Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:01 21-02-2023

Տեղի ունեցածը ապօրինի գործողություն է, տեխնիկական միջոցների առգրավում ՊԵԿ-ի և ՔԿ-ի կողմից. «Զովք»-ի փոխտնօրեն

Երեկ ՀՀ ՊԵԿ–ը տարածեց մի հաղորդագրություն, որում ասվում էր, որ «Զովք» սուպերմարկետների ցանցը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Նոր Զովք ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը ապօրինի գործողություն է եղել ՊԵԿ-ի և ՔԿ-ի կողմից։ Տեղի է ունեցել ապօրինի գործողություն, ապօրինի խուզարկություն և տեխնիկական միջոցների առգրավում։

«Դատարանի որոշմանը հակասող գործողություններ է կատարել քննչական խումբը․ երեկ՝ ժամը 10-11-ից սկսած, մտել են «Զովք» սուպերմարկետների 29 մասնաճյուղ՝ ուժ կիրառելով փակել են մասնաճյուղերը, որի իրավունքը չունեին, կատարել են խախտում՝ իրենց իսկ որոշմանը հակասող գործողություն։ Ուստի դա մենք համարում ենք ապօրինի խուզարկություն և առգրավում, քանի որ նախապես անջատել են տեսագրող կամերաները, առգրավել են դրանց վիդեոները, որի իրավունքը նրանք ևս չունեին, առգրավել են մենեջերի անձնական գույք հանդիսացող հեռախոսը, որը ևս իրենց որոշման մեջ չկա սահմանված, քննիչները ցինիկաբար ասել են՝ միջնորդություն գրեք, եկեք՝ կտանք»,- ասաց Խաչատրյանը։

Հարցրինք Խաչատրյանից, թե ինչ խոշոր չափի գումարի մասին է խոսքը, որը չի վճարվել պետությանը հարկի տեսքով, Խաչատրյանն ասաց, որ «Զովք» ընկերությունների ցանցը աշխատում է օրենքին համապատասխան։

Քննչական կոմիտեն և ՊԵԿ-ը շտապել են հայտարարությունը անելով, քանի որ բավարար չափի հետաքննություն դեռևս չեն անցկացրել, և առգրաված նյութերը հետաքննություն չանցկացնելու պարագայում հայտարություն են տարածել, ուստի իրենք հերքում են նման ինֆորմացիան։

«Եթե նրանք նշում են խոշոր չափի շրջանառության թաքցնելու մասին և այլն, թող իրենք նշեն, թե ինչ խոշոր չափերի մասին է խոսքը, որովհետև նրանք չեն կատարել բավարար չափի հետաքննություն, ուստի շտապելով ենթադրաբար հայտարարություն են տարածել։ Եթե նրանք չեն առգրավել սերվերներ, նյութերի հետաքննություն դեռևս անցկացված չէ, հետևաբար ի՞նչ խոշոր չափերի հարկերի թաքցնելու մասին է խոսքը։ Մենք դեմ ենք նման հայտարարությանը, և դա համարում ենք մերկապարանոց սուտ»,- ասաց Խաչատրյանը։

Խոսելով իրենց հետագա անելիքներից՝ Խաչատրյանն ասաց. «Անշուշտ, մենք դա բողոքարկելու ենք, հիմա մեր փաստաբաններն ու իրավաբաններն հավաքագրում են նյութերը, որպեսզի համապատասխան վարույթով բողոքարկեն երեկվա տեղի ունեցածը»։

Հարցին թե հիմա վերադարձե՞լ են բնականոն աշխատանքային ռեժիմի, բոլոր մասնաճյուղերը աշխատո՞ւմ են հիմնական գրաֆիկով, ասաց. «Երեք մասնաճյուղ կար՝ կես ժամով էր փակվել, մասնաճյուղ կար՝ ութ ժամով էր փակվել, այս պահին էլ երեք մասնաճյուղ չի գործում։ Քննիչների անգրագիտության պատճառով, օպերների ագրագիտության պատճառով, քանի որ չէին տարբերակում պրինտեր սարքը ՀԴՄ ապարատից»։

Խաչատրյանն ասաց նաև, որ շատ հիասթափված է մեր Քննչական կոմիտեի աշխատանքից։ «Ավելի մեծ կարծիք ունեի իրենց մասին, բայց երեկ ինձ հիասթափեցրին իրենց աշխատանքով, քանի որ բոլորի շուրթերին դաջված էր հետևյալ արտահայտությունը՝ դե ինչ անենք, մեզ ասել են, մենք եկել ենք՝ հավաքենք, տանենք։ Ես ասում ե,՝ եղբայր ի՞նչն ես հավաքում,ՀԴՄ-ն ես հավաքո՞ւմ, որը որ քո որոշման մեջ չկա նշված, ՀԴՄ սարքը հավաքելով՝ մեզ դրդում ես իրավախախտում անելու, քանի որ մեր ընկերությունը պետք է աշխատի ու առանց ՀԴՄ-ի՝ չի կարող աշխատել, դու ՀԴՄ սարքը տանում ես, որ մենք առևտուր անենք, մեզ մոտ հաճախորդը մտնի, ու մենք չկարողանանք դա տպել և դառնանք ինքնաբերաբար իրավախախտ տնտեսվարող»։

Խաչատրյանն ասաց, որ իրենք բաց են ցանկացած ինֆորմացիա տրամադրելու համար։

«Համեցեք կրիչներով՝ վերցրեք ամբողջ ինֆորմացիան։ Նրանք պատրաստված չէին բացարձակապես, կրիչներ չէին բերել, չէին հասկանում՝ դա ինչ է, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ չունեին, չէին հասկանում դա ինչ է։ Ունեին ընդամենը մեկ մասնագետ, ում մենք մեր անձնական մեքենաներով տեղափոխել ենք մասնաճյուղից մասնաճյուղ, որպեսզի նրանք կարողանան հասկանալ՝ ՀԴՄ սարքը ինչ է, մոնիտորը ինչ է, վինչեստերը ինչ է», - ասաց Խաչատրյանը։