copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:21 10-02-2023

Ոստիկանական «բեսպրեդելը» աննախադեպ թափ է ստացել․ փաստաբանը հայտարարում է

Ոստիկանության Էրեբունի բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկել փաստաբաններ։ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի հետ կատարվածը նախադեպային է։

«Ոստիկանական «բեսպրեդելը» աննախադեպ թափ է ստացել։ Նման երևույթներ արձանագրվել են 1990-ական թվականներին, բայց ոչ փաստաբանի հանդեպ։ Վերադառնում ենք, փաստորեն, այդ ժամանակները։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ դեռ փաստաբան չէին ծեծել իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար։ Ես հիմա չեմ զարմանում, որովետև ոստիկանական որոշ խավի մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել։ Ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում, բռնություն գործադրում պայքարողների, զոհված զինծառայողների ծնողների հանդեպ։ Մի քանի ամիս առաջ անչափահաս երեխաների էին ծեծի ենթարկել մետրոպոլիտենի ոստիկանության բաժնում»,- կատարվածը Oragir․News-ի հետ զրույցում մեկնաբանեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ սանձարձակության վերջն է արդեն․ «Սա կարելի է ասել խոշտանգման դրսևորում է։ Ոստիկանության ներսում մի քանի ոստիկան ծեծել են երկու անպաշտպան փաստաբանի։ Եթե այս դեպքով համապատասխան մեղավորները քրեական պատասխանատվության չենթարկվեն, ապա կարելի է ասել, որ փաստաբաններn այլևս խոցելի են ու ոստիկանության աշխատակիցները կարող են լկտի կերպով ծեծել նրանց»։

Փաստաբանը ոստիկանության ղեկավարներից պահանջում է՝ վերջ տալ այս կեղտոտ վիճակին։ «Ցավում եմ, որովհետև գիտեմ միջազգային կառույցները էլի լռելու են, մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները լռելու են»,- նկատում է փաստաբանը:

Կատարվածը, Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ ոտնձգություն է ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ։ Փաստաբանը նշում է, որ հետևողական է լինելու, որ մեղավորները պատժվեն։

Լուսին Ղազարյան