Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:35 09-01-2023

Մարդիկ չեն պատկերացնում, թե ճանապարհի փակ լինելը որքան աղետաբեր է մեզ համար․ արցախցի մայրերը հավաքվել էին «Կարմիր խաչի» գրասենյակի մոտ

«Մարդիկ հաճախ չեն պատկերացնում, թե Արցախի ճանապարհի փակ լինելը որքան աղետաբեր է մեզ համար։ Շատերը մտածում են, որ Արցախը երևի իր տնտեսությունը ունի և ինչ-որ կերպ մարդիկ կարողանում են ապրել։ Բայց իրականությունն այն է, որ մենք տնտեսապես գրեթե ամբողջությամբ կախված ենք Հայաստանից»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Տաթևիկ Խաչատրյանը։

«Ես մի քանի օրինակներ եմ ուզում ներկայացնել՝ բացատրելու համար, թե իրականում ինչ իրավիճակ է Արցախում։ Օրինակ՝ ես այսօր փորձեցի որևէ խանութից ինչ-որ մթերքներ տանել տուն, բայց իմ թաղամասի խանութների մեծ մասն արդեն փակ էր, որովհետև ապրանք չունեն վաճառելու, իսկ որոնք էլ բաց էին, մնացել էր 1-2 թեյ, 1-2 լուծվող սուրճ կար, մի քանի կոնֆետ ու վերջ, ուրիշ ոչինչ չկա։ Իրավիճակն իրոք շատ լուրջ է, ու ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները գիտակցեն, որպեսզի իրենք էլ իրենց գործողություններով իրավիճակը շտկելու փորձ անեն։ Ուզում եմ ճիշտ ընկալվի ասածս, մենք իրավիճակն ավելի լարելու խնդիր չունենք, մենք իրավիճակի հանգուցալուծում ենք ուզում։ Իրավիճակը շատ ավելի ծանր է այն ընտանիքներում, որոնք բաժանված են, կարո՞ղ եք պատկերացնել ծնողի վիճակը, երբ 5-6 տարեկան երեխան նրան հարցնում է՝ մայրի՛կ, ինչո՞ւ չես գալիս, կամ ինչո՞ւ ես չեմ կարող քեզ մոտ գալ․ դժվար է բացատրել։ Իմ հարևանները 4 մանկահասակ երեխա ունեն, սովորականի պես առավոտյան ամուսիններով գնացել են Լիսագոր՝ դասավանդելու, ու հիմա չեն կարողանում վերադառնալ տուն, այս պահին ամուսնները զրկվել են իրենց 4 երեխաներին խնամելու, իրենց ընտանիքի կողքին ապրելու իրավունքից։ Իմ քույրը ամուսնացած է Գյումրիում, իր մանկահասակ, կրծքով կերակրվող բալիկի հետ եկել էր մեզ տեսակցության, իր ամուսինը մեքենայով բերել, թողել էր պայմանով, որ մի քանի օր անց պիտի գար կնոջ և երեխայի հետևից, բայց ճանապարհները փակվել են։ Իմ քույրը մինչև հիմա երեխայի հետ տոտալ շրջափակման մեջ է, իսկ ամուսինը ծանր ու հուսահատ վիճակում է, որովհետև եթե ընտանիքի հայր ես ու պատասխանատվություն ես զգում կնոջ ու երեխայի նկատմամբ ու քո ձեռքով տարել թողել ես շրջափակման մեջ, շատ ծանր ապրումներ են»։

Առկա խնդիրների մասին Արցախի մայրիկների ակումբի անդամները պատմել են նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներին այսօր իրականացված ակցիայի ընթացքում։ Տաթևիկը պատմեց, որ հանդիպմանը նշել են, որ գիտակցում են, որ հարցի քաղաքական կողմը Կարմիր խաչում չեն կարող լուծել, բայց նաև նշել են, որ ակնկալում են, որ հումանիտար աղետը կանխել կկարողանան կազմակերպությունում։

«Մենք ակնկալում ենք, որ ի վերջո երեխաների համար ինչ-որ չափով կկարողանան սնունդ բերել, որպեսզի պարտեզները գոնե կես օրով աշխատեն։ Տարրական հիգենայի պարագաներ, կաթնախառնուրդ հնարավոր կլինի բերել։ Դա բացառապես այդ կաթնախառնուրդով սնվող երեխաների համար բավական ծանր խնդիր է, որովհետև եթե նկարներով ու վիդեոներով հետևում եք, դեղտները և խանութները դատարկ են, մինչդեռ այդ երեխաները այլընտրանքային սնունդ չունեն, որպեսզի նրանց կյանքը և անվտանգությունը ապահովված լինի։ Իրենք ասացին, որ այդ իրավիճակի մասին տեղյակ են, սակայն առայժմ կարողացել են միայն մի քանի ծանր հիվանդների տեղափոխել Հայաստան, իսկ ավելի լայն գործունեության համար իրենց հնարավորությունները սահմանափակ են։ Բանն այն է, որ իրավիճակն այնպիսին է, որ մեկ հարց լուծելու համար իրենք միանգամից բանակցում են և Արցախի կառավարության, ադրբեջանական կողմի հետ և խաղաղապահների հետ, իսկ իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ եթե մի կողմը որևէ հարցի հետ կապված ասում է սպիտակ, մյուս կողմն ասում է սև և այդ պայմաններում իրենց գործունեությունն ավելի է բարդանում»։

Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունում էլ փաստել են, որ խնդիրը չափազանց քաղաքականացված է, և որ իրենք առաջարկելու ոչինչ չունեն։

«Անկեղծ, մենք որքան հուսահատ մտանք հանդիպման, ավելի հուսահատ դուրս եկանք։ Հիմա միակ հույսն այն է, որ լուսաբանումների միջոցով մեր խոսքը կհասնի միջազգային հանրությանը, և նրանք որևէ կերպ ինչ-որ ջանքեր կգործադրեն Արցախի 120 հազար մարդուն սովամահությունից փրկելու, նրանց կյանքի, սնունդով ապահովված լինելու, կրթության իրավունքի և բազմաթիվ տարրական հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու համար»։