Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:40 05-01-2023

ՆԳՆ ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը

Կառավարության որոշմամբ ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա շատ կարևոր և մասշտաբային փոփոխություն է, քանի որ որդեգրվել է նախարարությունների և Կառավարության կառուցվածքն օպտիմալացնելու քաղաքականություն:

«Այս որոշումն այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է: Երկրորդ շատ կարևոր հանգամանքը հետևյալն է. որ մենք նաև ոստիկանության ծառայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ենք ուժեղացնում, նաև ՆԳ բնագավառում քաղաքականություն մշակող ավելի արդյունավետ մարմին ենք ստեղծում, որովհետև մինչ այդ այդ ոլորտում քաղաքականությունների մշակմամբ զբաղվում էր հիմնականում արդարադատության նախարարությունը, և հիմա կարծում ենք, որ, հաշվի առնելով արդարադատության նախարարության ծանրաբեռնվածությունը նաև գործունեության պրոֆիլային լինելու հետ կապված նրբությունները, կայացրել ենք այսպիսի որոշում, և, ըստ էության, մյուս շաբաթվանից արդեն գործնականում ոլորտի քաղաքականության մշակմամբ կզբաղվի ՆԳՆ-ն»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ՆԳՆ-ի մոդելը կիրառվել է ՊՆ-ում: Էությունն այն է, որ ոստիկանության պետը և ՓԾ պետը միևնույն ժամանակ կլինեն ՆԳ նախարարի տեղակալներ:

«Նաև ՆԳ նախարարը կունենա երկու տեղակալ. նրանցից մեկը կզբաղվի հենց ոստիկանության և ՆԳ համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուս նախարարի տեղակալը կզբաղվի քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այն, որ մինչև հիմա ոստիկանության համակարգում գոյություն ունեցող անձնագրերի և վիզաների վարչությունը միացվում է Միգրացիայի ծառայությանը, և այդ ծառայությունը դառնում է քաղաքացիական բնույթի:

«Իհարկե, սա, մեծ հաշվով, ոստիկանության, ՆԳ համակարգի և ՓԾ բարեփոխումների շատ մեծ մի փաթեթի սկիզբն է, և մենք խնդիր ենք դրել, որ և՛ ոստիկանությունը, և՛ ՓԾ-ն, և՛ միգրացիայի և անձնագրային ոլորտում մեր մատուցած ծառայությունները պիտի համապատասխանեն ժամանակակից լավագույն չափանիշներին: Իհարկե, մենք դա մի քայլով, մի գործողությամբ չենք անի, բայց համոզված եմ, որ այս նպատակին կհասնենք, որովհետև կարծում եմ՝ Կառավարության վճռականությունն է նաև ի ցույց դրվում սրանով՝ բարեփոխումների ուղեգիծը շարունակելու»,- հավելեց վարչապետը:

«Ես նաև խնդիր եմ առաջադրել, որ օր առաջ մեկնարկի ոստիկանության և ՓԾ ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ունի երկու կարևոր ուղղություն. առաջինը աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը, և երկրորդը՝ նոր որակական ստանդարտների և նոր որակի ծառայության ակնկալիքը և՛ հանրության կողմից, և՛ ոստիկանության, և՛ ՆԳ նախարարության կողմից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը պետք է պարտադիր կերպով զուգորդվի որակական նոր պահանջների և նոր ստանդարտների քաղաքականությամբ, որպեսզի հանրային միջոցների ծախսումը լինի մաքսիմալ արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ 2023 թվականի ընթացքում գոնե ապրիլ-մայիսից արդեն կլինեն առաջին ատեստավորման արդյունքները, երբ առաջին աշխատողներն ատեստավորված կստանան Կառավարության կողմից խոստացված և իրենց վաստակած աշխատավարձը: