copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:06 14-01-2023

Նորից հանուն ծաղկաձորյան տուրիզմի փրկության․ Ծառուկյանը ճիշտ կանի իր գումարները ուղղի ոչ թե կիսաֆեյքային ստատուսներ պատվիրելուն, այլ ճոպանուղին զարգացնելուն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմում խիստ ծանր են տարել օրեր առաջ ծաղկաձորյան տուրիզմի մասին մեր հրապարակումը։ Մի անմեղ հրապարակում, որից թվում էր, որ պետք է դասեր քաղեին եւ քայլեր ձեռնարկեին։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը գրել էր, որ բազմաթիվ տուրիստներ ձյուն չլինելու պատճառով չեղարկել են իրենց ամրագրումները, իսկ նրանք, ովքեր պետք է որոշ ժամանակ դեռ հանգստանային, ավելի վաղ են մեկնել, որովհետև «չկա ձյուն, անելիք չկա Ծաղկաձորում»։ Նշել էինք նաեւ, որ այն քաղաքներում, որտեղ ամբողջ տարի ապրում են ձմեռային տուրիզմի հաշվին, ձյուն ստեղծող սարքեր են տեղադրում (пушка), որի մեջ ջուր լցնելով՝ ձյուն են ստանում։

«Հիմա հաշվի առնելով, որ Ծաղկաձորը ամբողջ տարի ապրում է ձմեռային տուրիզմի հաշվին, ճոպանուղու սեփականատերը՝ Գագիկ Ծառուկյանը, կարող էր մի քանի նման սարք տեղադրել․ և՛ ինքը գումար կաշխատեր, և՛ մյուս տնտեսվարողները։ Չէ՞ որ տարիներ ի վեր ճոպանուղու վճարը բարձրացել է՝ հասնելով 10-12 հազար դրամի և գերազանցելով ԱՊՀ մի շարք երկրներին, սակայն որակական որևէ փոփոխություն չի կատարվել, այսինքն՝ վերանորոգում, վերազինում, փակ «կաբինաների» ստեղծում, անվտանգության ապահովում, ոչինչ չի իրականացվել»,-գրված էր մեր հրապարակման մեջ։

Ծառուկյանամերձ կիսաֆեյք պրոֆիլների եւ կայքերի միջոցով մի քանի օր է՝ փորձում են հերքել մեր հրապարակումը՝ մի լալահառաչ ձոն նվիրելով սիրելի ղեկավարին եւ բազմաթիվ հայհոյանքներ, վիրավորանքներ մեր լրատվամիջոցի հասցեին, բայց դրանից, իհարկե, Ծաղկաձորի ճոպանուղին ավելի լավը չի դառնում, ոչ էլ տուրիստներն են շատանում։ Իհարկե, անիմաստ է արձագանքել եւ քննարկել «պարոն Ծառուկյանի սուրբ գործը գովերգողների» տեքստերը, ընդամենը կբավարարվենք մեկ-երկու փաստական տվյալ նշելով։

Նախ, հաջորդ անգամ նման ներբող պատրաստելիս ճիշտ կլինի՝ ոչ թե նշեք մեծաթիվ ներդրումներ, այլ կոնկրետ մի քանի օրինակ, թե ինչ ներդրում է կատարվել, օրինակ՝ փակ կաբինա այդպես էլ չի ստեղծվել, անվտանգության առումով ոչինչ չի փոխվել, ճոպանուղին դանդաղ բարձրանում է, դանդաղ իջնում, ճռճռալով, վախը սրտումդ օգտվում ես, դե էքստրեմալ տուրիզմ է, գիշերային լուսավորություն ապահովե՞լ են․․․եւ այսպես բազմաթիվ հարցեր կարելի է տալ։ Հավանաբար ներդրում են համարում վայրի խոզերի տեղակայումը մայրուղու հատվածում...Ավելին՝ այնքան շատ է գումար աշխատելու մոլուցքը, որ Ծառուկյանը անգամ կայանատեղիի տարածքում է որոշել հյուրանոց կառուցել, երբ սեզոնին կայանատեղիում ասեղ գցելու տեղ չկա, իսկ թե որտեղ պետք է դահուկորդները կանգնեցնեն իրենց մեքենաները եւ ծանրաքաշ իրերով քանի կմ պետք է քայլեն մինչեւ ճոպանուղի, «մեծ բարերարին» չի հուզում։

Ինչ վերաբերում է մյուս փաստական տվյալին, թե «գինը տուրիստների ու մնացած քաղաքացիների համար արժե 3000 դրամ, սա բոլորը գիտեն, իսկ պրոֆեսիոնալ զբաղվողների համար, 10 մուտքը արժե 11000 դրամ, 30 մուտքը 13000 դրամ»: Ապա այստեղ եւս մեզ դրել են «փափախող քրդի տեղ»։ Մեր հրապարակումը պրոֆեսիոնալ դահուկորդների մասին է, որոնց մեկօրյա աբոնիմենտը առնվազն 11 հազար դրամ է։ Դահուկորդը հո օրվա մեջ մի մուտք չի ունենում, վերցնում է մեկօրյա աբոնիմենտ եւ օգտվում 10-30 անգամ՝ վճարելով 11-13 հազար դրամ։ Ի դեպ, նույն Վրաստանում պրոֆեսիոնալ դահուկորդների մեկօրյա աբոնիմենտը 30 լարի արժե՝ 5000-6000 դրամի սահմանում է, իսկ մուտքը՝ անսահմանափակ։ Եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիա, Ավստրիա՝ 30-40 եվրոյի սահմանում, այսինքն` 12-16 հազար դրամ, ընդ որում մուտքը անսահմանափակ, կարող են օգտվել նաեւ գիշերը, քանի որ ապահովված է գիշերային լուսավորությամբ, անվտանգության եւ պայմանների մասին էլ չասած։

Ի դեպ, Ծաղկաձորի ճոպանուղում, ի տարբերություն մի շարք երկրների, գոյություն չունի մանկական գին, երեխաների համար վճարում են այնքան, ինչքան մեծերի համար։ Այնպես որ պարոն Ծառուկյանը ճիշտ կանի իր գումարները ուղղի ոչ թե կիսաֆեյքային ստատուսներ պատվիրելուն, այլ ճոպանուղին զարգացնելուն։