Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:01 19-01-2023

Հրդեհը շատ արագ է տարածվել , ներսում խուճապ է սկսվել, չեմ բացառում, որ իրականում զորանոց չի եղել, այլ լքված տուն․ Հայկ Նահապետյան

Ես 1992 թ-ից ծառայել եմ զինված ուժերում, բանակի սկզբանավորումից ի վեր նման բան չի եղել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Նա ընդգծեց, որ սովորաբար զորանոցը ունենում է մուտք և ետնամուտք, այսինքն՝ 2 մուտք ու ելք, պատուհան։

«Կարող եմ ենթադրել, որ այն վայրը որտեղ հրդեհ է բռնկվել՝ զորանոց չի եղել, չեմ բացառում, որ տարածքում եղած լքված տներում են զինծառայողներն ապրել։ Բնականաբար, այդտեղ հակահրդեհային պաշտպանության միջոցներ չեն եղել։ Ցանկացած տեղ կարող է հրդեհ բռնկվել, որևէ մեկը երաշխավորված չէ դրանից, ենթադրում եմ, որ վառարան է վառվել, իսկ զինծառայողները քնած են եղել, այդ ընթացքում էլ հրդեհ է բռնկվել։ Քանի որ մի դուռ է եղել՝ դռնով դուրս գալը խնդիր է եղել, իսկ պատուհանների առկայության մասին ոչինչ չեմ կարող ասել, կարծում եմ՝ քննությունը կպարզի, բայց ես տեղեկություններ ունեմ, որ նաև փրկված զինվորներ են եղել, հրդեհը շատ արագ է տարածվել ու ներսում խուճապ է սկսվել, իսկ քանի որ զորանոցային պայմանների բավարարող շինություն չի եղել, հակահրդեհային պաշտպանության կանոններ չեն եղել, լրացուցիչ ետնամուտք չի եղել, որ դուրս գան, իսկ եթե 2-րդ, 3-րդ հարկ է՝ լրացուցիչ աստիճաններ են լինում, որպեսզի կարողանան իջնել շենքի հետևի մասից։

Այդ բոլոր պայմանները այստեղ բացակայել են, ես կարող եմ ենթադրել, որ տարածքի լքված տներից մեկում են ապրել, թե ինչու են հայտնվել այդտեղ, կարծում եմ՝ պետք է հարցնել Փաշինյան Նիկոլին ու Պապիկյան Սուրոյին, իրենց պետք է հարցնել, թե ինչ է արվել պատերազմից առաջ ու դրանից հետո, ու ինչու են զորամասերն այս վիճակում»։

Նա ընդգծեց, որ օրվա Կառավարության իշխանության մնալը բոլոր ոլորտներում աղետի է բերում։ «Կարծում եմ՝ հիմա կտեսնենք պաշտոնանկությունների շքերթ, պատասխանատվություն, քրեական գործեր կլինեն, բայց դա բավարար չէ, քրեական գործեր պետք է հարուցվեն, պատասխանատուները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ընդ որում՝ առաջինը պաշտոնից պետք է ազատվի պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը։

Հրաժարականը անհրաժեշտ պայման է, բայց իրենք նաև պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ խաղաղ պայմաններում այդքան մահերի պատճառ դառնալու համար։ Հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություն չի եղել, դիվերսիա չի եղել, պատկերացնո՞ւմ եք բարդակի աստիճանը, դիլետանտները, տգետները, անգրագետները բերվել են իշխանության, բնականաբար պետք է ավեր լինի, կորուստներ լինեն, զոհեր լինեն։

Որովհետև օրվա իշխանությունները զբաղված են դատարկաբանությամբ, մարդկանց ուղեղները լվանալու փորձեր են անում, կեղծում են իրականությունը, իսկ մասնակգետներ չկան։ Հիմա հարց, արդյոք Սուրեն Պապիկյանն ո՞ւնի բավարար փորձառություն ու գիտելիքներ այդ պաշտոնին նշանակվելու համար, իհարկե՝ ոչ։ Սա նույն իրավիճակն է, ինչ եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, իսկ նա այդպես էլ չէր կարողացել սովորել անգամ զինվորական կոչումները, նույն մոտեցումը նաև այստեղ է․ որքան մարդիկ գործից չհասկանան, այնքան հավանականությունը մեծ է, որ պաշտոնի կնշանակվեն, ինչպես Փաշինյան Նիկոլը, նա 11 հոգանոց կիսակոլեկտիվ է ղեկավարել, հիմա ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել»։