Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:30 07-02-2023

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը։ Այս մասին Բաերբոքն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Գերմանացի պաշտոնյան հայտնել է, որ հակմարտությունը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, դրա վերքերը խորն են, որոնք արագ չեն ապաքինվի։ Նա միևնույն ժամանակ նկատել է, որ վերջին շրջանում հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվեն։

Բաերբոքը հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը, Արցախում դեղորայքի և սննդի պակաս կա, ընտանիքները բաժանված են, աշակերտները չեն կարողանում դպրոց հաճախել, ինչպես նաև էներգիայի մատակարարում չի իրականացվում։ Նա շեշտել է, որ կարևոր է անհապաղ դադարեցնել միջանցքի արգելափակումը և այս հարցում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին երկրորդ դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ԵՄ-ի որոշմանը՝ Բաերբոքը նշել է, որ Գերմանիայի ներկայացուցիչները ակտիվորեն կմասնակցեն առաքելության աշխատանքներին։ Նրա խոսքով՝ իրենք չեզոք դիտորդներ են։ «Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»,- ասել է նա:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ խաղաղության հասնելու համար առկա է չորս կարևոր կետ.

«Առաջինը դիերի որոնումն ու հարազատներին վերադարձն է, գործընթացն իրականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Երկրորդ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջազգային սահմանը սահմանազատված չէ, և դա հրահրում է փոխհրաձգություններ։ Առանց հստակ սահմանի խաղաղությունը մոտ չէ: Գերմանիան պատրաստ է աջակցել սահմանի սահմանազատմանը։ Երրորդն ականազերծումն է, Գերմանիան արդեն օգնում է այդ հարցում։ Չորրորդը՝ ինչպես օգնել երկրներին խաղաղության պահպանման հարցում»,- ասել է նա։

Բաերբոքը հավելել է, որ Հարավային Կովկասում Գերմանիայի ներկայությունը բխում է ընդհանուր եվրոպական շահերից։ «Տևական խաղաղությունը տնտեսական օգուտներ կբերի։ Մենք ցանկանում ենք Հարավային Կովկասը կապել Եվրոպայի հետ եւ Հարավային Կովկասի կապերը բարելավել Միջին Ասիայի հետ»,-եզրափակել է նա։