Տարիներ շարունակ քայքայեցին ԶՈւ-երը, հիմա հրամանատարներին ազատելով առկա համակարգային խնդիրները չեն լուծվի․ ռազմական փորձագետ
copy image url

Տարիներ շարունակ քայքայեցին ԶՈւ-երը, հիմա հրամանատարներին ազատելով առկա համակարգային խնդիրները չեն լուծվի․ ռազմական փորձագետ

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 13:47 19-01-2023
Իմանալով ներկայիս իշխանությունների ոճը՝ թվերը լղոզելու ու հետո աստիճանաբար ավելացնելու, ցավոք, չենք կարող վստահ լինել, որ Ազատի զորամասում զոհվածների թիվը 15 է և ո՛չ ավելի։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Շեշտեմ, որ հստակ թիվ չի նշվում, ասում են՝ նախնական տվյալներով 15։ Իհարկե, չի կարելի բացառել, որ ինչ-որ ունիկալ իրավիճակում հնարավոր չլիներ այսպիսի բանը բացառել։ Բայց, կներեք, դժվար է հավատալ դրան։ Սա չէր կարող մի սխալի հետևանք լինել»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այս մասշտաբի ողբերգությունը ուղիղ հետևանք է ԶՈւ-ում առկա համակարգային ճգնաժամի։ «Մի բան, որ արդեն 4-5 տարի է բարձրաձայնում ենք։ Առաջին օրվանից, ինչ այս իշխանությունները հաստատվել են Հայաստանում, բանակում բոլոր համակարգերի քայքայում է տեղի ունենում՝ սկսած կարգապահությունից։ Հիմա արդեն լրիվ մոռացել են, բայց եկեք հիշենք այն դեպքերը, երբ մի ամբողջ զորամաս դուրս էր եկել փողոց, Մեղրիում զինվորներն ինչ-որ դուրս էին եկել, ցույց էին անում։ Երբ հրամանատարը փորձել էր կարգապահությունը լրիվ բարձիթողի վիճակից մի քիչ խստացնել՝ դուրս էին եկել Մեղրիի փողոցներում ինչ-որ ցույց էին անում»,- հիշեց փորձագետը։

Իր խոսքով՝ ԶՈՒ քայքայման գործընթացն սկսվել է դեռևս 2018 թվականից։ «Թե՛ պարտությունները՝ մեկը մյուսի հետևից, թե՛ այս իրավիճակներն ուղիղ հետևանք են համատարած համակարգերի քայքայման։ Ես այդպես եմ տեսնում։ Իհարկե, հնարավոր են դժբախտ պատահարներ, դրանք անհնարին է բացառել։ Բայց այս մասշտաբի՞, բա ո՞ւր էին հերթապահները, պետք է չէ՞ զինվոր լինի, որը քնած չէ՝ զորամասի հերթապահ պետք է լինի։ Մի խոսքով։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ պայմաններում է եղել, այդ ինչ շինություն է։ Եթե շինություն է, ապա ինչ շինություն է։ Ոչ մի բան չեն հայտնել»,- ասաց նա։

Վրթանեսյանն անդրադարձավ ընդամենը ժամեր անց դեպքին հետևած հրամանատարների պաշտոնանկումներին։ «Միանգամից սկսեցին տարածել տեղեկություն, թե այն հրամանատարին են ազատել։ Մի քանի ժամում հետաքննությո՞ւն են արել, մեղավո՞ր են պարզել։ Հիմա անուններ կարդացի, որ ամբողջ կորպուսի ամբողջ հրամանատարությանը հանում են։ Բա ենթադրենք թշնամին հիմա հարձակվեց, ո՞վ է ղեկավարելու։ Ինչպե՞ս կարելի է ամբողջ բրիգադի հրամանատարությանը, առանց հետաքննության միանգամից հանել»,- ասաց նա։

Վրթանեսյանը համոզմունք հայտնեց, որ այդ բոլոր գործողություններն իրականացվում են՝ ամբողջ պատասխանատվությունը Պաշտպանության նախարարից տեղափոխեն զինվորների ու զինվորականների վրա։ «Ես չեմ ասում անմեղ են։ Բայց պետք է չէ՞ հետաքննություն լինի, սխալ- ճիշտ մեղավոր ու անմեղ պարզվի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է դեպքի համար պատասխանատվության ենթարկվելուն՝ նա ասաց․ «Եթե նման բան լիներ մինչև 2018 թվականը՝ հավատացեք, այս բոլոր ակտիվիստները, մարդու իրավունքներից խոսողները և այլն, մի վայրկյանից տնկված էին լինելու ՊՆ-ի և նախագահականի դիմաց՝ ինչ-որ գոռգոռոցներով ու պահանջներով։ Հիմա նույն այդ մարդիկ չգիտեմ՝ ինչ են խոսելու։ Ընդհանրապես կխոսեն, թե չեն խոսի։ Հարյուրավոր դեպքերով բոլորը լուռ էին։ Այս դեպքով կարող է մի երկու բառ ասեն ձևի համար։ Բայց այդ բոլոր մարդիկ այսօր չկան, ձայն չեն հանում»,- ասաց նա։

