copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:59 27-02-2023

Երկու տարի է՝ ձեզ ուզում էինք ասել՝ կարո՞ղ է գաք նիստի, գործ անենք․ լեզվակռիվ՝ Վլադիմիր Վարդանյանի և Արծվիկ Մինասյանի միջև

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ իշխանական խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ մի քանի անգամ Վլադիմիր Վարդանյանն ասել էր, որ եթե առաջարկներ ունենան, պատրաստ են հավուր պատշաճի քննարկել այդ առաջարկությունները։

«Մենք ներկայացրել էինք առաջարկություններ` կոնկրետ ձևակերպումներով։ Հիմա դուք, որպես հանձնաժողովի նախագահ, բավարար ե՞ք համարում քիչ առաջ ներկայացված զեկույցի կոնտեքստում, որ ընդդիմության առաջարկները հենց էնպես էլի, ձեռի հետ... էն մի մասը, որ ասում եք ընդունված, համարյա գնահատվում է չընդունված, որովհետև էության մեջ բան չի փոխվել։ Հիմա բավարա՞ր եք համարում այս առաջարկները նման ձևով քննարկման առարկա դարձնելը։ Արդյո՞ք ճիշտ չեք համարում, որ հետաձգվեր հարցի քննրկումը` բովանդակային, խորքային քննարկում կազմակերպելու համար»,- ասաց Արծվիկ Միմասյանը` հավելելով, որ եթե իրենց առաջարկները չանցնեն, իրենք հատուկ կարծիքով են հանդես գալու։

Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովին ներկայացված ցանկացած առաջարկ, այո, քննարկվում է, բայց որևէ հանձնաժողովի նախագահ չի կարող համոզել հանձնաժողովի անդամներին կողմ կամ դեմ քվեարկել այդ առաջարկներին։ «Որևիցե մեկը ձեզ չի կարող երաշխավորել, որ ձեր առաջարկներն ընդունվելու են։ Այո, ես համակարծիք եմ հիմնական զեկուցողի հետ»,- ասաց Վարֆանյանը` հավելելով, որ եթե հարցեր կային, պետք էր հրավիրել աշխատանքային քննարկում և ստանալ սպառիչ պատասխաններ հուզող հարցերին։

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Վլադիմիր Վարդանյանը 2019-2020թթ բարեփոխումների ռազմավարության ժամանակ էլ է եղել հանձնաժողովի նախագահ և նկատեց, որ դեռ 2020 թվականին կար փոփոխությունների նախագիծը, բայց հիմա գլխի վրա շուռ տված մոտեցում է բերել կառավարությունը. «Բա ձեր մոտ հարց չի առաջանո՞ւմ, էս փոփոխությունն ինչով է պայմանավորված»։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Պարո՛ն Մինասյան, երկու տարի է, ձեզ ոչ մեկը չէր տեսնում, երկու տարի է՝ ձեզ ուզում էինք ասել՝ կարո՞ղ է գաք նիստի, գործ անենք։ Հիմա եկել եք ու մեզ մեղադրում եք նրա մեջ, որ մենք բավարար չափով քննարկում չենք անում»։

Նշենք, որ նոր փոփոխություններով Դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է բողոքարկել այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավոր չեն կամ ապօրինի են։