copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:51 14-02-2023

Սախարովի չար հանճարը

1923 թվականի փետրվարի 15-ին Թուրքմենստանի հարավի Մերվ քաղաքում ծնվել է խորհրդային հայտնի իրավապաշտպան, հրապարակախոս, այլախոհ Ելենա Բոները։ Նորածնին նախ Լուսիկ Ալիխանովա են անվանել։ Հետագայում նա վերցրեց մոր Բոներ ազգանունը և Ելենա անունը։ Իր «Մայրեր և դուստրեր» ինքնակենսագրական գրքում Ելենան գրում է, որ Բոներների հին հրեական ընտանիքն ապրել է Անդրբայկալում: Մայրը` Ռութ Բոները կուսակցական աշխատող էր։ Հայրը` հայազգի Լևոն Սարգիսի Քոչարյանն է։ Իր ծնունդից հետո մայրն ամուսնացել է թբիլիսահայ Գևորգ Սարգիսի Ալիխանյանի հետ, ով Մոսկվայում ու Լենինգրադում, ապա նաև Կոմինտերնում կուսակցական բարձր պատասխանատու պաշտոններ է վարել։ Գևորգ Ալիխանյանը որդեգրել է Ելենային և տվել իր ազգանունը։ 1938 թվականի Փետրվարի 13-ին Բոների խորթ հայրը գնդակահարվել է, իսկ մայրը, որպես հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ դատապարտվեց 8 տարվա բանտարկության։ Ստալինի մահից հետո երկուսն էլ արդարացվեցին:



Այնուամենայնիվ Ելենան ակտիվ կոմունիստ էր, թեև չկատարեց կուսակցության ու հասարակության պահանջը և երբեք չհրաժարվեց իր ծնողներից։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բոները Կարմիր բանակում բուժքույր էր։ Օդային հարձակումներից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվել ու վնասել է տեսողությունը։ Բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ և շարունակել բուժքրոջ ծառայությունը։ Ֆաշիստների դեմ հաղթանակը դիմավորել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի մերձակայքում։ Երկու տարի անց Բոներն ընդունվել է Ի.Պավլովի անվան Լենինգրադի առաջին պետական բժշկական ինստիտուտ, որտեղից վտարվել է` ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունում հարուցված «բժիշկների սիոնիստական դավադրության» գործի մասին իր կարծիքն արտահայտվելու համար։ Համալսարանում Բոները վերականգնվել է վտարումից երեք և Ստալինի մահից մեկ ամիս անց։ Այդուհետև երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ, թղթակցել է «Նևա», «Յունոստ», «Լիտերատուռնայա գազետա», «Մեդեցինսկի ռաբոտնիկ» պարբերականներին։



Ելենան ուսմանը զուգահեռ հասցրել է ամուսնանալ Իվան Սեմյոնովի հետ` ունենալով երկու զավակ։ Նրանք ամուսնալուծվել են 1965-ին։ Հինգ տարի անց Կալուգայում՝ այլախոհների հերթական դատավարության ժամանակ Ելենան առաջին անգամ հանդիպել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովին։ Իսկ 1972 թվականին, ի զարմանս շատերի, նրանք ամուսնացան։ Անսովոր այս զույգի միությունը վտանգավոր թվաց ԽՍՀՄ իշխանություններին: Նրանց կասկածում էին Արևմուտքի հետ կապերի և հակասեմիտիզմի մեջ: Նույն թվականին Բոները հանձնեց իր կոմունիստական տոմսը և հայտնեց, որ հիասթափվել է կուսակցության գաղափարախոսությունից։ Սրան հաջորդեց Բոների դստեր հեռացումը Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից, ապա` որդուն չընդունեցին համալսարան, իսկ կարճ ժամանակ անց երկու երեխաներին էլ արտաքսեցին երկրից:



Հետագայում` ԽՍՀՄ զորքերն Աֆղանստան մտցնելու մասին Սախարովի հարցազրույցից հետո, ընտանիքն աքսորեցին Գորկի: Զույգը հաղթահարեց այս պատիժը ևս։ Անկախ ամեն ինչից՝ նրանք երջանիկ էին, քանի որ միասին էին: Սախարովն ու Բոներն աքսորում անցկացրին 6 տարի` մինչև 1986 թվականը... Սովորական մի օր նրանց տուն եկան ինչ-որ մարդիկ և լուռ, առանց որևէ բացատրության՝ վերականգնեցին բնակարանի հեռախոսակապը։ Հաջորդ օրը զանգահարեց Գորբաչովը և տեղեկացրեց, որ նրանք կարող են վերադառնալ Մոսկվա:



Սախարով և Բոներ զույգը միասին շարունակեց իրավապաշտպան գործունեությունը։ Նրանց ընդդիմախոսները Բոներին անվանում էին «Սախարովի չար հանճարը»։ Բոլորը համոզված էին, որ Ելենան մեծ ազդեցություն ունենալով ակադեմիկոսի վրա` ամեն ինչ ինքն է որոշում:

Բոներն ու Սախարովը միասին ապրեցին 17 տարի։ 1989 թվականին Սախարովի մահից հետո Ելենան մեկնեց ԱՄՆ և Բոստոնում միացավ իր վտարված երեխաների հետ։ Նա հիմնեց Սախարովի հիմնադրամը, մասնակցեց բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ստեղծմանը։ Չեչենական պատերազմը սկսվելուց հետո նա դադարեցրեց համագործակցությունը Ռուսաստանի իշխանությունների հետ և առաջինն էր, որ ստորագրեց ռուսաստանյան ընդդիմության՝ Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված «Պուտինը պետք է հեռանա» կոչը։



Ելենա Բոները մահացավ 2011 թվականին Բոստոնում` սրտի կաթվածից։ Նրա հոգեհանգիստը տեղի ունեցավ՝ Բրուկլայն (Մասսաչուսեթս) քաղաքի Ստանեցկի սգո տանը։ Հանգուցյալի ցանկությամբ մարմինը այրեցին, մոխիրը տեղափոխեցին Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանատուն ու թաղեցին մոր, եղբոր և Անդրել Սախարովի կողքին։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
21:33 Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
13:30 Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 
19:57 Երևանը պետք է ոտքի կանգնի․ Ժիրայր Սեֆիլյան
16:40 Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել. shamshyan.com