Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:23 17-02-2023

Հայ կինոն ներկայացնելու համար Կանն մեկնողները մսխում են փողերը. չկան ներդրումներ ու ֆիլմերի վաճառքի պայմանագրեր

«Գիտեք, անկեղծ ասած, այդպիսի պատմական իրադարձություններ այդքան էլ չեմ կարողանում մտաբերել: Հավանաբար, նման մակարդակի երևի չի եղել, ինչը շատ ողջունելի է, կարծում մեր տառապած վայրիվերումներով լի հայ կինոն այսօր արժանի է դրան, որովհետև կարծում եմ՝ այսօր մենք ավելի շատ դեպի առաջադեմ կինոն ենք գնում, առաջադեմ խնդիրներ ենք փորձում առաջ քաշել կինոյի միջոցով: Ես չգիտեմ՝ նախ ինչ է մտնում այդ գումարի մեջ, և ինչ պետք է իրենից ներկայացնի այդ միջոցառումը: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ այդ գումարները ոչ թե իրադարձությունը ճոխ շրջանակի մեջ դնեին, ավելի լավ կլիներ ամեն մի արժանի կինոգործիչ հնարավորություն ունենար ստեղծագործելու, քանի որ առանց այդ ֆիլմերի՝ հարյուրամյակը բանի պետք չի լինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ Միքայել Պոսոսյանը՝ պատասխանելով հայ կինոյի 100 ամյակի առթիվ ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում ընդգրկվելու վերաբերյալ հարցին, որի մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Պողոսյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ միջոցառում է լինելու. «Դա նույնն է, ինչ, ասենք, «Ոսկե ծիրանը», ինչ առաքելություն ունի։ «Ոսկե ծիրանը» ապացուցեց, որ միայն շփումն ու այն ֆիլմերը, որ մենք կարողանում ենք «Ոսկե ծիրանի» միջոցով դիտել, մեծ մթնոլորտ է ձևավորում, բայց մի տարվա նշումը ես չեմ կարծում, որ օգուտ կամ առաջընթաց է բերելու։ Համենայն դեպս լավ բան է իհարկե, պետք է նշել հարյուրամյակը, բայց ես կոնկրետ չգիտեմ՝ ինչ են նախատեսել, ինչեր են նախատեսել, որտեղ է անցկացվելու, ինչպես է անցկացվելու, եթե հարյուրամյակին կից սկսեին նվիրյալներին մրցանակներ տալ, գովեստի բառեր ասել, սա է պետք նշել, թե չէ ինքնին հարյուրամյակ նշել․․․ Պետք է նշել կա՛մ հիշատակը այն մարդկանց, կա՛մ ներկաներին, որոնք այսօր այս ծանր անմշակութային մթնոլորտում նման բաներ են ստեղծել։ Այն փաստը, որ մենք քանի տարի անընդմեջ մասնակցում ենք, արդեն լավ է։ Դրանից միայն օգուտ կա, պարզապես այսօր մեր առաջնային խնդիրը այն է, որ ֆիլմեր նկարահանվեն։ Իհարկե, կինոկենտրոնը մեծ դերակատարություն է ստանձնել իր վրա, տարին երկու անգամ սցենարներ են քննարկում և այլն, և այլն բայց այսօր պետք է սատար կանգնեն այն անհատներին, որոնք արդեն ապացուցել են, որ արժանի են, որովհետև մրցանակներ են ստանում ֆիլմերը, բարձրացվում է Հայաստանի դրոշը, բայց դրանից ոչ մի դիվիդենտ չունի այն մարդը, որ արժանանում է դրան․ նա գործում է իր ճակատագրին հավատարիմ, փորձում է զրոյից սկսել ինչ-որ բան արարել»։

Զրուցեցինք նաև ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ, ով, պատասխանելով հարցին, թե նախկինում երբևէ ընդգրկվե՞լ ենք նմանատիպ միջոցառումների շարքում, պատասխանեց. «Միշտ խուսափել եմ կինոյի հանձնաժողովներից, կաբինետային քննարկումներից, համարել եմ, որ իմ տեղը նկարահանման հրապարակն է, իմ գործը՝ կինո անելը։ Բայց նախկինում հաճախ են պաշտոնյաները դիմել ինձ՝ գնահատելու կինոյում այս կամ այն պետական նախաձեռնությունը։ Այս իշխանությունների օրոք չի պատահել։ Այս իշխանություններն իրենց պատկերացումներն ունեն պրոֆեսիոնալիզմի մասին։ Եթե մարդը ավելի շատ բան գիտի, քան իրենք, ուրեմն թշնամի է։ Օրինակ՝ երեկ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը կառավարության նիստում, վարչապետին զեկուցում է՝ «Հայաստանը այս տարի իր տաղավարը կունենա Կաննում և կցուցադրվեն հայկական ֆիլմեր»։ Տիկինը, բնականաբար չգիտի, որ 2010թ-ից սկսած Հայաստանը ամեն տարի տաղավար է ունեցել Կաննում, և գրեթե ամեն տարի այնտեղ ցուցադրվել են հայկական ֆիլմեր։ Բացառություն է կազմել 2020 թ-ը, երբ Կաննը առցանց էր՝ համավարակով պայմանավորված։ Իսկ 2017թ-ին, կներեք, բայց իմ շնորհիվ, Հայաստանը առաջին անգամ տաղավար է վարձակալել ոչ թե ցուցադրությունների պալատի նկուղում, որտեղ փակցված են կինոընկերությունների ցուցանակները, այլ ծովափին, որտեղ իրենց դրոշներն են բարձրացնում պետությունները։ Սա միակ դեպքն էր, երբ հայկական տաղավարն ուներ պաշտոնական հովանավոր և բիզնեսը կիսել էր պետության ծախսը Կաննում։ Տիկինը սա չգիտի, ու ես մեծ վտանգ եմ ներկայացնում նրա համար պարզ պատճառով՝ կինոյի ու կինոարտադրության մասին իմ՝ ոլորտի պրոֆեսիոնալի, ու նրա՝ ոլորտի ղեկավարի, գիտելիքներն անհամատեղելի են։ Վախը ենթագիտակցության մակարդակում հետ է պահում այսօրվա չինովնիկներին պրոֆեսիոնակների հետ շփումներից։ Ես ուղիղ 5 տարի է՝ զրկված եմ պետական որևէ ծրագրի հայտ ներկայացնելու իրավունքից։ Ես Persona non grata եմ հայ կինոյում։ Ու դա, ասեմ Ձեզ, պատիվ է»։

