copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 19:01 27-12-2022

Պարտավոր ենք տարածաշրջանի ամենազինվածը լինել՝ չխնայելով մեր հագի շորերն անգամ․ ԱՀ Գրողների միության նախագահ

«Ամեն գնով զինվել, զինվել ու զինվել գերժամանակակից զենքերով, որ խաղաղություն լինի։ Թշնամուց ուժեղ պիտի լինենք։ Ուրիշ տարբերակ չկա»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Արցախում մտավորականությունը ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից իրենց բնապահպան հռչակած ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող Բերձորի ճանապարհը՝ Արցախի համար ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

«Մտավորականություն հասկացությունն Արցախում իր մեջ ներառում է բազմաթիվ ոլորտներ ու գործառույթներ՝ շարքային ուսուցչից մինչեւ զինվորական, քաղաքական գործիչ եւ այլն, եւ այլն։ Չկա կոնկրետ ճամփաբաժան։ Եվ, այնուամենայնիվ, ծանր վիճակի ելքը տեսնում ենք ազգային միաբանությամբ /Հայաստան-Արցախ-Սփյուռք/ հզոր ինքնապաշտպանության հասնելու մեջ, առանց որի չի կարող լինել նաեւ գործուն դիվանագիտություն։ Կարեւորում ենք իսկական, ոչ սուտուփուտի, դաշնակից ունենալը»,- ընդգծեց Հակոբյանը։

«Մանավանդ հիմա, երբ Բերձորի շրջափակման առիթով նորից արցախյան խնդիրը քննարկման է դրվել ՄԱԿ-ում, (շրջափակումը նույնպես պատերազմ է), պիտի մեր բանագնացներն աշխատեն բարձր դիվանագիտությամբ։ Թուրքիան, եթե Ադրբեջանի դաշնակիցն է, ինչու չի կարող այսքան բարի տրամադրված Ֆրանսիան լինել մեր դաշնակիցը։ Որքան շատ լինեն հզոր եւ մանավանդ գործուն բարեկամները, այնքան լավ։ Պարտավոր ենք տարածաշրջանի ամենազինվածը մենք լինել, ամեն գնով՝ չխնայելով մեր հագի շորերն անգամ։ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր բարեկամը, (այնպես, ինչպես որ կա, ածականից խուսափենք), բայց նրա առաջին բարեկամն իր շահն է, մեզ համար էլ պիտի մեր առաջին բարեկամը լինի մեր ժողովրդի շահը։ Բնական է։ Գործողությունների տրամաբանությունը և միջազգային քննարկումներում դրսևորած դիրքը ցույց են տալիս, որ ավելի շատ մեր թշնամու բարեկամն է ռուսական իշխանությունը, քան մեր։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ազերական սուտը, որ Լաչինի միջանցքը բաց է, ներկայացնում է իբրև ճշմարտություն, մինչդեռ դժվար չէր զանգել ռուս խաղաղապահներին ու ճշտել՝ ինչն ինչոց է», - ասում է Վարդան Հակոբյանը։

Պատասխանելով այն հարցին, թե Գրողների միությունը ինչով է նպաստում և արդյո՞ք կարողանում է մասնակցել ստեղծված իրավիճակի լուծմանը, Գրողների միության նախագահը նկատում է․ «Գրողը, որքան էլ վիճակը լինի ճգնաժամային, ժողովրդական ոգու պահապան է՝ իր գրականությամբ, ազգային գաղափարաբանությամբ, մարդկանց միաբանելու, հոգևոր ուժ ներարկելու եւ այլ առումներով։ Կա գրականություն, ուրեմն կա ժողովուրդ։ Նա ազգային սիրո մերան է դառնում բոլոր այն ժամանակներում, երբ թվում է, թե այլեւս փրկություն չկա։ Ելքը գտնվում է այնտեղ, ինչպես Սեւակն է ասել․ «Ուր վերջանում է հնարը»։ Եվ ծնվում են խիզախ ու հերոսական այրեր՝ ճեղքելով արհավիրքները, առաջնորդում ազգին դեպի հաղթանակ։ Արցախի գրողները միշտ պայքարի առաջնագծում են եղել։ Ու են»։

Խոսելով Արցախյան պատերազմին իրենց մասնակցությունն ունեցած մտավորականների մասին՝ Հակոբյանը նշում է․ «Մեր գրողներն Արցախյան պատերազմներին մասնակցել են նաև զենքով․ Ռոբերտ Եսայան, Արիս Գրիգորյան, Գագիկ Բեգլարյան, Սպարտակ Հակոբյան, Լեռնիկ Հակոբյան․․․ Իսկ Սամվել Շահմուրադյանը, Կոմիտաս Հակոբյանը, Հայասեր Հովսեփյանը, Վահրամ Լալայանը, որ մեր տաղանդաշատ ու խոստումնալից գրչեղբայրներն էին, հերոսաբար զոհվել են ռազմի դաշտում։ Խնդիրը պիտի լուծենք միասնական ուժերով։ Ազգովի։ Երբ երկիրը օրհասական պահի մեջ է, բոլորս նրա երդվյալ զինվորներն ենք։ Ով չի միաբանվում, դավաճան է»։

Անդրադառնալով Գրողների միության գործունեությանը ներկա պահին, և պատասխանելով այն, հարցին, թե քննարկումներ, ժողովներ լինո՞ւմ են, Հակոբյանն ասաց․ «Քննարկումներ, խորհրդատվություններ, հանդիպումներ միշտ էլ լինում են։ Գրողներն, ինչպես ասացի, ակտիվորեն ներքաշված են ժողովրդի համար կարևոր հիմնախնդիրների լուծման գործում»։

«Մենք հնարավոր շատ պահեր ենք աններելիորեն բաց թողել տարիների ընթացքում, ինչպիսին, ասենք, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, հիմա էլ պիտի գնալ դրան՝ հիմնավոր հող ու հարմար իրադրություն ստեղծելով։ Ցանկալի վաղը պայմանավորված է մեր ազգին հատուկ նոր զարթոնքով, կուռ, համախմբվածությամբ ու անդրանիկ-նժդեհյան սխրանքով, քաղաքական հեռատեսությամբ»,- ասաց Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե այս ամենն ինչ հնարավոր ավարտ կարող է ունենալ։

«Մեր ազգի մեջ հերոսականությունն առաջնային է ու անսպառ։ Ամեն ինչ պիտի անենք գերժամանակակից զենքեր ձեռք բերելու համար։ Խաղաղությունը դա է պահանջում։ Այլ տարբերակ չկա։ Եթե ինքնապաշտպանություն չունես, ոչ մի դիվանագիտություն, ինչպիսին էլ այն լինի, ունակ չէ քեզ փրկելու», - եզրափակեց Վարդան Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