copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:07 18-01-2023

ԱՆ-ն Սուրեն Անտոնյանին մեղադրում է դիտավորությամբ խախտում կատարելու մեջ․ Կարեն Անդրեասյանը նիստին քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Դատավորը նիստին չէր ներկայացել։ Անտոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմքում դնելով նրա կանխակալ մոտեցումը գործին։

Մասնավորապես, դատավորի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կարեն Անդրեասյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Գրիգոր Մինասյանը նրա ընկերն է, Անդրեասյանը կիսում է նրա գաղափարները, հետևաբար, անաչառ չի կարող լինել նրա նկատմամբ։

Բացի այդ, առկա է տնտեսական շահ, քանի որ Կարեն Անդրեասյանի կինը և վարույթ հարուցած անձը՝ Գրիգոր Մինասյանը, նույն իրավաբանական ընկերությունում բաժնետերեր են։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ առկա չէ տնտեսական շահ, հետևաբար, միջնորդությունը ենթակա է մերժման։ Արդյունքում՝ ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը միջնորդության հրապարկման ընթացքում նշեց, որ դատավորը խախտումը թույլ է տվել դիտավորությամբ, սակայն հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ նախարարությունը չի ուսումնասիրել ո՛չ դատական պրակտիկան, ո՛չ անգամ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, որը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից։

Դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են։ Այս մասին ԲԴԽ-ում հայտարարեց Անտոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմիլ Ամիրխանյանը՝ արձանագրելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՄԻԵԴ վճիռները՝ որպես առիթ՝ նախատեսվել են միայն օրենսդրական փոփոխություններից հետո, իսկ անձի վիճակը վատթարացնողը նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ։

Բացի այդ, կոնկրետ նորմի խախտում առկա չէ, հակառակ դեպքում դա կներկայացվեր նախարարության կողմից։

Հիշեցնենք, որ Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ 2015թ. կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։

Դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։

2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձանագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։

Այնուհետև, նույն ակտի դեմ երկրորդ անգամ բողոք էր ներկայացվել, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել՝ բավարարելու հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։

Ամիրխանյանը, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել էր, որ նորմն անորոշ է, հետագայում՝ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել նշված նորմը, օրենքի անհստակությունը, սակայն, նախարարության ներկայացուցիչների դիտարկմամբ՝ անհստակությունը չէր կարող ազդեցություն ունենալ որոշման վրա։

«Այսինքն՝ անորոշ էր ՄԻԵԴ-ի համար, բայց Վճռաբեկ դատարանի համար անորոշ չէր»,- նշեց փաստաբան Ամիրխանյանը՝ արձագանքելով նախարարության ներկայացուցիչների պնդումներին։

Բացի այդ, նախարարությունը ջանքեր չի գործադրել նաև դատական պրակտիկայի ուսումնասիրության համար, պնդում են՝ դա ազդեցություն ունենալ չէր կարող։ Ինչ վերաբերում է «մեղքի» աստիճանին՝ դիտավորությանը, ապա նախարարությունը որպես միակ հիմք նշեց միայն այն, որ դատարանն իբրև գիտակցել է իր կողմից խախտումը, մինչդեռ, դատավորի ներկայացուցիչն իր պատասխան ելույթում ընդգծեց, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ դատավորը հաշվի է առել դատական պրակտիկան և հիմնվել այդ պրակտիկայի վրա, հետևաբար, ոչ հստակ նորմն ինչպես կարելի է խախտել՝ այն էլ դիտավորթյամբ։

Ընդ որում, դատավորի ներկայացուցիչն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը կարևորել էր կառավարության կողմից պրակտիկայի ներկայացումը, որը, սակայն Կառավարության կողմից չի եղել, այդ հանգամանքն անգամ չի ուսումնասիրվել կարգապահական վարույթ հարուցելիս։ «Կառավարության անգործությամբ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռ է կայացվում, որի համար պետք է պատասխանատվություն կրի դատավորը»։

Ամիրխանյանն իր պատասխան ելույթում ուշադրություն հրավիրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի վրա, որում նրա պնդմամբ առկա են եղել դատական սխալներ, Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա և այդ հիմքով էլ որոշումը բեկանվել է։

Ուշագրավ է, որ Կարեն Անդրեասյանը նիստի ընթացքում հանդես եկավ ակնհայտ քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ դա մի ժամանակաշրջան էր, երբ Բաղրամյան 26-ից զանգեր և որոշակի գումարի դիմաց որոշում էր կայացվել վարույթ ընդունելու մասին։ «Երկակի ստանդարտների, կոռուպցիոն վերադարձերի և չվերադարձերի։ Արդյոք, դա չէր կարող ազդել դատավորի վրա»։

Արձագանքելով Անդրեասյանին՝ փաստաբանը նշեց, որ չի կարծում, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է նման հարց առաջանալ, նա նաև հիշեցրեց՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 11։50-ին։