Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:00 02-02-2023

Լավրովի համոզմամբ՝ «Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, որ Հայաստանն այսպես կոչված օկուպացրել էր «Ադրբեջանի յոթ շրջանները»։ Այս մասին Լավրովն ասել է «Россия 24» հեռուստաալիքին և «РИА Новости» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնց Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ չի վերաբերվել և ցանկացել է պահել այդ տարածքները, որոնց երբեք չի հավակնել։

«Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների խորքն է գնում, և երբ երկար տարիներ Հայաստանն իրեն էր պահում յոթ շրջաններն Ադրբեջանի շուրջ, ու հետո, երբ քաղաքական ճանապարհով հարցերը լուծելու հուսահատություն տիրեց, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռ նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնել»,- ասել է Լավրովը։

Վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է այն տարածքները, որոնք իրեն են պատկանում»։ Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ փաստաթուղթ են ստորագրել, որով պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Ալմա Աթիի հռչակագրի պայմաններով։

Լավրովի համոզմամբ՝ այս որոշումը բազմաշերտ իրավիճակ է ստեղծում, քանի որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։

«Մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է»,- եզրափակել է Լավրովը։