copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:55 21-01-2023

Առյուծը, որ ընկնում է, նապաստակն էլ է քացի տալիս

1979 թվականի հունվարի 22-ին Երևանում մահացավ Երվանդ Քոչարը` հայ նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից և եռաչափ (ծավալային) ու կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից մեկը։



Թատերագետ Ռուբեն Զարյանն իր հուշերում մի հրաշալի պատմություն է պատմում.
«Սասունցի Դավթի» հազարամյակի օրերն էին։ Ալեքսանդր Ֆադեևը (խորհրդային գրող) դիմեց Օրբելուն` ասելով, թե ցանկություն ունի տեսնելու «Դավթի» գրաֆիկական սքանչելի պատկերազարդումների հեղինակին։ Ներկաներից մի քանիսն էլ միացան նրան։ Օրբելին ուրախ էր նրանց խնդրանքը կատարել, բայց ասաց, թե տան տեղը չգիտի։ Ես հանձն առա ուղեկցել։
Երբ մտանք Քոչարի անշուք բնակարանը, հյուրերը զարմացան, թե ինչ համեստ պայմաններում է ապրում մեծ նկարիչը։ Քոչարը ժպիտը դեմքին ընդառաջ եկավ և առաջարկեց նստել։ Ամենքը նստեցին, բացի Ֆադեևից։ Քոչարը կրկնեց իր առաջարկը։ Ֆադեևը հազիվ լսելի շշնջաց. «Նախ թույլ տվեք ծնկի գալ հանճարի առջև...»։



Այս ազդեցիկ ու տպավորիչ պատմությանը զուգահեռ կարդում ենք Քոչարի կնոջ` Մանիկ Մկրտչյանի հուշերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են մերոնք «մեծարել, արժևորել ու գնահատել» հանճարեղ արվեստագետին։

«Պատվեր չէին տալիս, նկարները չէին գնում, ոչ մի եկամուտ չուներ։ Նյութական անապահով վիճակը քիչ էր, սրան ավելանում էր բարոյական հալածանքը, «իզմերի» մեղադրանքը։ Բոլոր ժողովներում քննադատում, դատափետում էին որպես ֆորմալիստի, աբստրակցիոնիստի, կոսմոպոլիտի։
Նկարիչների միությունը` Արա Սարգսյանի գլխավորությամբ նյութական և բարոյական տեռորի էր ենթարկում Քոչարին։ Ժողովների ժամանակ այն շարքում, ուր նստում էր Քոչարը, ինձնից բացի, ոչ ոք չէր նստում, թեև համակրողներ շատ ուներ, բայց վախենում էին...»։



«Մի զրույցի ժամանակ Դերենիկ Դեմիրճյանը Քոչարին ասաց.
- Քո թշնամին քո լեզուն է։ Եղբա՛յր, ինչ կասեն, այնպես արա։ Իսկ դու` չէ՛, իմը ուրիշ է... Դե որ այդպես է, նրանք էլ, ինչ ուժ կա ձեռքներին, բանեցնում են...»։


«Մինչև 70-ական թվականները, երբ հյուրեր էին գալիս Երևան և ցանկանում էին այցելել Քոչարին։ Նկարիչների միությունում կամ Կուլտուրայի մինիստրությունում ասում էին, որ Քոչարը քաղաքից բացակայում է, կամ հիվանդ է...
Հայրենադարձ նկարիչները հատուկ հարգանք ու ակնածանք էին տածում Քոչարի նկատմամբ։ Տարիներ անց Հարություն Կալենցը և Բարդուղ Վարդանյանը խոստովանեցին, որ Ռուբեն Պարսամյանը (պատկերասրահի տնօրեն, արվեստաբան) իրենց զգուշացրել էր Քոչարի մոտ չգնալ, նրա հետ չշփվել, որ Քոչարը «վտանգավոր մարդ է»...



«1969 թ. ապրիլի 30-ին թերթում տեսնում եմ Ձերժինսկու արձանի լուսանկարը։ Գրված էր` երեկ տեղի ունեցավ Ձերժինսկու պղնձակոփ արձանի բացումը։ Հեղինակ` Երվանդ Քոչար։
Հեղինակին չէին հրավիրել` պատահականորեն թերթից իմացանք արձանի բացման լուրը։ Զանգահարեցի։
- Ձերժինսկու արձանի բացման ինֆորմացիան կարդացինք, իսկ հեղինակին ինչու՞ չէիք հրավիրել...
Պաշտոնյան մի պահ վարանեց, լռեց, ես կարծում էի` հեռախոսն անջատվեց, ապա ասաց` լսում եմ։ Ես ասում եմ. «Ես պիտի լսեմ»։
Վերջապես պատասխանում է.
- Ձեր հասցեն չգիտեինք...
- Անհարմար է,- ասում եմ,- եթե բանտարկելու լինեիք, հասցեն հեշտությամբ կգտնեիք,- և վայր եմ դնում լսափողը...»։


«Կարգադրություն է եղել Կենտկոմից` Քոչարի «Պատերազմի արհավիրքը» չուղարկել Փարիզ։
Պարզվեց, որ դրդողները Քոչարին շատ սիրող ու գնահատող Էդվարդ Իսաբեկյանն ու մեր ընտանիքի մտերիմ բարեկամ Արմեն Վարդանյանն էին... Դե եկ ու հասկացիր աշխարհի բաներն ու մարդկանց...»։


«1946 թ. մարտի 12-ին Նկարիչների միությունում կարևոր ժողով էր։ Ես` իբրև թերթի բաժնի վարիչ, մասնակցում էի այդ ժողովին։ Ամբիոն բարձրացավ Մհեր Աբեղյանը և քննադատեց Քոչարին...
Հետո խոսեց Քոչարը.
- Մհեր Աբեղյա՛ն, առյուծը, որ ընկնում է, նապաստակն էլ է քացի տալիս...»։


«1976 թ. հունվարի 13-ին զանգահարեց Կարեն Դեմիրճյանը և շնորհավորեց Քոչարին` ԽՍՀՄ ժողովրդական կոչման առթիվ։ Քոչարը մի րոպե լսելուց հետո հեռախոսի փողը դիրեց իմ ականջին։ Ի՞նչ անել, ի՞նչ ասեմ։ Ինձ չկորցրի.
- Ընկեր Դեմիրճյան, Քոչարը վատ է լսում, ներողություն է խնդրում, ի՞նչ հաղորդեմ։
-Հաղորդեք` վաղվա թերթում կտպագրվի ԽՍՀՄ Գերագուն սովետի հրամանագիրը,- ասաց Դեմիրճյանը և շնորհավորեց։
Քոչարն անտարբեր էր»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը