Ներքին 3 տարի առաջ - 19:33 13-02-2023

ԿԳՄՍ նախարարը Կորեա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպմանը նշել է հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ և ԱԳՆ ներկայացուցիչներ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-կորեական կապերի և փոխգործակցության զարգացումը: Նախարարը հյուրերի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Անդրադարձ է եղել ՀՀ կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ առավել սերտորեն համագործակցելու ոլորտային ծրագրերի իրականացման գործում:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը՝ իրականացնելով ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հնարավոր է դիտարկել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ կազմակերպել համատեղ սպորտային միջոցառումներ, որոնք կարող են լրացուցիչ հարթակ հանդիսանալ մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման ու սպորտային ծրագրերի իրականացման համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը նաև տեխնոլոգիաների ոլորտում՝ այն ամրագրելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գիտության և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրով:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:

«Հայաստանը և Կորեան մշակութային ու գիտակրթական բնագավառների առումներով ունեն նմանություններ: Կորեայում լավ զարգացած է տեխնոլոգիական բնագավառը: Համատեղ համաձայնագրի կնքմամբ մենք առավել կսերտացնենք մեր հարաբերությունները թե՛ տեխնոլոգիական, թե՛ գիտական, և թե՛ մշակութային ոլորտներում»,- ասել է Սոն Կիհունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ կրկին շեշտելով հումանիտար ճգնաժամի հետևանքները. «Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև միջազգային կառույցներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և վերջապես կբացվի Լաչինի միջանցքը»:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել