Երևան +22°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:53 19-01-2023

Դպրոցները փակվել են սննդի ու ջեռուցման կազմակերպման խնդիրների պատճառով․ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար

Արցախում հանրակրթական հաստատություններն այսօրվանից չեն գործում։ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ որոշումը կայացվել է՝ ելնելով մի քանի պատճառներից։

«Առաջին հերթին՝ սննդի բացակայությունն է։ Երեխան մինչև 6 ժամ այնտեղ է մնում, ու սննդի կետերը չեն գործում։ Երկրորդը՝ գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ունենում ենք ցուրտ սենյակներ։ Այդ պայմաններում երեխաները կարող են սառչել դասարաններում»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ այս օրերին արդեն իսկ մեկ միջադեպ գրանցվել է դպրոցներից մեկում։

«Մի դեպք ունեցանք, երբ երեխան, հնարավոր է, տանն էլ տաք չի եղել, էստեղ էլ լավ չի զգացել իրեն։ Այդպիսի դեպքերից խուսափելու համար որոշվեց մի փոքր արձակուրդ տալ՝ մինչև պարզ լինի՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց նա։

Թե որքան կարող են դասերը դադարեցվել է փոխնախարարը հայտնել չկարողացավ։ Ասաց՝ դա կապված է իրավիճակից։

«Բնականաբար կրթական գործընթացը պետք է շարունակվի, երկար ժամանակ չի կարող դադար ունենալ։ Բայց իրավիճակը ցույց կտա։ Եթե ինչ-որ առաջխաղացումներ լինեն, ապա համապատասխան որոշումներ կկայացվեն։ Այս պահի դրությամբ մեզ հեռավարն էլ չի փրկում, որովհետև էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով այդ գործընթացը բարդանում է։ Այսինքն, տեխնիկան չի աշխատում։ Ծրագրերից հետ չընկնելու համար երևի հաջորդ շաբաթներին թեմաները մի փոքր պետք է ավելի «սեղմենք»՝ ավելի խտացված ծրագրով դասավանդում կազմակերպենք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ խնդրահարույց է հատկապես ավարտական դասարաններում դասապրոցեսի դադարեցումը։

«12-րդ դասարանցիների հետագա քայլերն իրենց մեջ մի քիչ ավելի շատ բարդություններ են պարունակում, հետևաբար, ինչ-որ բան պետք է անել այդ առումով։ Մի գուցե փորձենք առանձին դասարաններում այս ժամանակահատվածում 12-րդցիների համար դասապրոցեսն ապահովել։ Դա մտածում ենք անել, որպեսզի հետագայում նրանց ծրագրերը չխափանվեն»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ դիտարկվում է նաև վառարանների միջոցով ջեռուցման ապահովման տարբերակը։

«Բայց դա կարող ենք անել փոքր դպրոցներում։ Մեծ դպրոցներում ավելի բարդ կլինի։ Խնդիրը հիմա այն է, որ դպրոցներում կաթսայատներ են գործում, պարզապես վառելափայտով։ Այդ կաթսայատների պոմպերը պետք է կարողանան ջուրը շրջանառել։ Այս հովհարային անջատումների պատճառով պրոցեսը չի իրականացվում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, փոխնախարարի խոսքով, նախարարությունը տարբերակներ է մշակում դասապրոցեսը հնարավորինս արագ վերականգնելու համար։