Ներքին 3 տարի առաջ - 20:04 12-02-2023

Երիտասարդ մայրերի մասնակցությամբ Ստեփանակերտում խաղաղ հավաք է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 12-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական խմբի նախաձեռնությամբ։

«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված` որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան` ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,-«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացրել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը։

Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։

Ավելի քան երկու ամիս է` փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,-նշեց մեր զրուցակիցը։

Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ նկարեցին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել