copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:07 28-01-2023

Ամեն բացվող առավոտ ավելացող, երբեմն անլուծելի թվացող խնդրի հետ մեկտեղ մեծանում է մարդկանց հաստատակամությունը. Մետաքսե Հակոբյան

«Եթե ասեմ՝ լավ ենք, կնշանակի՝ հարմարվել ենք իրավիճակին, եթե ասենք՝ վատ է, կնշանակի՝ թուլացել ենք»։ Այս մասին Օragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես են արցախցիները։

«Այնպես որ այդ հարցին չի լինում պատասխանել»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ասաց, որ Արցախի 8 համայնքների հետ հանդիպում է ունեցել, հիմա ավելի լավ կարելի է իրավիճակը ներկայացնել։ Չնայած որ բնակչության մեծ մասը Ստեփանակերտում է բնակվում, ամեն դեպքում համայնքներ այցելությունից հետո ավելի հստակ է երևում պատկերը։ Մարդկանց անհանգստության առումով որևէ բան չի փոխվել, անհանգստությունը անընդհատ մեծանում է, մանավանդ վերջին օրերին տիրող հայաստանյան խուսափողական պահվածքն է անհանգստություն առաջացնում»,- ասաց Հակոբյանը։

«Երեկ մի այլ պատկեր էր համայնքներում, որովհետև գյուղերում մարդիկ ավելի ինքնակազմակերպված են սննդի առումով, իրենք կարողանում են առավել արագ ինքնակազմակերպվել և առավել ինքնաբավ են, քան քաղաքներում բնակվող մարդիկ»։

Հարցին, թե առհասարակ խնդիրներ չկայի՞ն համայնքներում, Հակոբյանն արձագանքեց. «Իհարկե կային գարնանացանին վերաբերող խնդիրներ, որոնք մենք հավաքագրեցինք, այնուհետև Օպերատիվ շտաբի հետ կփորձենք հնարավորինս լուծումներ գտնել, այդ առումով լավ է, աշխատանքը համակարգված է կատարվում, իսկ ընդհանուր առմամբ՝ մարդիկ շատ հաստատակամ են, ամեն բացվող առավոտ ավելացող, երբեմն անլուծելի թվացող խնդրի հետ մեկտեղ մեծանում է մարդկանց հաստատակամությունը չընկրկելու»։

Հակոբյանը ասաց, որ մարդիկ վախենում են նախկինում եղած պրակտիկայից. «Բայց անընդհատ այդ լարվածությունը մարդկանց մեջ կա, որ Աստված մի արասցե, 44-օրյան կրկնվի, մարդիկ գնան զոհողությունների, գնան զրկանքների՝ հանուն այն բանի, որ իրենք և իրենց սերունդները իրենց հայրենիքում ապրեն արժանապատիվ, այդ նահատակների պատգամը կատարելու այդ պարտավորվածությունը, մյուս կողմից անհանգստություն է, որ իշխանությունները Հայաստանում կրկին կգնան դավաճանության, իսկ Արցախում իշխանությունները, լինելով անկամք, ավելի շուտ ծառայի կարգավիճակում գտնվող, Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Արցախի նախագահը, որևէ հակառակ քայլ չի անի և մենք կունենանք այն պատկերը, ինչ որ ունեցանք 44-օրյային, սա է միայն մտահոգում մարդկանց, մնացած առումներով իրենք համարյա թե դժգոհություն բողոք չունեին։ Աշխատում են գոնե այդ մասով թեթևացնել իշխանությունների բեռը և իշխանություններին ստիպել, որ իրենց ողջ ուժը ուղղեն դեպի վարվող քաղաքականությունը և անմասն չմնան ճակատագրի վերաբերյալ լուծումներ կայացնելուց։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ շատ ծանր է դառնում և օր օրի է ծանրանում Արցախում իրավիճակը՝ կապված գազի այս ագրեսիվ քաղաքականության հետ, որ վարում է Ադրբեջանը Արցախի նկատմամբ, զուգահեռ դրան էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրները ամեն բացվող օրվա հետ ավելի լրջանում է։ Այս առումով շատ մեծ են խնդիրները»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված