copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:58 27-12-2022

Եթե շատ լինեինք՝ ռուսների հետ բանակցություններն այլ ձևով կվարեինք․ «Ամանորյա այց՝ Արցախ» նախաձեռնության անդամ

«Ամանորյա այց՝ Արցախ» նախաձեռնության շրջանակներում արցախցի երեխաների համար նախատեսված նվերները հասցեատերերին չեն հասել։ Oragir.News-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Հայկ Բարսեղյանն ասաց, որ Արցախ տանող ճանապարհին վերահսկողություն իրականացնող ռուս խաղաղապահներն իրենց հորդորել են չառաջանալ՝ ադրբեջանցիների սադրանքներին չենթարկվելու համար։

«ՄԵզ ասացին, որ մենք չեն կարողանա ձեր անվտանգությունն ապահովել։ Ասացին, որ եթե գնանք՝ այնտեղ 100 տոկոսով բախում է լինելու։ Մենք իրենց հետ բանակցությունների ընթացքում 6 անգամ տարբեր ձևակերպումներով նույն հարցն ենք տվել։ Հարցը հնչել է այսպես՝ ե՞րբ, ե՞րբ եք բացելու ճանապարհը։ Ռուսական կողմի ներկայացուցիչը, որին մենք խնդրեցինք ներկայանալ, բայց ինքը չներկայացավ՝ 6 անգամ պատասխանեց, որ պետք է որոշեն պրեզիդենտները։ Պրեզիդենտ բառը հնչել է՝ բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։

Հայկի խոսքով՝ իրենք ռուս խաղաղապահներից փորձել են նաև պարզել, թե Արցախի Հանրապետության տարածքում գտնվող 120․000 հոգին որքան պետք է սպասի։ «Այդ զինվորականը, պարզ է, որ չի կարող իր անձնական տեսակետը հայտնել։ Պետք է ասի այն, ինչ պրոտոկոլով սահմանված է։ Նաև մեջբերում էր, որ պետք է հանդիպում կայանա,խոսքն ԱՊՀ գագաթաժողովին է վերաբերում, որի արդյունքում ինչ-որ բան պետք է որոշվեր։ Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց ամեն ինչ պարզ էր, որ ամեն ինչ պետությունների մակարդակով է, ոչ թե ուժի գրագետ կիրառման։ Որովհետև տրամաբանական հարց է առաջանում․ այդ ինչպե՞ս է եղել, որ դուք նրանց թույլ եք տվել ճաղերից անցնել։ Ի՞նչ քայլեր եք նախաձեռնում, որ այդ ճաղերը փոխարինվեն»,- ասաց նա։

Անդրադառնալով նախաձեռնության շրջանակում Արցախի համար նախատեսված օգնությանն ու նվերներին՝ Հայկ Բարսեղյանն ասաց, որ «Հիմնականում սնունդ է՝ կարտոֆիլ, գազար, թարմ ու պահածոյացված սնունդ ու խաղալիքներ՝ երեխաների համար։ Վերջում, երբ այդ ամեն ինչը մնացել էր՝ որոշում կայացվեց դրանք թողնելու Գորիսի այն հյուրանոցում, որտեղ հիմա գտնվում են մեր արցախցի բարեկամները»,- ասաց նա։

Այս առումով, հետագա գործողությունների մասով դեռևս որոշում կայացված չէ։ «Այսօր- վաղը տեսնենք՝ Արցախի ժողովուրդն ինչ է անում, ճանապարհը բացվի՝ նոր այդ ապրանքները կտեղափոխվեն։ Բայց այս պահին այն, ինչ հավաքվել է՝ այնտեղ է։ Ինչ վերաբերում է քանակին՝ այսպես ասեմ, 100-ից ավելի մեքենա կար, իսկ ֆիզիկապես՝ մարդիկ 200-ի չէին հասնում»,- ասաց Հայկ Բարսեղյանը։

Ըստ Oragir.News-ի զրուցակցի՝ այս փաստը ևս ազդեցություն ունեցել է բանակցություններ վարելու ընթացքի ու արդյունքի վրա։ «Այդ բանակցություն կոչվածը ուժի հիման վրա խոսակցություն է։ Հիմա, եթե հավաքվել է այդքան մարդ, ապա բնական է, որ նույն ռուսական կողմն իր հետախուզությամբ տեղյակ է, թե որքան մարդ է հավաքվել, ինչ ճնշում ու ինչ էմոցիաներ կան, ինչ վիճակ է՝ բանակցությունները կտանի ըստ դրա։ Եթե շատ լինեինք, գոնե 1000 կամ 10․000 հոգի լինեինք, ապա միանշանակ, ռուսներն այդ դեպքում այլ բան էին խոսելու»,- ասաց նա։

Ըստ նախաձեռնության անդամի՝ մեծաքանակ քաղաքացիների չմիանալու մի քանի պատճառ կար։ «Պատճառ մեկ՝ հեռու էր։ Պատճառ երկուս՝ երկուշաբթի էր։ Պատճառ երրորդ՝ Նոր տարի է ու մարդիկ ինչ-որ հավես չունեն։ Իրենց համար դա առաջնային խնդիր չէ։ Մեզ ոգևորում են, ասում են՝ լավ բան եք անում, բայց գետնին մտնեմ՝ դա մեզ պետք չէ։ Անկեղծ եմ ասում, ընդհանրապես հետաքրքիր չէ։ Բայց, համենայնդեպս, ինչի համար որ գնացել էինք, գոնե փաստն արձանագրել, դա կլիներ ճանապարհը բացվելու թե ինչ փաստ՝ մենք մաքսիմումն արել ենք, որ մեր մինչև վերջին հարցի պատասխանն ունենանք»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակն արդեն պետք է համաձայնեցվի նաև Արցախի մեր հայրենակիցների հետ։ «Որքանով տեղյակ եմ, կարող եմ և սխալվել, որովհետև ինֆորմացիան երեկվա է։ Գուցե որևէ բան փոխված լինի։ Բայց իրենք ցանկանում են գնալ օդանավակայան, որտեղ, որքան հասկանում եմ, գտնվում է պատասխանատու գեներալը, որի հետ ուզում են խոսել կամ շրջափակման ներքո վերցնել տարածքը»,- ասաց նա։

Հայկ Բարսեղյանը նաև հայտնեց, որ երեկ ռուսների հետ կայացած հանդիպման ժամանակ բարձրացրել են ավելի վաղ՝ Բերձորի միջանցքը բացելու մասին արված հայտարարության փաստը։ Ռուսները ժխտել են որևէ խոստման փաստ։ «Բանակցությունների ժամանակ մենք որպես հանգամանք ներկայացրինք, որ իրենք ամսի 26-ի համար խոստացել էին, որ ճանապարհը բացվելու է։ Բանակցությունների ժամանակ կանոններ կան, երբ մի կողմը խոսում է մյուսը սպասում է իր հերթին՝ արձագանքելու համար։ Ռուսական կողմը, միայն այդ դեպքում, մեզ միանգամից ընդհատեց ու ասաց, որ իրենք այդպիսի խոստում չեն տվել։ Ասացին, որ իրենք միայն ասել են, որ ամսի 26-ին պարզ կդառնա»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Հայկի խոսքով՝ իրենք մշտական կապ են պահմանում Արցախի հայրենակիցների հետ՝ հնարավոր գործընթացները լիարժեքորեն համաձայնեցնելով միմյանց հետ։