Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:08 23-12-2022

Եթե բանակցային գործընթացն առկախվի Արցախի ինքնորոշման մոտեցումներին համապատասխան, կունենանք դրական զարգացում. Մինասյան

Եթե այս իշխանությունը դրսևորեր վարքագիծ, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում չեն կարող տեղի ունենալ բանակցություններ, մենք այսօրվան չէինք հասնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հետաձգել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը՝ կապված Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշում եք, իրենք մի ժամաակ ասում էին՝ քանի դեռ ադրբեջանական զորքը դուրս չի եկել Հայաստանի տարածքներից, մենք չենք կարող առաջ գնալ: Եթե իրենք այդ թեզը կարողանային պահել, եթե դա լիներ իրենց համոզմունքը, ապա ես կարծում եմ՝ այսօրվան չէինք հասնի: Բայց իրենք հետևողականորեն անընդհատ զիջելով, անընդհատ գլուխները խոնարհելով, կեղծ խաղաղասիրության մասին խոսելով, բերել հասցրել են այնտեղ, որ Ադրբեջանը փաստացի իրականացնում է ցեղասպանությանն ուղղված գործողություն եւ ՀՀ իշխանությունը չի կարողանում դրան պատասխանել: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի շարունակություն կամ վերականգնում կարող է տեղի ունենալ այն ձևաչափի շրջանակում, որը ժամանակին 24-25 տարի եղել են որպես ԼՂ խնդրի կարգավորման բանաձևը։ Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երաշխավորված երեք սկզբունքներն են: Հիմա այս երեք երկրների բացակայության պայմաններում ինչպե՞ս ես դու համարձակվում գնալ, բանակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները պատասխանատու են այս վիճակի համար. «Նրանք պետք է ներգրավվեն: Առաջին պատասխանատուն անշուշտ, արցախահայության համար Հայաստանն է, որովհետև մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը Հայաստանի սրբագույն պարտականությունն է: Եթե ՀՀ իշխանությունը շարժվեր այդ մոտեցումով, մենք կունենայինք ավելի արժանապատիվ վիճակ, իշխանությունները կունենային ավելի վստահ կեցվածք, այլ ոչ թե վախվորած, խնդրողի, մուրացկանի վիճակ: Եթե բանակցային գործընթացն առկախվի իմ կողմից մատնանշված միջազգային արդեն իսկ նախկինում ներկայացված մոտեցումներին համապատասխան, մենք կունենանք դրական զարգացում: Հակառակ պարագայում, եթե հիմնավորումն այն է, որ մենք առաջարկություններ ենք ներկայացրել, թող դրանք քննարկեն, նոր խոսենք բանակցությունների մասին, սա էլի հերթական վախվորած պահվածքը կդիտվի»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չկայանալու վերաբերյալ Երևանի և Մոսկվայի մեկնաբանությունները տարբերվում են, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում մեկ սեղանի շուրջ նստել, բայց դա չպետք է ստվերի Արցախի խնդրի կարգավորման ոլորտում Ռուսաստանի տանձնած պարտավորությունների կատարումը:

Բայց դրան պետք է օժանդակի Հայաստանը, ոչ թե մտնի հակասության մեջ: Ռուսաստանի եւ Հայաստանի իրարից տարբերվող տեսակետները վկայությունն են այն մասին, որ պաշտոնական Երեւանը չի աշխատում ՌԴ-ի հետհավուր պատշաճ մակարդակի վրա, որ կարողանանք մենք ունենալ ՌԴ-ի լիարժեք ներգրավվածություն անվտանգության եւ ինքնորոշված Արցախի իրավունքների պաշտպանության հարցերում:
Եթե ՀՀ իշխանությունը շարունակելու է նման վարքագիծը, դա խոսում է այն մասին, որ հերթական անգամ ՀՀ-ն հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում: Սրա հետեւանքը լինելու է ծանր»: