copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 21-01-2023

Այդ մարդկանց միայն կարող եմ ասել, որ եթե վաղն իրենց այրեն՝ ես դա էլի ցույց կտամ ու էլի չեմ ափսոսա, որովհետև մենք փաստն արձանագրողն ենք․ Հարություն Հարությունյան

Նախօրեին համացանցում լայնորեն տարածվեց «5-րդ ալիք»-ի ցուցադրած՝ Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը, որի հրապարակումը որոշ շրջանակներում խիստ բացասական արձագանքի արժանացավ։ Պատճառը տեսանյութում լսվող մարդկանց ճիչերն էին, որոնք, ըստ քննադատողների, տեսանյութը դիտողներին «հոգեխանգարմունքի» մեջ են գցում։

Այսօր տեսանյութին անդրադարձել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, նշել էր, որ մի քանի լրատվամիջոց դիմել են հանձնաժողովին՝ պահանջելով գնահատական տալ հեռուստաընկերությանը, «շտապ նիստ հրավիրել, եթերազրկել հեռուստատեսությանը, «պատժել դավաճաններին»»:

Հակոբյանն իր գրառման մեջ անդրադառնալով այդ պահանջներին՝ նշել էր, որ վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չեն տեսնում: «Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա»: Ինչ վերաբերում է YouTube-ի էջում տեղադրված տեսանյութին՝ ՀՌՀ նախագահն ընդգծել էր, որ YouTube-յան հեռարձակումը դուրս է ՀՌՀ կարգավորումից և, որ այս տիրույթում գործառույթ չունեն: Այդուհանդերձ, Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլիներ, որ «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ և ներողություն հայցեր հանրությունից:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն Oragir․News-ի հետ զրույցում անդրադառնալով Հակոբյանի գրառմանն՝ ասաց, որ գրառումը բավական մասնագիտական է։ «Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն՝ դա պարոն Հակոբյանի առաջարկն է, մենք էլ որոշում ենք, թե ինչի համար խնդրենք, ինչի համար՝ ոչ։ Ամեն դեպքում՝ նա նշել էր, որ շատ անհատներ և հատկապես լրատվամիջոցներ են գրել, բողոքել, պահանջել: Կարելի է մտածել ներողության մասին, եթե իհարկե հրապարակվի նրանց ցանկը, տեսնենք, որքանով մասնագիտական են նրանց մոտեցումները և արդյո՞ք նրանք հետին միտք չեն հետապնդում»։

Հարությունյանն ընդգծեց նաև, որ YouTube-ում տեսանյութին կից հեռուստաընկերությունը նաև պարզաբանել է, թե ում ձայներն են լսվում։ Անդրառնալով ֆլեշմոբին՝ Հարությունյանն ասաց, որ այն կազմակերպված է հեռուստաընկերության դեմ և մանիպուլյատիվ է։ «Ես հետևել եմ, թե ովքեր են մեր հեռուստաընկերության դեմ սլաքներն ուղղողները և կարող եմ ենթադրել, թե Տիգրան Հակոբյանն ում մասին է գրել։ Ենթադրում եմ, որ այդ լրատվամիջոցները կարող են լինել, օրինակ, «Հայկական ժամանակը», Civic.am -ը կամ սունկ կայքերը, որոնք իրենց վրա են վերցրել ամեն ինչից հանրության ուշադրությունը շեղելու քարոզչությունն իրականացնելու բեռը»։

Անդրադառնալով իրավապաշտպաններին՝ նա նշեց, որ իրենք պարզապես ֆեյսբուքչիներ են, իրենք հեռուստատեսությամբ չեն նայել, նայել են ֆեյսբուքում ու ալարել են կարդալ, թե տակն ինչ է գրած։

