Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:58 01-01-2023

Շարժերը բարձրագույն կրթությունում ունեն առօրեական բնույթ. կրթական տարվա ամփոփում 2022

Շատ դժվար և, միևնույն ժամանակ հեշտ հարց եք տալիս. դժվար, որովհետև այն նախ պահանջում է սահմանել, թե ինչ ասել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ։ Բայցև հեշտ, որովհետև այն շարժերը, որոնք տեղի են ունենում մեր բարձրագույն կրթությունում, ունեն հիմնականում առօրեական բնույթ, և չեն շոշափում այն հանգույցները, որոնց բարեփոխումը հնարավորություն կտար համարձակորեն դրանք բնութագրել «առաջընթաց» եզրույթով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արևելագետ բարձրագույն կրթության ոլորտի մասնագետ Սամվել Կարաբեկյանը՝ խոսելով անցնող տարում բարձրագույն կրթության խնդիրների, առաջընթացի, բացթողումների մասին։

Պատասխանելով հարցին, թե բարձրագույն կրթության համակարգում այս տարի ինչ առաջընթաց է գրանցվել նախորդ տարիների համեմատությամբ՝ Սամբել Կարաբեկյանն ասաց․ «Լայն առումով կարելի է պնդել, որ դասական առումով մենք բարձրագույն կրթության համակարգ, որպես պատշաճորեն փոխկապակցված և փոխգործակցող կազմակերպությունների և նրանց գործունեությունը կանոնավորող գործընթացների և քաղաքականությունների ամբողջական մեխանիզմ, մենք չունենք․ գրեթե բացակայում է միջբուհական համագործակցությունը, առկա չեն վեր(միջ)բուհական կառույցներ, որոնք կոչված են առաջ տանելու բուհական հանրության միասնական շահերը, դեռևս համակարգված կերպով չի իրականացվում ծրագրային բարեփոխումը, բարձրագույն կրթությունը կարգավորող օրենսդրությունը ժամանակավրեպ է, իսկ նոր օրենսդրություն ունենալու փորձերը վերը նշված միասնական շահերի բացակայության պայմաններում պարբերաբար արդյուանվետորեն խափանվում են հանրային և քաղաքական տարբեր խմբերի կողմից. այս և մի շարք այլ իրողություններ բերում են նրան, որ բարձրագույն կրթությունը, անկախ առանձին հատվածներում և հաստատություններում գործադրվող առանձին ջանքերի, հայտնվում է շրջապտույտի մեջ»։

Խոսելով բարձրագույն կրթությունը բարելավելու ուղղությամբ արված քայլերի բավարար լինելու մասին՝ բարձրագույն կրթության ոլորտի մասնագետն ասաց․ «Կարծում եմ՝ մասամբ անդրադարձել եմ դրան Ձեր նախորդ հարցի առնչությամբ։ Ավելացնեմ միայն, որ քայլերը կարող են որպես բավարար գնահատվել միայն այն պարագայում, եթե նախ ուղղված են բարձրագույն կրթության գործուն համակարգ ձևավորելուն։ Այլապես դրանք հատվածային և այսրոպեական լուծումներ են ընդամենը։ Տարեվերջին ականատես եղանք նման իրավիճակի, երբ վերստին խոսվեց բուհերի խոշորացման մասին (իսկ դա համակարգաստեղծ գործընթաց է ինքնին), սակայն հենց հատվածային լուծումներ տալու արմատավորված ավանդույթը թույլ չտվեց համակարգված կերպով պլանավորել և իրականացնել խնդիրը»։

Անդրադառնալով խնդրին, որ տարիներ շարունակ շատ է խոսվել այն մասին, որ բուհերում աշխատաշուկային համապատասխան մասնագետներ չեն պատրաստում և արդյոք այս տարի բուհերն այդ հարցում որևէ դրական տեղաշարժ արձանագրել են, թե ոչ՝ Կարաբեկյանն ասաց․ «Այդ խնդիրը, նաև վերը նշված պատճառներով, սկզբունքորեն անլուծելի է ներկա սերնդի կրթական ծրագրերի պայմաններում՝ կոշտ, ոչ ճկուն ուսումնական պլանի հենքով կառուցված։ Եվ անգամ որոշ կիրառական, աշխատաշուկայում համեմատաբար բարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասով ունեցած հաջող փորձերը չեն կարող փոխել ընդհանուր պատկերը։ Չմոռանանք նաև, որ մեր աշխատաշուկան էլ իր հերթին ձևավորված համարել հազիվ թե հնարավոր է»։

Կրթության ոլորտում այս տարի առկա խնդիրների լուծմանը նպաստող քայլերի մասին Կարաբեկյանը նշեց մի քանիսը.

«1.Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում

2.Բարձրագույն կրթության համակարգի ձևավորմանն ուղղված քայլեր, մասնավորապես, մեթոդաբանորեն հիմնավորված և համակարգված մոտեցմամբ բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացման և լավարկման առումով

3.Ծրագրային բարեփոխման իրականացում

4. Հավատարմագրման գործընթացներին աջակցելու ծրագրի իրականացում»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