Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:14 27-12-2022

Հայաստանը տեխնիկական հնարավորություն չունի սահմանափակելու ինտերնետի հասանելիությունը․ Գրիգոր Սաղյանը՝ նոր նախագծի մասին

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ իրականացնել, մասնավորապես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որը վերաբերում է ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի և հավելվածների մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը։

Օրենքն ընդունելու դեպքում Կառավարությունը կարող է ժամանակավոր կասեցնել (արգելափակել) Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը, ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում կատարել։

«Ինտերնետ Հանրություն» հ/կ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ Հայաստանը տեխնիկական հնարավորություն չունի սահմանափակել ինտերնետի հասանելիությունը, միակ բանը, որ կարող է Հայաստանի Հանրապետությունը կատարել՝ դա «.am» և «.hay» գոտիներում սահմանափակումն է, որովհետև այդ գոտիների հասանելիությունը տրամադրում է «Ինտերներտ հանրության» ՀԿ-ն։

«Նշեմ, որ մինչև այսօր ռազմական և արտակարգ իրավիճակների պարագաներում «Ինտերնետ հանրությունը» կատարել է հրահանգները, որոնք եկել են վերադաս օրգաններից, մասնավորապես, ԱԱԾ-ից»։

Նա ընդգծեց, որ «.am» և «.hay» տիրույթներից բացի այլ տիրույթներում, օրինակ, «.com» տիրույթում գտնվող կայքերի սահմանափակումն անհնարին կլինի, այս դեպքում կստեղծվի մի իրավիճակ, որ օգտատերերը կսկսեն տեղափոխվել դեպի այլ դոմերններ, օրինակ՝ «․сom» հարթակ։

«Ես չեմ ասում, որ «.am» և «.hay» տիրույթները ավելի լավն են, բայց այս տիրույթում մարդիկ ավելի հանգիստ են զգում իրենց»։ Սաղյանն ասաց, որ սահմանափակումները կիրառելու համար լիազոր մարմինը պետք է օպերատորներին՝ «Թիմ», «ՄՏՍ» և «Յուքոմ» -ին, ուղարկի ցանկ այն կայքերի, որոնք անհրաժեշտ է արգելափակել, որոնք ունեն հնարավորություն դա անելու, այս օպերատորներն իրենց սարքերով տվյալ կայքերի հասանելիությունը կփակեն, իսկ ժողովուրդը կսկսի օգտագործել VPN-ը։

«Օրինակ, ադրբեջաական արգելափակումների ժամանակ ամենաժողովրդական ծրագիրը հենց VPN էր, որի արդյունքում այդ սահմանափակումները դարձել էին անիմաստ։ Այսինքն, ստացվում է՝ ինտերնետը փակելու տեխնիկական հնարավորություն չկա»։

Անդրադառնալով սոցիալական ցանցերին և որոնման համակարգերին՝ նա ընդգծեց, որ այստեղ համագործակցություն կա։ «Ես չգիտեմ, թե ինչ մակարդակով է այդ համագործակցությունը, բայց արգելափակումների վերաբերյալ վիճակագրությունը մենք ունենք։ Մյուս կողմից հաշվի առնենք, որ facebook-ը, twitter-ը իրենց սեփական ալգորիթմը ունեն, թե որն են իրենք համարում փակելու ենթակա, որը՝ ոչ։ Օրինակ՝ Իլոն Մասկը գրեց և հայտարարեց, որ պետք է լինի twitter-ում լիակատար ազատություն և ոչ մեկի չի արգելափակելու։

Հետևաբար, միակ տարբերակը որևէ տեղեկատվություն արգելափակելու պետք է ամբողջությամբ արգելափակել twitter-ը։ Այս դեպքում պետք է Հայաստանում ամբողջությամբ նոր համագործակցության հարթակ ստեղծել, ինչը իրատեսական չէ։ Տեսեք, օրինակ՝ Իսպանիայում Հայաստանն ունի դեսպանատուն, հիմա հարց․ Իսպանիա՞ն ունի Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն, թե ֆեյսբուքը, թերևս ֆեյսբուքը, բայց ֆեյսբուքում մենք դեսպանատուն չունենք։ Հետևաբար, դրա մասին է պետք մտածել, հակառակ դեպքում, կարող ենք որոշումներ կայացնել, բայց դրանք կմնան թղթի վրա»։

Անդրադառնալով հավելվածների սահմանափակմանը՝ նա ընդգծեց, որ սա ևս անհասկանալի է, քանի որ առանց հավելված էլ կարող ենք այցելել ցանկացած կայք Google-ի միջոցով։ «Ընդհանուր առմամբ շատ նախագծում մոտեցումներն արատավոր են։ Ամենուր նշվում է ՀՀ տարածքում, սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը ընդհանուր կիբեր տարածքից համարվում է անջատված, մինչդեռ, կիբեր տարածքը ինտերնետին միացած բոլոր համակարգիչներն են։ Հիմա Ռուսաստանն ու Չինաստանն ուզում են իրենց սուվերեն ինտերնետ տարածքը ձևավորել, բայց ոչինչ չի ստացվում։ Ցանկացած նման իրավիճակում VPN օգնության է հասնելու։ Անգամ Չինաստանը չի կարողանում սուվերեն ինտերնետ տարածք ձևավորել այն դեպքում, երբ 1 մլն մարդ այս պահին փորձում է հետևել, որ այդ «պատն» աշխատի, բայց միևնույն է՝ Չինաստանից էլի մարդիկ կարողանում են մտնել կիբեր տարածք։

Չինաստանը մինչև 2030 թիվը նախատեսում է ունենալ առանձին կիբեր տարածք, երբ դա նրանց հաջողվի՝ կարող ենք ասել, որ կա սուվերեն ինտերնետ, իսկ հիմա նման սուվերեն ինտերնետ չկա։ Նա նշեց, որ թեև նախատեսվում է ռազմական իրավիճակի ժամանակ սահմանափակումներ կատարել, բայց մինչ այդ՝ ոչ ռազմական դրության պայմաններում սա պետք է փորձարկել։ «Բայց ես պնդում եմ, որ դա հնարավոր չէ իրականացնել։ Եթե Չինաստանը չի կարողացել, մենք հաստատ չենք կարողանա դա անել»։