Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսը։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Պիստորիուսը չափազանց փորձառու քաղաքական գործիչ է, որը ստուգվել է կառավարման մեջ, երկար տարիներ զբաղվում է անվտանգության քաղաքականությամբ։ Իր կոմպետենտությամբ, համառությամբ և մեծ սրտով նա հենց այն մարդն է, որն անհրաժեշտ է Բունդեսվերին (Գերմանիայի զինված ուժեր-խմբ․) վճռական պահին»,- նորանշանակ պաշտպանության նախարարին ներկայացնելիս հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Պիստորիուսի հակառակորդները պնդում են, որ նա ռազմական փորձ չունի, քանի որ նախքան շրջանային ներքին գործերի նախարարությունը ղեկավարելը, նա եղել է քաղաքապետարանի աշխատակից և որոշ ժամանակ պաշտոնավարել է որպես Օսնաբրյուկի քաղաքապետ:
Միևնույն ժամանակ վերջինիս անվանում էին Ներքին Սաքսոնիայի ամենասիրված նախարարը։ Գերմանական հրապարակումները նշում են, որ նա լավ կապեր է հաստատել անվտանգության մարմինների հետ և ապացուցել է, որ ակտիվ քաղաքական գործիչ է փախստականների ընդունման խնդրի լուծման գործում։
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Քրիսթին Լամբրեխտը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել երկուշաբթի օրը Ռամշթայնի ամերիկյան ռազմակայանում կայացած խորհրդաժողովից առաջ, որը նվիրված էր Ուկրաինային ավելի շատ սպառազինություն տրամադրելու արևմտյան ծրագրերին:
Մինչև այժմ Գերմանիան զգուշորեն հավանություն է տվել «Լեոպարդ» տանկերի տրամադրմանը, քանի որ երկիրը մտահոգություններ ուներ, որ նման քայլը կարող է ընկալվել որպես պատերազմի էսկալացիա։ Այս տանկերից ունեցող այլ երկրների նույնպես անհրաժեշտ է Բեռլինի հաստատումը, որպեսզի վերջիններս կարողանան դրանք փոխանցել Կիևի ռեժիմին։