«Նրանք չեն կարդացել մեր պարզաբանումը, իրենք վերնագիր կարդացող ու տեսանյութ նայող են, իրենք մեծ-մեծ խոսող են։ Մենք լրատվամիջոց ենք, մեր գործառույթը իրականությունը փոխանցելն է, իսկ հրդեհի տեսանյութը իրականությունն է, իրականությունից չես կարող փախչել։ Մենք կարող ենք շատ երկար պարզաբանումներ տալ, բայց տեսեք, օրինակ, երբ 2001 թ․ սեպտեմբերի 11-ին լրատվամիջոցները լուսաբանում էին ահաբեկչական ակտը, այնտեղ շատ ավելի սարսափազդու ձայներ կային, և բղավոց կար, և ճիչ կար, և լաց կար։ Երբ 2004 թ․ լուսաբանում էինք Բեսլանի դեպքերը՝ շատ ավելի դաժան կադրեր կային։ Երբ 2011 թ․ լուսաբանում էինք եզդիների կոտորածը Իրաքում՝ այն ժամանակ էլ ավելի սարսափազդու կադրեր կային ու որևէ լրատվամիջոց ո՛չ BBC-ին, ո՛չ CNN-ին ու մյուս հեռուսալրատվամիջոցներին չեն քննադատել, թե ինչու են այդ կադրերը ցույց տվել, կամ ինչու են ձայները հեռարձակվում։

Իսկ մենք այնքան բարեխիղճ ենք գտնվել, որ այն, ինչ հեռարձակվել է հանրային մուլտիպլեքսով՝ մենք դրա ձայնը հանած ենք ցույց տվել, այն, ինչ հեռարձակել ենք YouTube-ով, եղել է բնօրինակը, սակայն գրել ենք, որ սրանք զինվորների ձայները չեն, անգամ անգրագետ մարդը էդ կադրերը տեսնելով կհասկանար, որ այդ այրվող տանից այդպիսի ձայներ չէին կարող լսվել, առավել ևս այդ հեռավորության վրա։ Սա մանիպուլյացիա է իշխող քաղաքական ուժի կամակատար քարոզիչների ու լրատվամիջոցների կողմից, որպեսզի ուշադրություն շեղեն։ Վերջապես ինչ հոգեկան խանգարումների մասին է խոսքը, 15 զինվոր այրվել-մոխրացել է՝ դա հոգեկան խանգարում չէ, իսկ մեր 30 վայրկյան տեսանյութը հոգեկան խանգարման առի՞թ է, ժողովուրդն արդեն 4 տարի է չի կարողանում հոգեկան խանգարումից դուրս գալ, 5000 զոհը մարդկանց հոգեկան խանգարման չե՞ն բերել, 200 զոհը հոգեկան խանգարման չբերեցին, գերիները, որ շարունակվում են տանջվել Բաքվի բանտերում ՝ սա հոգեկան խանգարման առիթ չէ՞, այսինքն ամեն ինչ նորմալ է մեր երկրում ու միայն մեր ցուցադրած 30 վայրկյանանոց տեսանյո՞ւթն է հոգեկան խանգարման բերել։ Ընդ որում՝ կրկնեմ, եթերում այն ավելի կարճ է եղել՝ 15 վայրկյան, սա՞ է հոգեկան խանգարման հանգեցրել հանրությանը։ Միայն այդ մասին խոսող մարդկանց անունները նայելն էլ բավական է հասկանալու համար, թե ինչ մանիպուլյացիայի հետ մենք գործ ունենք։ Ես էդ մարդկանց ինչ ասեմ, միայն կարող եմ ասել, որ եթե վաղն իրենց այրեն՝ ես դա էլի ցույց կտամ, ու էլի չեմ ափսոսա, որովհետև մենք փաստն արձանագրողն ենք։ Ոչ թե քաղաքական ուժի ենք առաջակցում, ոչ թե մանիպուլյացիաներ ենք անում, այլ փաստն ենք արձանագրում։ Իսկ մյուս փաստն այն է, որ նրանք չեն խոսում այն մասին, թե ինչ հոգեխանգարմունքի մեջ են այդ զինվորների հարազատները, այդ գյուղի բնակիչները, խոսում են մեր տեսանյութից։

Այդ մարդկանց մի հարց էլ ունեմ, երբ Արմեն Գրիգորյանը դատարանում մահացավ՝ դա հոգեկան խանգարման հետևանք չէ՞ր, ինչո՞ւ չբարձրաձայնեցին, ինչու չպահանջեցին դատարանին ապօրինի կալանքի համար, էդ մարդուն մահվան տանողներին պատասխանատվության ենթարկել, ինչու չպահանջեցին։ Հիմա մանիպուլյացիա են անում, ու դա անում են մարդիկ, ովքեր 4 տարի է մանիպուլյացիա են անում, դրանից առաջ ևս 10 -20 տարի մանիպուլյացիա են արել»։