Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:29 20-02-2023

Հայաստանից Արցախ մտնող գազով ապահովելու է նաև Ադրբեջանին անցած շրջանների գազամատակարարումը․ Բելլա Լալայան

Վերջին օրերին Արցախի բնակիչներն ահազանգում են, որ չնայած ողջ ամսվա ընթացքում մի քանի օր են գազամատակարարում ունեցել, սակայն օգտագործած գազի դիմաց եկած հաշիվը չի տարբերվում նախորդ ձմռան ամիսների եկած հաշիվներից, երբ ողջ ամսվա ընթացքում առանց խափանումների գազամատակարարում են ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցի հասարակական գործիչ Բելլա Լալայանն ասաց, որ երբ ձմռան նախորդ ամիսներին գազ էր սպառում, վճարում էր նույն գումարը, ինչ իրեն ներկայացրել են նախորդ ամից։

«Սա այն դեպքում, երբ ողջ ամսվա ընթացքում գազ չեք ունեցել, միայն 7-8 օր է ողջ ամսվա ընթացքում գազամատակարարումը վերականգնված եղել»։

Հարցին, թե եթե գազ չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ հաշվիչի ցուցմունքը այլ բանի մասին է վկայել, Լալայանը պարզաբանեց, որ երբ տևական ժամանակ գազ չի լինում, խողովակներում օդ է հավաքվում։

«Երբ հայտնում էին, որ գազամատակարարումը վերականգնված է, մարդիկ ուրախ-ուրախ միացնում էին, օրինակ, գազօջախը, կամ մյուս սարքերը, որպեսզի օդը դուրս գա խողովակներից ու իրենք կարողանան գազն օգտագործել։ Ենթադրաբար, հենց մղվող օդի հաշվին էլ մարդկանց հաշվիչները սկսել են այլ ցուցմունքներ տալ։ Արդյունքում, բնակիչներին նույն հաշիվներն են եկել, ինչ նախորդ ամիսներին։ Կարծում եմ, իրենք ամեն ինչ հաշվարկել են, դրա համար էլ ամսվա մեջ մի քանի անգամ անջատում-միացնում էին գազերը»։

Նա ընդգծեց, որ դեռ դեկտեմբերին կասկածներ են եղել, որ ադրբեջանական կողմը գազ է գողանում, իսկ հիմա դա արդեն հաստատվում է։

«Խոսքն այն մասին է, որ Շուշիում, Հադրութում գործող զորամասերը բոլորը մեր գազատարից են սնվում»։

Նա տեղեկացրեց, որ հանրային դժգոհություններին արձագանքել է «Արցախգազի» տնօրենը, ով Հանրային հեռուստատեսությամբ պարզաբանել է ու հաստատել, որ ադրբեջանցիները Հայաստանից Արցախ մտնող գազատարից իրենց համար կողմնակի խողովակ են տարել դեպի Շուշի և այժմ օգտվում են Արցախ Հայաստանից եկող գազատարից։ Լալայանը նաև նշեց, որ բնակիչները դեռ վճարումներ չեն կատարել նախորդ ամսվա համար։ Նոյեմբերի սկզբից Ազգային ժողովը առաջարկում և հորդորում է կառավարությանը՝ սուբսիդավորել սպառված գազի դիմաց վճարները.. կառավարության պատասխանը բացասական է։ Դեռ հստակ չէ նաև թե արդյոք , գազի հաշվիչների սխալ ցուցումներից հետո կառավարությունը սուբսիդավորման կամ փոխհատբւցման վերաբերյալ որոշում կընդունի, թե ոչ։

«Առաց բլոկադայի էլ Արցախում մարդկանց սոցիալական վիճակը բավականին ծանր է, ու պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ գոնե այդպիսի ընդառաջումների շնորհիվ չլքեն Արցախը։ Կոմունալ վճարների սուբսիդավորումը այդ քայլերից մեկը կլինի։ Այսպիսով, իհարկե, բանկիչները չեն վճարելու այդ գազի դիմաց, սակայն ստացվելու է, որ Արցախի կառավարությունն է վճարելու ադրբեջանցիների սպառած գազի համար, սա իհարկե աբսուրդ է, բայց մենք այս պահին որևէ լծակ չունենք, որ Ադրբեջանի հետ որևէ բանակցության գնանք, ու ասենք՝ եթե օգտագործում եք գազը, ապա վճարեք դրա համար։ Կարծում եմ, այստեղ անելիք ունեն նաև ՀՀ իշխանությունները, որովհետև ի վերջո, հենց Հայաստանից է գազատարը գալիս։ Ադրբեջանն, ըստ էության, տիրապետում է ենթակառուցվածքներին։

«Մենք այս իրավիճակի մասին նախապես պետք է մտածեինք, մինչև Աղավնոն և Բերձորը հանձնելը, որովհետև գազատարն անցնում է հին միջանցքով և միայն այդ ենթակառուցվածքները տեղափոխելուց հետո այդ ճանապարհը պետք է հանձնվեր»։

Նա նաև նշեց, որ ադրբեջանցինական մամուլը պարբերաբար գրում է, որ իրենք Արցախ մտնող գազատարի վրա հանգուց են դրել, և արդեն ոչ միայն Շուշիի ու Հադրութի զորամասները, այլև Քարվաճառը ու Քաշաթաղը սնուցվելու են Հայաստանից Արցախ եկող գազատարից։

«Թե որքանով է այս տեղեկատվոթյունը իրական, դեռ չգտենք, որովհետև հայկական աղբյուրները այդ մասին չեն գրում, փոխարենը ադրբեջանական մամուլը պարբերաբար անդրադարձել է սրան ու այս իրողությունների պայմաններում սա բավական իրատեսական է, ստացվում է՝ Հայաստանն ապահովելու է Ադրբեջանին մնացած շրջանների՝ Քաշաթաղի, Քարվաճառի, Շուշիի, Հադրութի գազամատակարարումը»։