Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:00 12-02-2023

Մայոնեզով Նիկոլ Փաշինյան. ինչպես են պատժել պատերազմի մասնակցին՝ վարչապետին սիգնալ տալու և միջնամատ ցույց տալու համար

«Պռոշյան փողոցի իր առանձնատան կողմից գալիս էի, Փաշինյանի ավտոշարասյունն էլ նույն կողմից գնում էր, զուգադիպեց, երկար ժամանակ փակ պահեցին փողոցները, որ թողեն՝ անցնի, նոր՝ մենք։ Վեցի կողմերն էր երեկ։ Փողոցները երկար փակած պահելու ու մարդկանց սպասացնելու համար ու իմ ատելությւնն իր անձի հանդեպ գումարվեց իրար՝ միջնամատս պատուհանից հանեցի դուրս ու սիգնալ տվեցի՝ ցույց տալով, որ բոլորը չեն, որ այս երկրում զոմբի են։ Միտքը այդ ամենն անելու այն էր, որ ինքն իր աչքով տեսնի այդ ամենը», - Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Սուրեն Բաբաջանյանը։

Բաբաջանյանի խոսքով՝ երբ վարչապետի ավտոշարասյունը մոտեցել է, ու ինքն անմիջապես ցույց տվել միջնամատը, այդ ժամանակ էլ ոստիկանները մեկը մյուսին հերթ չտալով արագ մոտեցել են իր մեքենային, իբրև թե՝ ի՞նչ է կատարվում. «Իմ ուզածն այդքանով ստացա, այդ նույն պահին պարեկի մեքենա եկավ ու ասաց․ «Ձեռքդ իջացրու, չես լսու՞մ»։ Վարչապետի ավտոշարասյունն էլ այդ պահին արդեն անցած է լինում, ես իրենց բացատրում եմ, որ չեմ լսել իրենց, եթե անգամ լսած էլ լինեի, միևնույն է, չէի դադարեցնելու ակցիան։ Ես իմ արածի մեջ որևէ վատ բան չեմ տեսնում»,-պատմում է քաղաքացին։

Բաբաջանյանին սկզբում ցանկացել են տանել ոստիկանական բաժին, հետո փոշմանում են, ձգձգում ու այդ ընթացքում որոշում ակտեր գրել՝ նախ ամրագոտի չկապելու, այնուհետև մեքենայի ղեկին ծխելու համար։ Քաղաքացին նկատել է, որ այդ ընթացքում սպասել են ցուցումի, ու երբ հարցրել, թե որ բաժին են իրեն տանում, ասել են, որ դեռ չեն որոշել. «Հիմա ես եմ, կարող է՝ ծնողիս եմ ուզում ասել, թե որ բաժնում եմ, հատկապես հիմա, որ բաժիններում ամեն օր տեսնում ենք, թե ինչքան մարդ են ծեծում, եթե չորոշեին, թե որ բաժինն են տանում, հնարավոր է՝ ինձ վրա տեռորի հոդված գար։ Մի խոսքով՝ ցուցումի ընթացքում, որ պարապ չմնան, ակտեր գրեցին», -ավելացրեց Բաբաջանյանը։

Բանն այն է, որ Բաբաջանյանին ասել են՝ քանի որ իր մեքենան հարկադիր ակտ ունի՝ 20 և 25 հազար դրամի, մի հատ էլ՝ կարմիր գծի խախտման համար՝ հինգ հազար դրամի, մեքենան պետք է տանեն հարկադիր կատարման ծառայության ավտոկայանատեղի, բայց հարկադիր օրենսգրքի 56–րդ հոդվածի «Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերի» երկրորդ կետի՝ մինչև 200 հազար դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում է հարկադիր կատարողը բռնագանձում պարտապանի աշխատավարձը կամ գույքը, այնինչ Բաբաջանյանի հարկադիր կատարման պարտքը կազմել է ընդհանուր հիսուն հազար ՀՀ դրամ, ինչն էլ նշանակում է պարեկների կողմից օրենքի կոպտագույն խախտում։



«Երբ իրենց մեքենայում էի, որ մեքենաս տանեն հարկայինի պլաշադկա, իրենց զանգ եկավ, որ տանեն «Փոսի Գայի», հետ գնացինք, ու երբ հարցրի, թե ինչու մեքենաս չեն տանում հարկադիրի պլաշադկա, տեղեկացրին, որ ուղղակի տեղ չկա։ Տարան, մեքենան մտցրին, ու փաստացի՝ հարկային օրենսգրքի վրա մարդիկ թքած ունեն։ Իրենք ասում են, որ միակ տարբերակը մեքենան վերցնելու այդ հիսուն հազար դրամը վճարելն է։ Ես վստահ եմ, որ զանգը վերևներից է եկել ու սերտ կապված է եղել իմ հենց այդ օրվա կոնկրետ գործողության հետ»։

Փաստերեն, «Սերժին դեմ ես սիգնալ տուր» ակցիայով իշխանության եկածները հիմա պատժում են իրենց «սիգնալ» տվողներին, իսկ միջնամատը որպես անպարտելիություն համարող ԱԺ նախահագի մոր դեպքը շատ արագ մոռացվեց։ Իսկ մինչև հեղափոխությունն էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը զարմացած մի գրառում էր արել մի հայտնի դեպքից, թե ինչպես է, որ այդ ժամանակ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի վրա կարտոֆիլի ֆրի ու մայոնեզ լցնող աղջիկներն անպատիժ էին մնացել։