Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:01 24-01-2023

Հրդեհից 5 օր անց է միայն ՔԿ-ն զորամասի ինժեներասակրավորային այրված կացարանում նշանակել հրդեհատեխնիկական փորձաքննություն

Քննչական կոմիտեն միայն այսօր է նշանակել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային կացարանում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ հրդեհատեխնիկական փորձաքննություն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է 5 օր անց նշանակվում հրդեհատեխնիկական փորձաքննություն՝ նա պատասխանեց, որ մինչ այդ անհրաժեշտ որոշակի գործողություններ կային անելու։ «Նաև դիակների և այլ փորձաքննությունների մասով գործողություններ կային և միայն հիմա է հնարավոր եղել համապատասխան մասունքներն ու նյութերը փոխանցելու։ Նկատի ունեմ, որ բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են փորձաքննություն իրականացնելու համար։ Այդ անհրաժեշտ գործողություններն անելուց հետո է միայն նշանակվել այդ փորձաքննությունը»։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության՝ հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Աբրահամյանը հայտնեց նաև, որ զորամասի ինժեներասակրավորային կացարանում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխաններ ևս դեռ չեն ստացվել․ «Այս փորձաքննության արդյունքներից պարզ կլինի, թե ինչ հանգամանքներում ու ինչպես են մահացել զինծառայողները։ Ուզում եմ շեշտել, որ բոլոր այն տեղեկությունները, որ հայտնել ենք, դրանք նախնական են եղել, հիմնական հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ այս փորձագիտական եզրակացություններով»։

Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ անցած օրերի ընթացքում հարցաննվել է ավելի քան 20 մարդ, սակայն դեռ քրեական հետապնդման ենթարկվող մարդ չկա։ «Հարցաքննություններն անդադար շարունակվում են, ընդ որում՝ այդ հարցաքննությունները բավականին խորքային ծավալուն հարցաքննություններ են։ Նաև բազմաթիվ փաստաթղթեր առգրավվել են, համապատասխան իրավական ակտեր են ուսումնասիրվում, որոնք կապված են հիմնականում զինծառայողների կեցության հետ կապված զինծառայողների անվտանգության կանոնների պահպանման հարցում թույլ տրված թերացումների պատասխանատուներին նույնականացնելուն նաև անհատականացնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»։

Հարցին, թե արդյոք հարցաքննվել է առանցքային վկան, այն սպան, որն ըստ նախնական բարկածի բենզին է լցրել՝ Աբրահամյանն ասաց, որ թեև այդ սպան գիտակցության է եկել, սակայն դեռևս չի հարցաքննվել։ «Նա դեռ համապատասխան բուժօգնություն է ստանում։ Հնարավոր լինելու դեպքում նա ևս կհարցաքննվի, առայժմ նրա հարցաքննությունը հնարավոր չի եղել»։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։