներկայացրած հայց ունի։ Այսինքն, ոչ թե Ադրբեջանն ընդամենը հանդես է գալիս որպես պատասխանող, և փորձում է հրաժարվել դատական ակտը կատարելուց, այլև այդ դատարանի միջոցով ենթադյալ իրավունքներ է փորձում պաշտպանել։ Այս տեսանկյունից այս փաստն առնվազն իրարամերժ է դիմել մի ատյալն, որի որոշմանը չի վստահում և հոժարակամ չէ այն կատարել»,- ասաց նա։
Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ներկայացված հայցերն, ըստ փորձագետի, երկու նպատակ են հետապնդում․ միջազգային հարթակներում ստեղծել հավասարակշռության մթնոլորտ, հանդես գալ զոհի կերպարով և քաղաքականից բացի՝ մեծացնել նաև իրավական պաշտպանությունը։
«Ադրբեջանն ակնհայտ առավելություններ ունի քաղաքական հարթակներում։ Իրավական հարթակներում թույլ դիրքերից է հանդես գալիս։ Մի փոքր վերադիրքավորվելու նպատակով փորձում է նաև նախաձեռնող պրոակտիվ քաղաքականություն վարել։ Այս առումով էլ հանդես է գալիս որպես հայցվոր»,- ասաց նա։
Անդրադառնալով ադրբեջանական ձևակերպմանը, թե «Հայաստանը գրեթե 30-ամյա ապօրինի օկուպացիայի ընթացքում օգտվել է Ադրբեջանի տարածքի էներգետիկ ռեսուրսներից, կառուցել է ՀԷԿ-եր ու օգտագործել է ընդերքում գտնվող ածուխը, փորձագետը հայտարարեց, որ դրանք Հայաստանի վրա իրավական առումով որևէ ազդեցություն ունենալ չեն կարող։
«Նախ, իրենք շատ մեծ պրոպագանդա են իրականացրել, և այդ թեզերը նոր չեն։ Ես հիշում եմ, որ դեռևս 2000-ական թվականներին նրանք, որոշ հանրահայտ միջազգայնագետների ներգրավելով, փորձում էին ակադեմիական տեսանկյունից ձևակերպել թեզեր, որի միջոցով իրավունքը դեպի ադրբեջանական ծռելով պետք է դատական պաշտպանություն հայցեն։ Այստեղ բազմաթիվ հարցադրումներ կան, որին նախ պետք է դատարանը դրական պատասխանի, որից հետո արդեն վրա հասնեն հետևանքները՝ Հայաստանի համար։ Մասնավորապես, այն մասով՝ իսկապե՞ս դա եղել է օկուպացիա»,- ասաց նա։
Այս հարցն, ըստ իրավաբանի, առնվազն վիճելի է՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հիմնախնդրով զբաղվել է դեռևս 90-ական թվականներին։ Անգամ այդ ժամանակ, Սահակյանի խոսքով, Արցախի անկախ հռչակվելու մասով որևէ անհամաձայնություն չի արտահայտվել կառույցի կողմից։
«Չկա դիրքորոշում, որ Արցախի ինքնորոշումը խախտել է միջազգային իրավունքը։ Կամ մենք այստեղ Արցախի անկախությունը հռչակելիս գործ ունենք օկուպացված ուժի հետ։ Իսկ ինչ վերաբերում է այդ շրջաններին, ապա միջազգային իրավունքն անվտանգային և այլ նկատառումներից ելնելով՝ թույլատրում է ժամանակավոր միջոցներ՝ բուֆերային գոտիներ ստեղծելու ձևով։ Նախ այս հարցին պետք է կարողանան պատասխան տալ, որից հետո, եթե անգամ տեսականորեն դա օկուպացիա է, միջազգային իրավունքը դարձյալ թույլատրում է փաստացի իշխանությունների կողմից որոշակի ռեսուրսների օգտագործում, որը կարող է բպել տվյալ պետության շահերից և կենսական կարիքներից։ Այս թեզերն, անկեղծ ասած, լիարժեք իրավական տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հայաստանի պաշտպանությունը պատշաճ ձևով կազմակերպելու պարագայում դրանք մերժվելու մեծ շանսեր ունեն»,- ասաց փորձագետը։
Իրավաբանն անդրադարձավ նաև դեպի Նախիջևան գազատարների ոչնչացման մասով Հայաստանի դեմ ներկայացված ադրբեջանական միջնորդությանը։ Հայտարարեց․ այդ երկիրը նման մեղադրանքներ ներկայացնում է հիմնականում հայելային էֆեկտի հիմքով։
«Այստեղ փաստերը պետք է ստուգվեն։ Դրանք կարող են խափանումների արդյունք լինել։ Իմանալով ադրբեջանական ձեռագիրը, կարծում եմ, որ սա արհեստական սիմետրիկությունն են հաղորդում խնդրին։ Քանի որ Հայաստանն արդեն իսկ ունի հաջողված գործեր միջազգային ատյաններում և բնակչությանը կենսական ենթակառուցվածքներից և ծառայություններից զրկելը դիտարկվում է մարդու իրավունքների խախտման կոնտեքստում և դատապարտվում է միջազգային հանրության կողմից, ապա նրանք հայելային էֆեկտով նույնաբովանդակ մեղադրանքներ են փորձում գեներացնել Հայաստանի դեմ։ Չեմ բացառում, որ այստեղ կեղծարարության տարրեր լինեն»,- ասաց նա։
Այդպիսի օրինակներ, ըստ
Oragir.News-ի զրուցակցի, Ադրբեջանի կողմից դիտարկվել են առնվազն մարդու իրավունքների տեսանկյունից։
«Երբ որ մենք ունենք Ադրբեջանի կողմից իրական խոշտանգված և սպանված հայեր, Ադրբեջանն արհեստական զոհեր է գտնում։ 90-ական թվականներին ադրբեջանցու խոշտանգելու համար մեղադրանք են առաջադրում հայազգի ռազմագերուն, և 30 տարի անց իրականացնում են անձի ճանաչումը։ Սա ուղղակիորեն անթույլատրելի է։ 30 տարվա ընթացքում մարդիկ արտաքին մեծ փոփոխությունների կարող են ենթարկվել։ 30 տարի անց քննչական գործողության կատարումը պարզապես արգելված է օրենքով։ Բայց նման կեղծարարությամբ նրանք փորձում են հիմնավորել, որ ՀԱյաստանը ևս ռազմագերիների խոշտանգման հարցում ներգրավվել է և պետք է հավասարակշռված մոտեցում լինի միջազգային հանրության կողմից»,- ասաց նա։