Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 00:30 08-02-2023

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր և ում են նախընտրել ցավակցել՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 6-ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Դրանից հետո ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 500-ի սահմանը, Սիրիայում մոտ 1800 զոհ կա։

Երկրաշարժի և դրա ավերիչ հետևանքների մասին լուրերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց Twitter-ում ՝ նշելով, որ վշտացած է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրերից, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել։ Նա իր խորին ցավակցություններն էր հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Միաժամանակ հավելել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։

Երեկվանից բուռն քննարկումներ են ծավալվում՝ արդյոք Հայաստանը պետք է օգնության ձեռք մեկնի երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Այդ քննարկումների ֆոնին էլ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների նախագահների հետ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրանց։ Միաժամանակ Թուրքիայի նախագահին Փաշինյանը տեղյակ է պահել, որ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում ՀՀ փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը, իսկ Սիրիայի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս իր ցավակցություններն էր հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ՝ այդ մասին գրառում անելով Twitter-ում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս իր ցավակցություններն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին՝ գրառում անելով Twitter-ում։

Եթե իշխանության ներկայացուցիչների կողմից Թուրքիային ավերիչ երկրաշարժի համար ցավակցություններ հղելն ու օգնության ձեռք մեկնելու առաջարկներով հանդես գալը սպասելի էր, ապա ընդդիմադիր թևի կողմից ցավակցական հաղորդագրություններ են հղվել միայն Սիրիային։

Օրինակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Հայաստանում Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավերիչ երկրաշարժի համար ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին, իսկ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ժամանակ էլ անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին: