Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:30 23-01-2023

Ալիևը այս փուլում պատրաստ է իմիջային հարվածներ ստանալ, բայց վերջնականապես լուծել արցախյան հարցը. Արցախի ԱԺ պատգամավոր

«Իրավիճակը շարունակում է մնալ ծանր, որովհետև բնական է, որ պաշարները օրեցօր քչանում են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ խոսելով այս պահին Արցախում տիրող իրավիճակից։

Հարությունյանն ասաց նաև որ արդեն մեկնարկել է սննդի ձեռք բարման տալոնային համակարգը, և քայլեր են արվում հերթերը մեղմելուն ուղղված։

«Տալոնային համակարգը արդեն մեկնարկել է, աշխատում է և որոշ առումով այդ հերթերի գոյությունը մեղմվել է, այսինքն՝ հավասարաչափ բաշխված է և մարդը գիտի՝ որ պահին էլ ցանկանա, կարող է գնալ և խանութից ստանալ իրեն հասանելիք ապրանքը։ Այդ պատճառով՝ արդեն հերթեր չեն գոյանում, և կարծես իրավիճակը ավելի է մեղմացել»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ էկեկտրաէներգիայի հետ կապված լուրջ խնդիր կա, ինչը հնարավոր չէ կարգավորել, քանի որ Ադրբեջանը ապակառուցողական վարքագիծ է դրսևորում։

«Էլեկտրաէներգիայի մասով խնդիր ունենք, որովհետև գիտենք, որ Հայաստանից մատակարարվող ցանցը վնասվել է և մինչև օրս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների պատճառով հնարավոր չէ վերականգնել, իսկ մեր սեփական արտադրությունը չի կարողանում ծածկել ամբողջ ծավալը, և դրա պատճառով անջատումներ են տեղի ունենում, որոնց քանակը օրեցօր ավելանում է և նաև տևողությունն է ավելանում։ Սրան զուգահեռ՝ գազամատակարարման հետ կապված խնդիրներ կան, ինչը շատ ավելի է սրացնում և ծանրացնում էլեկտրամատակարարման հետ առկա խնդիրները»։

Հարությունյանն չկարողացավ կոնկրետ ժամկետներ նշել, թե որքան կարող են դիմանալ նման պայմաններում։

«Դժվարանում եմ ինչ-որ կոնկրետ ժամկետներ նշել, բայց իրավիճակը բավականին ծանր է, շատ լուրջ է, և րոպե առաջ պետք է հարցը կարգավորվի։ Օրեր առաջ Եվրոպառլամենտում բանաձև է ընդունվել, իհարկե սա դրական քայլ է, բայց պետք է ինչ-որ պարտադիր բնույթ կրող գործողություններ իրականացվեն, այդ թվում՝ սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև եթե այդ բանաձևերը, այսպես ասած, Ադրբեջանի արտաքին իմիջին են վնասում, բայց պարտադիր բնույթ չեն կրում, բայց Ալիևը այս փուլում պատրաստ է իմիջային հարվածներ ստանալ, բայց փոխարենը վերջնական լուծել արցախյան հարցը։ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով բանաձևը որակել է կոռուպցիոն, հենարան ունեցող և նույնիսկ ակնարկել է, որ այս քայլով Եվրոպառլամենտը փորձում է գազի զեղչ ստանալ Ադրբեջանից։ Ես կարծում եմ, որ պետք է հետևություններ այստեղից արվի, և միայն այսպես հայտարարություններով և կոչերով հնարավոր չէ զսպել»։

Խոսելով լուրջ առողջական խնդիրնե ունեցող հիվանդների՝ Երևան տեղափոխումից՝ Հարությունյանն ասաց. «Այո՛, պարբերաբար Առողջապահության նախարարությունը այդ մասին զեկուցում է, այս փուլում Կարմիր Խաչի միջնորդությամբ ստացվում է ինչ-որ ինտերվալներով 4-5 հոգի տեղափոխել, որովհետև նաև դեղորայքի հետ կապված խնդիրներ ունենք, ըստ այդմ՝ Հայաստան տեղափոխվելու կարիք ունեցողների թիվն է մեծանում։ Եթե նախկինում մենք ամեն ինչ ունեինք և կարող էինք այստեղ՝ տեղում, բուժումը իրականացնել, հիմա դեպքեր կան, որ այս կամ այն դեղորայքի բացակայության պատճառով ևս ստիպված ենք լինում մարդկանց տեղափոխել Հայաստան։ Այս պահին հիմնականում բուժհաստատություններում հնարավորություն կա լույսով ապահովել, բայց սա էլ է լուրջ խնդիր, քանի որ եթե բուժհաստատություններում էլ ունենանք էլեկտրաէներգիայի հետ կապված խափանումներ, հասկանում ենք, որ սարքավորումների հետ կապված լուրջ խնդիր կունենանք»։