Երևան +15°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:46 17-02-2023

Իշխանությունները խաբում են․ Հայաստանը 2020-ին 2 մլրդ դրամ է ծախսել Թուրքիայի սահմանի ճանապարհը վերանորոգելու համար

Այսօր պատմական են գնահատում Մարգարայի կամրջով հումանիտար օգնության մուտքը Թուրքիայի տարածք և հայ փրկարարների վերադարձը նույն կամրջով։ Շեշտադրումներն այնպես են կատարվում, որ հայկական կողմից այլևս որևէ հիշատակում չկա, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին Թուրքիայի կողմից որպես ճնշման գործիք: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս 2022-ի հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարգարայի կամրջի հատված և ասել՝ ծանոթացա պետական բյուջեի միջոցներով Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

«Դրանից մի քանի օր առաջ Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ նրանք հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, 2020-ի հունիսի 25-ին, երբ չկար 44-օրյա պատերազմ, չկային հայ-թուրքական գործընթացները, ընդհանրապես չէր խոսվում սահմանի բացման մասին: «Այդ նույն օրերին հրապարակվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, որ հավանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կարող է միջամտություն ունենալ և աջակցել Ադրբեջանին: Եվ 2020-ի հունիսի 25-ի կառավարության նիստում բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հատվածը, նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհը:

Փաստորեն դեռ այն ժամանակ կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե այս փաստերն ինչի՞ մասին են վկայում, Գեղամ Մանուկյանն ասաց. «Պետք է հիշեցնեմ, որ այդ ժամանակ կային ոչ պաշտոնական խոսակցություններ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստվերային քննարկումներ կան: Ավելի ուշ, երբ լրագրողները ԱԳ նախարար Արա Այվազյանին հարցնում են, թե կա՞ հայ-թուրքական երկխոսություն, նա ոչ թե հերքում է, այլ ասում է՝ ինձ նման երկխոսության մասին հայտնի չէ: Որևէ հիմնավորում, թե ինչու պետք է Մարգարայի կամրջից սկսած ճանապարհի վրա 2 մլրդ-ից ավելի գումար ծախսվի, չկա: Այդ հատվածը կույրաղիք հատված է համարվել 30 տարի»:

Գեղամ Մանուկյանի խոսքով, իշխանությունները խաբում են, թե Անիի կամրջի վերանորոգումը նոր ձեռք բերված համաձայնություն է, և Հայաստանը դեռ 2020-ին 2 մլրդ դրամ է ծախսել թուրքիայի սահմանի ճանապարհը վերանորոգելու համար:

«Իմ եզրահանգումը հետևյալն է. Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում թուրքական կողմը սահմանափակվում է փոքրիկ, խորհրդանշական ժեստերով, որոնք որևէ գործնական արդյունք չունեն Հայաստանի համար: ՀՀ իշխանությունները փորձում են այդ ժեստերը հրամցնել որպես պատմական դեպքեր, բայց ինչպես վկայում է Չավուշօղլու-Միրզոյան ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններով և շարունակում է խոսել նախապայմանների լեզվով:

Թուրքիան շարունակելու է իր ճնշումները, մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեև Հայաստանը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Հայկական կողմը ստրատեգիական սխալ արեց պատերազմից հաշված ամիսներ անց խճճվելու, թաղվելու Թուրքիայի հետ իբր երկխոսության մեջ, որովհետև այդ ժամանակ էլ հստակ զգուշացնում էինք, որ Թուրքիայի հետ հնարավոր չէ հավասարը հավասարի երկխոսություն, որ Թուրքիան առիթն օգտագործելու է նույն նախապայմանները առաջ մղելու համար:

Նրա խոսքով, եղած նախապայմաններին ավելացել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Արցախի կարգավիճակի հարցը. «ՀՀ իշխանությունը սեփական ժողովրդին 2,5 տարվա անարդյունք բանակցություններն արդարացնելու համար բավարարվում է խորհրդանշական ինչ-որ ծաղիկներով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված