Երևան +12°
copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 18:25 23-12-2022

Այս հոգեշահ գրվածքները կօգնեն ինքնաճանաչողությանը, և հաղորդ կդառնանք ճշմարիտ հավատքին, իրական արժեքներին․ Հայր Զաքարիա

Սպասված այս նոր գիրքն իրականում շուրջ 10 տարիների աշխատանքի արդյունք է։ Լիահույս ենք, որ հաջորդ տարի կհրատարակենք Կիրակոս Երզնկացու ամբողջ մատենագրությունը՝ նրա բոլոր երկերի քննական բնագրերի ծավալուն ուսումնասիրությամբ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ խոսելով նոր աշխատության տպագրության մասին։

Oragir.News-ը, շնորհավորելով հերթական գրքի տպագրության առիթով, աշխատության մասին զրուցել է հեղինակի հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտխորհրդի որոշմամբ լույս տեսավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու երկերի լուծմունքները» նոր աշխատությունը։

«Կիրակոս րաբունապետը 13-14-րդ դարերի մեր նշանավոր րաբունապետներից է, Եսայի Նչեցու աշակերտը՝ աստվածաբան, մեկնիչ, փիլիսոփա, շարականագիր, տաղասաց, մանկավարժ, տոմարագետ։ Նա մեկնել է նաև 4-րդ դարի ճգնակյաց աստվածաբան, խորհրդապաշտ Ս․ Եվագր Պոնտացու «Ութ խորհուրդների մասին» և «Վեց հարյուրակներ» աշխատությունները։ Երբ 6-րդ դարում Ս․ Եվագրը դատապարտվեց ոչ ուղղափառ հայացքների համար, նրա որոշ երկեր ոչնչացվեցին, խմբագրվեցին և սկսեցին շրջանառվել այլ հեղինակների անվամբ։ Ուստի նրա գործերը հիմնականում ամբողջությամբ պահպանվել են ասորական և հայկական ավանդության մեջ։ Նրա աշխատությունները ոչ միայն դասավանդվել են միջնադարյան հայկական վարդապետարաններում, այլև դարձել ներշնչման աղբյուր մեր նշանավոր վարդապետների համար։ Հետաքրքիր է, որ նրա հիմնական աշխատությունը՝ «Վեց հարյուրակներ»-ն ամբողջությամբ մեզ է հասել հայերեն, արաբերեն և ասորերեն երկու թարգմանությամբ։ Եթե ասորական մատենագրության մեջ պահպանվել է այս երկի երկու լուծմունք-մեկնություն, ապա Կիրակոսինը միակն է հայ իրականության մեջ։ Հետևաբար այս աշխատության հրատարակությունը կարևոր է ոչ միայն հոգեմտավոր մեր ժառանգության ամբողջացման տեսանկյունից, այլև ընդհանրապես եվագրագիտության համար։ Բացի այդ, գրքում առաջին անգամ տրվում է Կիրակոս Երզնկացու կյանքի, գործունեության և մատենագրական վաստակի ամբողջական պատկերը, անդրադարձ կատարվում Ս․ Եվագրի կյանքին, նրա երկերի հայերեն թարգմանությունների հանգամանքներին, ութ խորհուրդների արևելյան և արևմտյան տեսություններին, հայկական ավանդության մեջ դրանց ընկալմանը, լուծմունքների գրության շարժառիթներին՝ առանձնաբար վերլուծելով նաև հեղինակի աստվածաբանական, մարդաբանական, բարոյախրատական և խորհրդապաշտական հայացքները», - ասաց Հայր Զաքարիան։



Անդրադառնալով, թե որոնք են ութ խորհուրդները, քանի որ հոգևոր կյանքում ավելի շատ խոսվում է յոթ մահացու մեղքերի մասին, Հայր Սուրբն ասաց․ «Ս․ Եվագր Պոնտացին եգիպտական անապատի ամենակրթյալ վանականն էր, որ ճգնակեցության, աղոթական հարատև կյանքի և սատանայի դեմ պայքարելու հարուստ փորձառություն ուներ։ Նա կարծում էր, որ փրկության հասնելու համար վանականը պետք է ազատվեր ութ խորհուրդներից՝ մեղքերից, այսինքն՝ որկորստությունից, պոռնկությունից, արծաթսիրությունից, տրտմությունից, բարկությունից, ձանձրությունից, սնափառությունից և ամբարտավանությունից։ Արևմուտքում 6-7-րդ դարերում այս համակարգին զուգահեռ գործածվում է նաև յոթ մեղքերինը, քանի որ տրտմությունը և ձանձրությունը մեկ մեղք համարվեց, սնափառությունը միացվեց ամբարտավանությանը և ավելացավ նախանձը։ Հայկական ավանդության մեջ մեղքերի դասակարգման յոթ և ութ համակարգերը կենցաղավարել են միասնաբար։ Ի տարբերություն Ս․ Եվագրի՝ Կիրակոսի մեկնություն-բացատրությունն ուղղված է ոչ միայն վանականներին, այլև պարզ քրիստոնյային, որը ցանկանում է պայքարել մեղքերի դեմ և հոգևոր պատերազմից հաղթանակած դուրս գալ։ Իբրև հոգևոր հայր՝ Կիրակոսը բացատրում է յուրաքանչյուր խորհրդի վնասները, խրատում, քանզի ցանկանում է իր զավակին մեղքերից սրբված տեսնել։ Նա ամեն խորհրդին կամ մեղքին հակադրում է որևէ առաքինություն։ Օր․՝ հորդորում է որովայնամոլության դեմ պայքարել պահեցողությամբ և ժուժկալությամբ, զանազանում շնության երկու տեսակ՝ մարմնավոր և հոգևոր, դատապարտում միասեռականության տարբեր դրսևորումները, խոսում բարի նախանձի և մյուս խորհուրդների մասին՝ իր մտածումները հաստատելով աստվածաշնչյան խոսքերով և կենդանի օրինակներով։ Նրա գրվածքներում միշտ հույս և լույս կա, որն օգնում է մարդուն կանգնել ընկած վիճակից և առավել մոտենալ Աստծուն»։

Խոսելով մեր օրերում նմանատիպ աշխատության հրատարակության կարևորության մասին՝ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց․ «Ի դեմս Կիրակոս Երզնկացու՝ մեր աչքի առաջ հառնում է հայրենապաշտ, աստվածասեր, ուղղափառ դավանությանը ջատագով, նախանձախնդիր մի հոգևորական, որի ողջ կյանքն անմնացորդ նվիրում էր Աստծուն, Հայոց Եկեղեցուն, մեր ազգին, մշակույթին և հատկապես կրթադաստիարակչական առաքելությանը։ Գաղտնիքն էլ շատ պարզ է․ նա զորություն էր ստանում Աստծո խոսքից, աղոթական կանոնավոր կյանքից և հայոց հողից։ Կիրակոսն ու ժամանակի մեր մյուս վարդապետները շարունակում էին Ս․ Թարգմանչած շարժման լավագույն ավանդները՝ ունենալով հստակ ծրագիր և նպատակ՝ մարդկանց փրկության առաջնորդելու, մեր ազգային-քրիստոնեական ինքնությունն ու բարոյական արժեհամակարգը պահպանելու համար։ Այսօր մեր մեջ այս տեսակն է պակասել, ասես խզում է առաջացել մեր ու նրանց միջև։ Ուստի մեր վարդապետների հոգեշահ գրվածքների հրատարակությունները կօգնեն ինքնաճանաչողությանը, հաղորդ կդառնանք ճշմարիտ հավատքին և իրական արժեքներին»։