Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում․ ԱՀ ԱԳՆ
copy image url

Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում․ ԱՀ ԱԳՆ

Ներքին 2 տարի առաջ - 19:17 27-02-2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր լրանում է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի՝ Սումգայիթի ջարդերի 35-ամյակը։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը` Բաքվից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և նույնիսկ ցուցումով, տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք ուղեկցվում էին սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով:

Ջարդարարների խմբերը, զինված սրածայր մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով և ինքնաշեն այլ միջոցներով, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։

Բռնության մի քանի օրերի ընթացքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները ենթարկվեցին դաժան ծեծի և խոշտանգումների, հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Հայերի նկատմամբ ատելության մթնոլորտը սնուցվում էր հանրահավաքների ժամանակ հնչեցվող հակահայկական կարգախոսներով և բռնության կոչերով։

Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հանցավոր այդ գործողությունների նպատակն էր՝ վախի մթնոլորտ ստեղծել և դրանով իսկ ճնշել Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ պահանջները:

Սումգայիթի կոտորածը դարձավ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական և ցեղասպան քաղաքականության առաջին լայնածավալ դրսևորումը։

Դրան հետևեցին հայերի ջարդերն Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր, ինչպես նաև Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության վրա նպատակաուղղված հարձակումներով, արգելված և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ և այլ պատերազմական հանցագործություններով։

Սումգայիթի ջարդերը հիմք դարձան Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության վերակենդանացման համար: Հայատյացությունը բարձրացվեց պետական քաղաքականության մակարդակի:

Այդ հրեշավոր հանցագործության ոգեշնչողներն ու իրականացնողները դարձան ընդօրինակման առարկա, իսկ հայերի նկատմամբ հանցագործությունները՝ սովորական:

Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարին, Բաքվում հայերի ջարդերն արդեն իրականացվում էին «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո:

Ցավոք, ո՛չ Սումգայիթի ջարդերի, ո՛չ էլ հաջորդած մյուս ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության, ինչի պատճառով այդ ավտորիտար պետության իշխանությունների համար ձևավորվել է քաղաքական ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ։

Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը:

Այդ հանցավոր մտադրությունների ակնհայտ դրսևորումներից է Արցախի ավելի քան երկու ամիս շարունակվող շրջափակումը, որի հիմքում Ադրբեջանի իշխանությունների ձգտումն է՝ ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվել իր հավաքական իրավունքներից, զրկել հայրենիքից և ի վերջո՝ ոչնչացնել նրան։

Նույնիսկ 35 տարի անց Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ճնշման, ահաբեկման, մարդու իրավունքների կոպիտ խախտման, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, վտարման և էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։

Այնուամանայնիվ, չնայած Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում և շարունակելու պայքարը հանուն ազատության, անկախության, ժողովրդավարության և մարդու իրավունքների։

Խոնարհվում ենք Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց քաղաքականության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ և ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ընդհատելու Ադրբեջանի անօրինական գործողությունների արատավոր շրջանը, կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին