«Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների բաց նամակը՝ ուղղված այդ երկրի նախագահին, խորհրդատվական բնույթ ունեցող հերթական նախաձեռնությունն է»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները մոտ մեկ ամիս առաջ 1 կամ երկու շաբաթ տարբերությամբ բանաձևեր ընդունեցին։ Ե՛վ Արցախի անկախությունն էին ճանաչում, և՛ Ադրբեջանի ագրեսիային վերաբերող կոչ էր արվում Կառավարությանը։ Այն է՝ նպաստել Հայաստանի պաշտպանության մակարդակի բարձրացմանը և այլն։ Սակայն դեպքերը ցույց տվեցին, որ ըստ էության՝ Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն ոչինչ չարեց, այլև հայտարարեց, որ իրենց համար խորհրդարանի ներկայացրած նախագծերը պարզապես խորհրդատվական բնույթ ունեն և չեն կարող ազդել Ֆրանսիայի քաղաքականության վրա։ Հետևաբար, ես այս անգամ ևս այնքան էլ հակված չեմ հավատալու, որ Ֆրանսիայի օրենսդիրների հերթական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի»,- ասաց նա։
Քաղաքագետը սա բացատրում է նրանով, որ Ֆրանսիան Հայաստանի շահերը չի կարող գերադասել իր պետական շահերին։
«Այդ շահն այս պահին պահանջում է չսրել հարաբերություններն Ադրբեջանի հետ, որովհետև Ֆրանսիան այնտեղ ունի տնտեսական շահեր, և Ֆրանսիայի համար Ադրբեջանը, ըստ էության, վառելիքի այլընտրանքային մատակարարման աղբյուր է դիտարկվում։ Չեմ կարծում, թե Մակրոնը կգնա Ալիևի հետ հարաբերությունների սրման՝ հանուն Հայաստանի»,- ասաց փորձագետը։
Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Ֆրանսիան, ըստ էության, որևէ բան փոխել չի կարող։
«Իրենց համար, իհարկե, իդեալական կլինի, եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից։ Ամեն դեպքում, իրենց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, այնքան էլ պետք չէ, որ համանախագահ երկրներից մեկն այնտեղ ունենա զինված կոնտինգենտ։ Հիմնականում սա է նպատակը՝ ցույց տալու համար, որ իրենք կանգնած են արցախահայության կողքին։ Ինչ վերաբերում է գործուն քայլերին, ապա, պետք է երևի նշել, որ կան շատ և շատ ավելի «կարևոր» հարցեր, քան 120․000 հայի ճակատագիրը։ Պատմությունն այդպես է ցույց տվել։ Երբ Մուսա լեռան ժողովրդին ֆրանսիական ռազմանավը հանեց, դա իրենց չխանգարեց 1921 թվականին Կիլիկիան վերադարձնել թուրքին։ Այսինքն, այնտեղ, որտեղ կա մեծ քաղաքականություն և աշխարհաքաղաքական շահ, հույզերը տեղ չունեն»,- եզրափակեց փորձագետը։