Հարցին՝ թե արժե՞ արդյոք այդքան գումար ծախսել նման միջոցառման մասնակցելու համար, պատասխանեց. «Կինոարտադրությունը զարգացնելու այլ տարբերակ, քան միջազգային կինոյին ինտեգրվելն է, չկա։ Մեր հարևան, հետխորհրդային երկրները թռիչքային վերելք են ապահովում կինոյում, որովհետև կարողանում են արտահանել իրենց կինոն և ապահովել ներդրումներ իրենց երկրում։ Դա արվում է բացառապես Կաննի պես հարթակներում։ Այլ հարց է՝ ովքեր են աշխատում, ովքեր են ներկայացնում Հայաստանը այնտեղ։ Ամեն տարի Հայաստանից պետական պատվիրակություն է մեկնում Կանն, Բեռլին, այս տարի Հայաստանը եղել է Տրիեստեում։ Ո՞ւր են ներդրումները։ Ո՞ւր են ֆիլմերի վաճառքի պայմանագրերը։ Ի՞նչ իմաստ՝ մեկնելու շուկա, եթե չեք բերելու ներդրումներ ու չեք վաճառելու ֆիլմեր։ Շրջագայությո՞ւնն է իմաստը։ Այդ դեպքում իհարկե՛, չարժի ծախսել գումար Կաննում շրջագայելու վրա։ Դա թանկ հաճույք է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա մեզ միջոցառմանը մասնակցությունը, ասաց․ «Մեր հարևանները այդ միջոցառումներին ուղարկում են արտադրողներին՝ պրոդյուսերներին։ Հնարավոր է մեկ-երկու չինովնիկ լինի պատվիրակության կազմում, ադմինիստրատիվ հարցեր լուծելու համար, բայց կինոշուկան ստեղծված է նախ և առաջ ֆիլմարտադրողների համար։ Նրանք հավաքվում են, ներկայացնում միմյանց իրար նախագծերը, հանդիպում պոտենցիալ ներդրողների, վաճառքի գործակալների հետ։ Չինովնիկները դրան աջակցելու համար են։ Այդպես է ամենուր՝ բացի Հայաստանից։ Հայաստանը Տրիեստե էր մեկնել պատվիրակությամբ, որում երեք չինովնիկ կար։ Ո՞ւմ էին պետք նրանք կինոշուկայում։ Սա է պատճառը, որ Հայաստանի պես անցյալ ու Հայաստանի չափ շուկա ունեցող այնպիսի երկիր, ինչպես Լիտվան, օրինակ, 2022թ-ին կինոարտադրության ոլորտում գրանցել է 52 մլն եվրոյի հասույթ, որից 35 մլն օտարերկրյա ներդրումներն են, իսկ Հայաստանը, ԶՐՈ ներդրումների պարագայում, այնքան թշվառ ներքին շրջանառություն ունի, որ անգամ ամաչում է վիճակագրություն հրապարակել»։

Իսկ այն հարցին, թե մարզերում կինոդիտում իրականացնելը որքանո՞վ արդյունավետ կլինի, ասաց. «Մարզերում սփռվում են հեռուստաալիքներ, որոնք ամեն տարի տասնյակ անգամներ ցուցադրում են այն նույն ֆիլմերը, որ այստեղից պիտի տանեն։ Ի՞նչ կտա Հայաստանի բնակչին 50, կամ 500-րդ անգամ, ասենք, «Երջանկության մեխանիկա» ֆիլմը դիտելը։ Չգիտեմ։ Իմ հավաստի տեղեկություններով՝ երեք տասնյակից ավելի հայկական ֆիլմեր արդեն տարիներ անավարտ են։ Պետական մի հանձնաժողով հաստատել է ֆինանսավորումը, մյուս հանձնաժողովը մերժել։ Մեր դեպքում՝ Լիլիթ Մակունցի ղեկավարած հանձնաժողովը հրապարակավ ընդունել է, որ մեր ֆիլմի պետական ֆինանսավորումը կասեցվել է ապօրինաբար, նախարարի հաջորդ պաշտոնակատարը խնդրել է մեր ներդրողներին՝ սառեցնել ներդրումները, քանի որ հարցը իրավական դաշտում է։ Ֆիլմը կանգնած է։ Մի քանի տասնյակ այդպիսի ֆիլմեր կանգնած են՝ պետական հանձնաժողովների սխալ ու անհեռատես որոշումների պատճառով։ Կինոոլորտի այսպիսի կոլափսի, կինոարտադրության այս խայտառակ անկման ֆոնին պետական բյուջեից մոտ 250 մլն դրամ գրահրատարակչությանն ու հին ֆիլմերի մարզային ցուցադրումներին հատկացնելը, սովետական ագիտպրոմի վատագույն ավանդույթների տակ մնացած, ռեալ կինոինդուստրիայից անտեղյակ ուղեղի արգասիք է»։

Ամենից շատ դիտված