Յուրաքանչյուր ոք Դորիան Գրեյի մեջ տեսնում է իր մեղքերը
copy image url

Յուրաքանչյուր ոք Դորիան Գրեյի մեջ տեսնում է իր մեղքերը

Մշակույթ 2 տարի առաջ - 00:25 17-02-2023
Իռլանդացի բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, էսսեիստ, սցենարիստ, լրագրող, գեղագետ, փիլիսոփա Օսկար Ֆինգալ Օ’Ֆլաերթի Ուիլլս Ուայլդի ստեղծագործությունները, ինչպես նրա կյանքի 46 տարիները առանձնանում են հակասություններով ու պարադոքսներով:

Գուվերնանտները նրան ֆրանսերեն ու գերմաներեն սովորեցրեցին, իսկ Թագավորական դպրոցում բացահայտվեցին նրա գրական, գեղարվեստական, հռետորական ունակություններն ու արտասովոր հումորը: Դուբլինի Թրինիթի՝ Սուրբ երրորդություն քոլեջում Օսկար Ուայլդը դարձավ հին լեզուների, անտիկ պատմության ու մշակույթի գիտակ, իսկ էսթետիկայի ուսումնասիրությունները ձեւավորեցին նրա հելլենիստական հակումները, դենդիական պահվածքն ու հագուկապը:



Օքսֆորդի համալսարանում Ուայլդը հաղթահարեց իռլանդական ակցենտը եւ յուրացրեց անթերի անգլերեն խոսելաձեւը, իսկ 1878-ին նրա «Ռավեննա» պոեմը ճանաչվեց լավագույնը եւ արժանացավ «Նյուդիգեյթ» օքսֆորդյան մրցանակին: Փարիզում նա մտերմացավ ժամանակի համաշխարհային մշակույթի հսկաների՝ Պոլ Վառլենի, Էմիլ Զոլայի, Վիկտոր Հյուգոյի, Անատոլ Ֆրանսի հետ, խմբագրեց «Կանանց աշխարհ» ամսագիրը, հեղինակեց հեքիաթներ, պատմվածքներ, էսսեներ, պոեմներ ու վիպակներ ժողովածուներ, տասնյակ պիեսներ։

Օսկար Ուայլդին համաշխարհային ճանաչում բերեց 3 շաբաթում գրված ու 1890-ին հրատարակված նրա միակ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը:

Քննադատները պնդում էին, որ վեպն անարգում է հասարակական բարոյականությունը, իսկ ընթերցողներն այն համարում էին էսթետիզմի մանիֆեստ:



Կա վարկած, որ Դորիան Գրեյի նախատիպը Ջոն Գրեյն է՝ շիկահեր բանաստեղծը, որին Ուայլդը հանդիպել էր 1890 թվականին։

Նկարիչ Բազիլ Ուորդը դարձավ նկարիչ Բազիլ Հոլուորդի նախատիպը, և հենց նա առաջարկեց վեպի գաղափարը։ Կենսագիր Հեսքեթ Փիրսոնը վստահեցնում է, որ 1884 թվականին Ուայլդը մտել է իր ընկերոջ արվեստանոց և տեսնելով բնորդին, ասել էր. «Ինչ ափսոս է, որ այս գեղեցիկ էակը վաղ թե ուշ ծերանալու է»։ «Ավա՜ղ», - համաձայնել էր նկարիչը և հետո ավելացրել. «Ինչ հիանալի կլիներ, եթե նրա արտաքինը երբեք չփոխվեր, բայց փոխարենը նրա դիմանկարը ծերանար և կնճռոտվեր»: Գրողը շնորհակալություն էր հայտնել ընկերոջը հրաշալի գաղափարի համար և որպես երախտագիտության ժեստ նրա անունով կոչել իր հերոսին։

Վեպի մասին 216 կարծիք ու հոդված է տպագրվել, որոնց Ուայլդը բրիտանական թերթերում և ամսագրերում պատասխանել է ավելի քան 10 բաց նամակով։ Նա անընդմեջ փորձում էր բացատրել, որ արվեստն անկախ է բարոյականությունից։ Ավելին, Ուայլդը գրել էր, որ նրանք, ովքեր վեպում չեն նկատում բարոյականությունը` կատարյալ կեղծավորներ են։

Ըստ հեղինակի վեպում օփիումի չարաշահումից բացի, Դորիան Գրեյի ոչ մի արատ հստակ նշված չէ: Ինքը՝ Ուայլդն ասում էր, որ յուրաքանչյուրն այս հերոսի մեջ տեսնում է իր սեփական մեղքերն ու արատները. «Յուրաքանչյուր ոք Դորիան Գրեյի մեջ տեսնում է իր մեղքերը: Որո՞նք են նրա մեղքերը, ոչ ոք չգիտի: Նա, ով գտնում է այդ մեղքերը, ուրեմն հենց ինքն էլ իր հետ բերել է դրանք»։



Լոնդոյան պճնամոլ, հոմոսեքսուալ վարքի համար երկամյա բանտարկության ու տաժանակիր աշխատանքի դատապարտվելուց հետո կյանքի վերջին 3 տարիները Փարիզում աղքատության ու մոռացության մեջ ապրած Օսկար Ուայլդը կյանքի վերջին տարիներին գրել է. «Մարդու կյանքի իրողությունները նրա գործերը չեն, այլ նրան շրջապատող առասպելը, որը չի թողնում տեսնել մարդու դեմքը: Ոչ մի դեպքում չի կարելի կործանել առասպելը»։

Ի դեպ, Օսկար Ուայլդի հերոսի պատվին անվանակոչվել է Դորիան Գրեյի սինդրոմը։ Սա երիտասարդության պաշտամունքն է, որը դիտարկում է ապրելակերպի ավելի երկարատև պահպանումը, այդ թվում նաև առանձնահատկությունների շրջանակներում, որոնք հատուկ են պատանեկան կամ ավելի երիտասարդ կյանքի ժամանակահատվածին։ Այն արտահայտվում է ծերության և ֆիզիկական քայքայման հանդեպ վախով։ Այս սինդրոմի կրողները նախընտրում են երիտասարդական ոճի հագուստ, իսկ վատագույն դեպքում հանգեցնում է պլաստիկ վիրահատությունների և կոսմետիկ միջոցների չարաշահման։ Երբեմն այս խանգարումը ավարտվում է դեպրեսիաներով և ինքնասպանություններով։ Այս հոգեբանական վիճակը առավել տարածված է հայտնի անձանց շրջանում։

Նաիրա Եղիազարյան