Փորձագետը վստահ է, նշված բոլոր խնդիրները համակարգային են, իր խոսքով՝ դրանք խորացել են տևական ժամանակ լուծում չստանալու հետևանքով։ «Այդ համակարգային խնդիրների մասին մենք գոռում էինք արդեն գրեթե տարի։ Բանակում խնդիրներ միշտ էլ եղել են։ Բայց նաև միշտ էլ աշխատանք է տարվել՝ այդ խնդիրները լուծելու համար։ Մեզ մոտ հիմա աղետն աղետի հետևից է տեղի ունենում՝ վերջին 4,5- 5 տարում։ Ո՞նց է էդպես լինում։ դեռ մինչև պատերազմն այդ գործընթացներն այդքան երևացող չէին։ Չնայած անընդհատ ասում էինք, որ այդ ելակի, չգիտեմ, սիրուն ճաշարանների ու մնացած թեմաների «շեփորահարման» հետևում լուրջ քայքայվում է բանակը»։

Այդ քայքայման մեկ այլ պատճառ էլ, ըստ փորձագետի, տեղի ունեցած կադրային ջարդերն էին։ «Ըստ էության, կադրային ջարդ իրականացրին բանակում։ Անընդհատ տեղափոխությունների, ցնցումների, և այլ պատճառով համակարգերը քայքայվում են։ Այդ մասին բազմիցս խոսվել է։ Դրա հետևանքները տեսանք պատերազմի ժամանակ, երբ ոչ մի հրամանատար իր տեղում չէր։ Առհասարակ, բանակում կադրային փոփոխությունները պետք է արվեն զգույշ, ժամանակ տալով և այլն։ Բայց բանակի ստորաբաժանումների մեծ մասում հրամանատարները փոխված էին։

Մի տարի, տարուց էլ պակաս ԳՇ 3 պետ փոխվեց մինչև պատերազմը, 3 ՊԲ հրամանատար փոխվեց։ Այդ ամեն ինչը հետևանքներ է ունենում ամբողջ համակարգի վրա։ Իսկ պատերազմից հետո, ընդհանրապես, արդեն հաշիվը կորցրել եմ՝ Պաշտպանության քանի նախարար, ԳՇ պետ, 5 ամիս չունեինք ԳՇ պետ, շուտով մի տարին կլրանա, ինչ հետախուզության պետ չունեինք։ ՊՆ տեղակալներից 2-ն են նշանակված, պետք է լինի առնվազն 3 և այլն։ Այս ամբողջ քաոսը հատուկ ստեղծված է, որովհետև հնարավոր չէ անընդհատ էսպես լինի։ Այդ հատուկ ստեղծված քաոսի հետևանքները մենք հիմա տեսնում ենք»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ դատելով դեպքի հանգամանքները պաշտոնապես ներկայացնելու ձևից՝ մտավախություն հայտնեց, որ հանգամանքները կարող են այդպես էլ մինչև վերջ չպարզվել։ «Շատ սուղ, ու էլի՝ «նախնական տվյալներով», «առնվազն»․․․ այդ բառերով․․․ դեռևս պարզ չէ, թե իրականում ինչ է եղել։ Գուցե էլի փորձեն ծածկադմփոց անել»,- ասաց նա։

Կարեն Վրթանեսյանը հատուկ շեշտեց, որ բանակում առկա համակարգային խնդիրները կորպուսի հրամանատար փոխելով հնարավոր չէ լուծել։ «Այդ խնդիրն ամբողջ բանակում է։ Հիմա հարցնում եք՝ հակահրդեհային ու այլ պայմանների մասին․ եթե զինվորները երկու տարուց ավելի է՝ տեղեր կան՝ վրաններում են ծառայություն անցնում ձմեռով։ Իսկ պետբյուջեից միլիոններ են ծախսում, բառի բուն իմաստով, միլիոնավոր դոլարներ՝ Երևանի փողոցների լուսավորության վրա, մենք հասկանում ենք, չէ՞ խնդիրը որտեղ է»,- եզրափակեց ռազմական փորձագետը։