Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը փակել է Հայաստան մտնող գազատարը։ Սա նշանակում է, որ ռեզերվային պաշարների սպառվելուց հետո մենք առանց գազամատակարարման կմնանք։ Այս ամենը արվել է ի պատասխան Փաշինյանի՝ Գերմանիա այցի եւ «հերթական եվրոպական խաղերի»։ Պաշտոնական անունը կլինի պրոֆիլակտիկ աշխատանքներ, բայց բարձրաստիճան աղբյուրից տեղեկացանք, որ «գազի փակման ավետիսը» հայտնել էր նաեւ Երեւան ժամանած Լավրովի տեղակալը։
Հաջորդիվ թերեւս մեր «ռազմավարական դաշնակիցը» կստիպի գազը գնել եվրոպական գնով, հետո կփակի Լարսը եւ այսպես շարունակ, ահա, թե ինչ կարժենան Հայաստանի իշխանությունների «չկշռդատված սեթեւթանքները եվրոպացիների հետ»։
Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել, որ ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիայի» մամուլի պատասխանատու Միքայել Հարությունյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենք երեկոյան պաշտոնական հայտարարություն տարածել են և, ըստ այդմ՝ գազամատակարարումը ոչ թե դադարեցվել է, այլ մատակարարման ծավալները նվազել են։
Հարցին, թե եթե նվազել են, արդյոք մեզ մատակարարվող գազի ծավալները բավարարում են, թե այժմ գազամատակարարումն իրականացվում է գազապահեստարանում առկա պաշարների հաշվին՝ նա պատասխանեց, որ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն, քան առկա է հաղորդագրության մեջ, չի կարող տրամադրել։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին՝ ժամը 16:00-ից, մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:
Հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Միևնույն ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքը չխաթարելու նպատակով բոլոր մնացած ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կշարունակվի (ցանկը հրապարակված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում»։